Գլխավոր Միջոցառումներ Առաջին օգնության մրցույթ սահմանամերձ համայնքներում

Առաջին օգնության մրցույթ սահմանամերձ համայնքներում

1631
Տարածել

Հայկական Կարմիր խաչի ընկերության, Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եռակողմ համագործակցության շրջանակում   2017 թվականին Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքում գործող ԱԻՆ քաղպաշտպանության թիմերի հետ  անցկացվեցին առաջին օգնության դասընթացներ եւ ամփոփիչ մրցումներ։

Նույնը արվեց նաեւ այս տարվա նոյեմբերի 9-ին։ Համապատասխան դասընթացներից հետո Տավուշի Ազատամուտ, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Կոթի, Սարիգյուղ, Ոսկեվան, Բերդավան, Այգեպար եւ Չորաթան համայնքների մասնակիցները կրկին պայքարեցին լավագույնի կոչման համար։ Հաղթող ճանաչվեց Մովսես համայնքի քաղպաշտպանության թիմը, իսկ Պառավաքարն ու Չորաթանը համապատասխանաբար զբաղեցրին մյուս մրցանակային տեղերը։

«Լավագույն թիմի ավագ» անվանակարգում առաջատար էին Ռոման Զոհրաբյանը՝ Պառավաքարի, Արարատ Մելիքյանը՝ Ոսկեվանի թիմերից։ Իսկ Մովսես եւ Չորաթան համայնքներից Հովհաննես Ադամյանն ու Արարատ Մանգասարյանը կիսեցին  «Լավագույն առաջին օգնող» անվանակարգը։ Առանձին պարգեւատրում էր սահմանվել նաեւ տուժածի դերը լավագույնս նմանակող մասնակցի համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական եւ լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանի խոսքով՝ ծրագրի համար ընտրված համայնքները խոցելի են թե՛ սահմանային ռազմական գործողությունների, թե՛ շտապօգնության մեքենաների անհասանելիության առումով։ Այդ պատճառով որպես թիրախ է ընտրվել հենց Տավուշի մարզը, թեպետ կազմակերպությունն առաջին օգնության դասընթացներ անցկացնում է նաեւ մյուս մարզերի սահմանամերձ համայնքների բնակչության հետ։

«Մրցույթը, կարծես, ստուգատես լինի, որը մասնակիցներին ստիպում է անընդհատ թարմացնել գիտելիքը։ Ստեղծվել էին մի քանի կայաններ, որտեղ խաղարկվեցին տարբեր արտակարգ իրավիճակներ։ Թիմերը ցուցադրեցին՝ ինչպես օգնել վթարի պատճառով ներքին արյունահոսություն, կոտրվածք եւ այրվածք ունեցող տուժածներին, կատարեցին սրտանոթային վերակենդանացում եւ այլն։ Հրահանգիչներն առաջին հերթին գնահատեցին գրագետ մոտեցումը»,- ասաց կազմակերպության ներկայացուցիչը։

Համատեղ ծրագրերն այսքանով չեն ավարտվում։ Վերոնշյալ 11 համայնքների դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները առաջին օգնության եւ անվտանգ ապրելակերպի կանոնների վերաբերյալ դասընթացների են մասնակցել, իսկ ԱԻՆ քաղպաշտպանության թիմերից երկուական անդամ հնարավորություն կունենան այս ամսվա ընթացքում վերապատրաստվել եւ դառնալ առաջին օգնության մասնագետ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ