Գլխավոր Միջոցառումներ Հայաստանը կմասնակցի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին

Հայաստանը կմասնակցի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումին

568
Տարածել

Նոյեմբերի 21-23-ը Իտալիայի մայրաքաղաքում տեղի կունենա Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումը: Կարգախոսն է. «Նվազեցնենք աղետների ռիսկը՝ ապահովենք Եվրոպայի բարգավաճումը»:

Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող Մարգարիտա Հակոբյանից տեղեկացանք, որ եվրոպական այս ֆորումին կմասնակցի նաեւ Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանի գլխավորությամբ: Պատվիկրակության կազմում են նաեւ Մարգարիտա Հակոբյանը, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը:

Եվրոպական ֆորումում Հայաստանը ներկայացնելու է այս տարվա հունիսի 26-ին եւ 27-ին Երեւանում անցկացված Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային երկրորդ պլատֆորմի արդյունքները:

Ըստ նախնական օրակարգի, Հռոմում գումարվելու է մոտ երկու տասնյակ աշխատանքային նիստ, որտեղ քննարկվելու է մոտ նույնքան հարց. «Աղետների ռիսկի նվազեցման կայուն ֆինանսավորում», «Հաշիվ է ամեն կյանք. Աղետների ռիսկի նվազեցման հնարավորություններ՝ հիմնված հավասարության վրա», «Հասցեական կայունություն կլիմայական փոփոխությունների պայմաններում», «Մարդածին եւ տեխնոլոգիական ռիսկեր», «Աղետների ռիսկի նվազեցման տեղական եւ ազգային ռազմավարություններ» եւ այլն:

Աղետների ռիսկի նվազեցման միջազգային հավաքներում Հայաստանը հայտարարել է, որ պատրաստ է 2020 թվականին ընդունել Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական պլատֆորմը: Այս պատրաստակամության մասին մեր պատվիրակները եւս մեկ անգամ կհայտարարեն Հռոմում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ