Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ. Մարզերում հրշեջ-հիդրանտների հարցը հրատապ է (լուսանկարներ)

Վարժանքներ. Մարզերում հրշեջ-հիդրանտների հարցը հրատապ է (լուսանկարներ)

959
Տարածել

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են վարժանքներ կազմակերպել առեւտրի կենտրոններում, ժամանցի եւ մարդկանց կուտակման այլ վայրերում: Մայիսի 21-24-ը հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով վարժանքներ են անցկացվել մի շարք մարզային կրթօջախներում՝ Ապարանի ավագ եւ Աշտարակի թիվ 2 հիմնական դպրոցներում, Թալինի մշակույթի տանը, այլուր։

Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սեւակ Ֆահրադյանի հաղորդմամբ՝ փրկարարները մարել են 560 անձի համար նախատեսված դահլիճի փայտաշեն բեմի եւ եռաշերտ վարագույրների պայմանական հրդեհը եւ աշխատակիցներին ներկայացրել էլեկտրական վահանակների հետ անվտանգ աշխատանքը, տարհանման ուղիները։ Մշակույթի տունն ակտիվ է միայն տաք եղանակին, ձմռանը խմբակները փակվում են։ «Սուղ ֆինանսական միջոցների պատճառով կառույցը չունի առաջնային հրդեհաշիջման միջոցներ, այդուհանդերձ դահլիճի երկու տարհանման  ելքերը մշտապես բաց են, ինչը թույլ կտա մեծ թվով մարդկանց անմիջապես անվտանգ վայր տեղափոխել»,- ասաց հրամանատարը։

Թալինում գործում է չորս հրշեջ-հիդրանտ, որոնցից մեկը հարակից է մշակույթի տանը, իսկ ջոկատի սպասարկման տարածքում 40 գյուղ: Լինում են դեպքեր, երբ գյուղում հրդեհաշիջման մեկնած խումբը մեքենան ջրով լիցքավորելու համար ստիպված է Թալին վերադառնալ։ Արմավիր-Գյումրի մայրուղու երկայնքով տեղակայված համայնքներում հրդեհների ժամանակ ջրի աղբյուր են արտեզյան ոռոգելի ջրերը։

Ճամբարակի քաղաքապետարանում անցկացված վարժանքը տարհանման եւ հրդեհաշիջման թեմայով էր։ Ճամբարակի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Միշա Մուժիկյանը նշեց՝ սահմանամերձ համայնքի ղեկավարությունը կարեւորում է կառույցի անվտանգությունը առկա են առաջնային հրդեհաշիջման միջոցներ, ներքին հակահրդեհային ջրացանց։ Մշտապես ուշադրության կենտրոնում է որպես թաքստոց ծառայող բնակելի շենքերի նկուղների բարեկարգումը։ Ըստ ուսումնավարժության պլանի՝ հրդեհ էր բռնկվել քաղաքապետարանի առաջին հարկի տնտեսական սենյակում էլեկտրական լարերի կարճ միացման հետեւանքով, ծուխը տարածվում էր եռահարկ շենքում։ Աշխատակիցներից մեկը տարհանվելիս սայթաքել եւ վնասել էր ոտքը։ Հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Արթուր Այունցի գլխավորությամբ փրկարարները տուժածին պատգարակով անվտանգ վայր են դուրս բերել, ցուցաբերել առաջին օգնություն։

Միշա Մուժիկյանի համար կարեւոր էր քաղաքապետարանի քաղպաշտպանական կառույցների ակտիվությունը, համատեղ աշխատելու պատրաստակամությունը։

Վարդենիսի տոնավաճառում անցկացված վարժանքի ժամանակ փրկարարները բարձրախոսով հաղորդագրություն էին տարածել երկրորդ տաղավարի միջնամասում պայմանական հրդեհի մասին, հորդորել ներկաներին դուրս գալ տարածքից եւ ճանապարհ տալ հրշեջ-մեքենային։ Վարդենիսի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Մնացական Փոստոյանի դիտարկմամբ՝ շուկայի առեւտրականներն ու այցելուները կարողացել էին միանգամից կողմնորոշվել, խուճապի չմատնվել։  Բացօթյա տոնավաճառը մոտ մեկ հեկտար տարածքում է, 12 շարքով տաղավարները միմյանցից սահմանազատված են կտորով եւ պոլիէթիլենային տոպրակներով հրդեհավտանգ են հագուստն ու գորգերը։  

Մայրաքաղաքի մի շարք օբյեկտներում այս օրերին նույնպես վարժանքներ են անցկացվել։ Պաղպաղակի եւ կաթի արտադրությամբ զբաղվող «Երեւան-Կաթ» գործարանում, ըստ պլանի, կատարվել է ազդարարում, աշխատակիցների տարհանում, երկու տուժածի դուրսբերում անվտանգ գոտի։ Երեւանի փրկարարական վարչության Աջափնյակ բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության հարցերով հրահանգիչ, փ/ծ ավագ լեյտենանտ Արտյոմ Վելյանի խոսքով՝ քիմիական վտանգավոր օբյեկտ համարվող կառույցի տեխհագեցվածությունն ամբողջական չէր, միայն կրակմարիչներ եւ բուժկետ՝ համապատասխան մասնագետով եւ դեղորայքով։ Աշխատակիցները տիրապետում են աշխատանքի անվտանգության նորմերին։ «Գործարանն ամեն տարի փորձաքննություն է անցնում, քանի որ մոտ 1600 կգ ամոնիակի լուծույթով աշխատող սառնարանային համակարգ ունի։  Առաջիկայում այն փոխարինվելու է ֆրեոնային սառնարանով, ինչն առավել անվտանգ է»,- ասաց հրահանգիչը՝ հավելելով, որ օբյեկտը բնակելի հատվածից մոտ 1,5 կմ հեռավորության վրա է, շուրջբոլորը կան այլ արտադրամասեր։ Ընկերության ղեկավարությանը խորհուրդ է տրվել առաջին հերթին ձեռք բերել շնչադիմակներ եւ պատգարակներ։

Երեւանի թիվ 52 մանկապարտեզի կազմավորումներն իրականացրին «Հրդեհի դեպքում սաների տարհանման կազմակերպումը» թեմայով վարժանք։ Միջոցառմանը ակտիվ մասնակցել են հենց երեխաները՝ հանդես գալով տուժածի, բուժաշխատողի, հրշեջ-փրկարարի դերում։ ԵՓՎ Ավան բաժնի արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության հարցերով ավագ հրահանգիչ, փ/ծ մայոր Աստղիկ Քամալյանը հպարտացավ, որ մանկապարտեզում բազմաթիվ վարժանքների շնորհիվ տարեցտարի կրճատվում է տարհանման ժամանակը։ Յուրաքանչյուր խումբ շենքից դուրս էր եկել իր համար նախատեսված ելքով։

Վարժանքներ են իրականացվել նաեւ թիվ 88 հիմնական դպրոցում, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի պետական համույթի շենքում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ