Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները 428 կանչի են արձագանքել

Փրկարարները 428 կանչի են արձագանքել

183
Տարածել

2023 թվականի մայիսի 15-21-ը ժամանակահատվածում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 428 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Անցած շաբաթ գրանցվել է 47 հրդեհ: Այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 24 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ փրկարարները 184 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 90-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Նոր նորք, Էրեբունի, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Արմավիրում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում եւ փակ այլ տարածքներում օձ նկատելու վերաբերյալ 25 կանչ է ստացվել: 14 դեպքում փրկարարները հայտնաբերել եւ բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք: Տարբեր վայրերում, տարբեր պատճառներով արգելափակված մեքենաների վերաբերյալ 11 կանչ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները ազատել են  մեքենաները, անվտանգ տարածք է տեղափոխվել 18 մարդ:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Որոնողական աշխատանքները Սեւանա լճում», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը հատուկ դպրոցում», «Հրդեհաշիջում, տարհանում եւ առաջին բուժօգնության կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջման աշխատանք­ների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Օդային հարձակման դեպքում վարվելակերպի կանոնները եւ առաջացած հրդեհի հրդեհաշիջման ու փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը», «Ազդարարում, տարհանում եւ պատսպարում», «Հրդեհաշիջումը բնակելի շենքի նկուղում», «Հիվանդների պաշտպա­նության միջոցառումների կազմակերպումը հրդեհի դեպքում», «Սողանքների ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը», «Ատոմակայանի ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Հրդեհաշիջում մանկապարտեզի պահեստում բռնկված հրդեհի ժամանակ», «Երկրաշարժի ժամանակ մասնակի փլուզում, դրա հետեւանքով առաջացած հրդեհ եւ փլատակներում հայտնված տուժածի դուրս բերում», «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում», «Հրդեհաշիջումը բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում» եւ այլ թեմաներով դասախոսություններ, ուսումնավարժություններ եւ գործնական պարապմունքներ: