Գլխավոր Վերլուծություն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածի արտակարգ դեպքերը

2018 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածի արտակարգ դեպքերը

450
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածում հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2018 թվականի առաջին 9 ամսում փրկարարները 18 522 ելք են իրականացրել (2017 թվականի առաջին 9 ամսում՝ 18048 ելք, 2016 թվականի առաջին 9 ամսում՝ 15 439 ելք): 8669 ելքով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 6043՝ կենցաղային կանչ, 913՝ կեղծ ահազանգ, 2897՝ այլ դեպք: Հաշվետու ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը ռեկորդային է վերջին տասը տարիների կտրվածքով:

Այս արտակարգ դեպքերից ու պատահարներից զոհվել է 287 մարդ՝ 48 կին, 15 երեխա, տուժել՝ 8261 մարդ՝ 2252 կին, 1381 երեխա: Թե 2016, թե 2017 թվականների համեմատ աճել են թե զոհերի, թե տուժածների քանակները: Ինչպես եւ նախորդ երկու տարում, զոհերի եւ տուժածների մեծ մասը ճանապարհատրանսպորտային պատահարների՝ ՃՏՊ, արդյունքում է: 2018 թվականի առաջին 9 ամսում փրկարարները 201 մարդու կյանք են փրկել, (2017 թվականի առաջին 9 ամսում՝ 221 մարդ):

Նախորդ տարիների համեմատ չի փոխվել արտակարգ դեպքերի տեսակային պատկերը. առավելապես հրդեհներ, թունավորումներ, ՃՏՊ-ներ:

Հրդեհ

2018 թվականի ինն ամսում հանրապետությունում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 6910 ահազանգ (2017 թվականի 9 ամսում՝ 6127, 2016 թվականի 9 ամսում՝ 4647 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 5478 դեպքում (2017 թվականի 9 ամսում՝ 4771, 2016 թվականի 9 ամսում՝ 3706 դեպք): Հրդեհներից զոհվել է 8, տուժել՝ 25 մարդ: 2016 եւ 2017 թվականների համեմատ զոհերի քանակն աճել է, տուժածների քանակը՝ նվազել: Հրդեհները պատճառել են 786,8 միլիոն դրամի վնաս, որից 613 միլիոնը՝ 57 խոշոր հրդեհից է: 704 դեպքում ահազանգը կեղծ է եղել, 724 դեպքում հրդեհը մարել են բնակիչներն ու ականատեսները՝ մինչ հրշեջ-փրկարարների ժամանումը, 122 դեպքում հրդեհն ինքնամարվել է:

Ինչպես անցյալում, այս տարի էլ առավելագույն քանակով հրդեհներ գրանցվել են ամռանը՝ հուլիսին եւ օգոստոսին:

Երեւանում գրանցվել է 2184 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Կոտայքում՝ 1181, ամենաքիչը Վայոց ձորում՝ 136:

Հրդեհների առաջացման հիմնական պատճառներն են. կրակի հետ անզգույշ վարմունք՝ 1543, հրկիզում՝ 28, էլեկտրական սարքավորումների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում՝ 319, վառարանների տեղակայման եւ շահագործման կանոնների խախտում՝ 32, երեխաների խաղը կրակի հետ՝ 98 եւ այլն:

Այրվել են առավելապես բուսածածկ տարածքներ՝ 3141: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 765, առանձնատներ՝ 411, բնակելի շենքեր՝ 266, տրանսպորտային միջոցներ՝ 220, կրպակ-տնակ-ավտոտնակ՝ 166, անասնակեր՝ 28 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի ինն ամսում հանրապետությունում գրանցվել է 2923 ՃՏՊ, զոհվել է 245, տուժել՝ 4278 մարդ: 2016 եւ 2017 թվականների համեմատ ՃՏՊ-ների, զոհերի եւ տուժածների քանակներն աճել են:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 3569 թունավորում, զոհվել 21, տուժել՝ 3822 մարդ: 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են թունավորման դեպքերի, դրանցից զոհվածների ու տուժածների թվաքանակները: Ամենաշատ թունավորում գրանցվել է մայրաքաղաքում՝ 2545: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել է Արմավիրում՝ 351, ամենաքիչը՝ Սյունիքում եւ Վայոց ձորում՝ 13-ական:

Թունավորման հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 1118, դեղորայք՝ 870, քիմիական նյութեր՝ 527, սննդամթերք՝ 208, շմոլ գազ՝ 145, բնական գազ՝ 62 եւ այլն:

Այլ դեպքեր

2018 թվականի հունվար-սեպտեմբեր հատվածում հանրապետությունում գրանցվել է 82 փլուզում, 45 ուժեղ կարկուտ, 35 երկրաշարժ, 30 ուժեղ քամի, 29 քարաթափում, վայրի կենդանիների 28 հարձակում, 18 պայթյուն, 14 մերկասառույց, 10 տեղատարափ անձրեւ, 6 կայծակ, ուժեղ ներքործող քիմիական նյութերի մեկ արտանետում եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ