Գլխավոր ՀՀ ՆԳՆ Նախագիծ. Որ ունենանք ԱՌԿ պլանների միատեսակ կառուցվածք

Նախագիծ. Որ ունենանք ԱՌԿ պլանների միատեսակ կառուցվածք

1458
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մարզերի, համայնքների եւ կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու եւ մշակելու մասին» կառավարության որոշման նախագիծ:

ԱԻՆ-ում վստահ են, որ մարզի եւ համայնքի ղեկավարները, տեղական ինքնակառավարման մարմինները, որոշում ընդունողները պետք է պարբերաբար զբաղվեն թե տեխնածին, թե բնական աղետների ռիսկերի հարցերով: Աղետներին առաջինն արձագանքում են հենց տեղական իշխանությունները եւ երբեմն ստիպված են լինում ստանձնել պատասխանատվություններ` չունենալով անհրաժեշտ միջոցներ: Եվ քանի որ, արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմնին ժամանակ է պետք փրկարարական եւ հրդեհաշիջման գործողություններ կազմակերպելու համար, անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մարզ, համայնք եւ կազմակերպություն ապահովի իր անվտանգությունը: «Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձեւավորմանը եւ զարգացմանը, բնական եւ տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության եւ կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության եւ դիմակայման մշակույթի ձեւավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության եւ վնասվածքների նվազեցման, համայնքի եւ բնակչության ունեցվածքի պահպանման», — նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի ընդունման դեպքում բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները կդառնան դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին եւ առողջությանը, երկրի տնտեսությանը սպառնացող վտանգները` ձեւավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի եւ երկրի կայուն զարգացման համար:

«Մարզերի, համայնքների եւ կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու եւ մշակելու մասին» նախագծով առաջարկվում է պլանը բաժանել հետեւյալ բաժինների.

. Ընդհանուր նկարագիր

. Աղետների ռիսկի կառավարման համակարգ

. Աղետների ռիսկի նվազեցում (վտանգների, խոցելիության, բացասական հետեւանքների, աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումների եւ կարողությունների նկարագրություն)

. Արտակարգ իրավիճակներում գործողությունների կազմակերպում եւ իրականացում, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացում, բնականոն գործունեության ապահովում

. Աղետների ռիսկի կառավարման պլանի հավելվածներ (քարտեզներ, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների տարեկան պլան-ժամանակացույց, ազդարարման սխեմա, տարհանման պլան, ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների եւ այլն)

Աղետների ռիսկի կառավարման պլանի կառուցվածքին կարող են ավելանալ բացահայտման, գնահատման եւ այլ գործիքներ` հաշվի առնելով մարզերի, համայնքների եւ կազմակերպությունների առանձնահատկություններն աղետների ռիսկի կառավարման գործում:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ