Գլխավոր Նորություններ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ՝ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

675
Տարածել

Այս տարվա հունիսի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունը, Հայկական կարմիր խաչի ընկերությունը և Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018 թվականների համագործակցության» եռակողմ համաձայնագիր ստորագրեցին, որի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Օգոստոս-սեպտեմբեր հատվածում անցկացվեցին առաջին օգնության դասընթացներ, իսկ նոյեմբերի 11-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ԱԻՆ քաղպաշտպանության ստորաբաժանման տարածքում կազմակերպվեց տեսական գիտելիքը գործնական վարժության ձևափոխելու առաջին փորձը՝ առաջին օգնության մրցույթը Տավուշի մարզի սահմանամերձ 10 համայնքի (Ազատամուտ, Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Պառավաքար, Կոթի, Սարիգյուղ, Ոսկևան, Բերդավան, Այգեպար) քաղպաշտպանության թիմերի միջև: Մրցույթին մասնակցեց 205 մարդ: «Մրցումը հնարավորություն է իրականին մոտ պայմաններում կիրառել և ստուգել դասընթացների ժամանակ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները»,- վստահ են ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունում:

Մրցույթում հաղթել է Ոսկեվանի թիմը, երկրորդը Պառավաքարն էր, երրորդը՝ Բերդավանը: Այլ անվանակարգեր էլ կային.

  1. Լավագույն թիմի ավագ. Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության (ՀՕՊ) ջոկատի Բերդավանի ՀՕՊ խմբի անդամ Վասպուր Մեհրաբյան,
  2. Լավագույն առաջին օգնող. Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության (ՀՕՊ) ջոկատի Այգեպարի ՀՕՊ խմբի անդամ Գևորգ Մելիքբեկյան,
  3. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գիտելիքների լավագույն տիրապետող. Ազատամուտի թիմ:

Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և նվերներով:

«Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018 թվականների համագործակցության» համաձայնագրով նախատեսվում են վերապատրաստման դասընթացներ նաև համայնքների մանկապարտեզների և դպրոցների մանկավարժների համար, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ