Գլխավոր Իմացիր ԵՎ օգնիր Ամռան տապին դիմանալու համար

Ամռան տապին դիմանալու համար

1109
Տարածել

Ամառային շոգը բերում է առողջությանը սպառնացող ռիսկեր: Վիճակագրության համաձայն, շոգից վատանում է սիրտ-անոթային հիվանդություններով տառապող մարդկանց առողջական վիճակը: Շոգից լայնանում են արյունատար անոթները, ճնշումն իջնում է, արյան շրջանառությունը՝ դանդաղում, արյունը մածուցիկանում է, դժվարանում է շրջանառությունը արյունատար անոթներում, տրոմբագոյացման ռիսկերը մեծանում են: Ու այս ամենի հետեւանքը՝ ինֆարկտ եւ ինսուլտ: Մասնագետները խստագույնս հորդորում են սիրտ-անոթային արատներ ունեցող մարդկանց տարվա շոգ շրջանում մշտական կապի մեջ լինել բժիշկների հետ: Եթե զգում եք, որ արյան ճնշումն իջել է, խմեք աղի հեղուկ: Ամռանը մեր օրգանիզմը պետք է ամեն օր ստանա 2-5 լիտր հեղուկ, օրական առնվազն 3 լիտր հեղուկ խմեք, մի վախեցեք գիրանալուց, հեղուկը խմեք փոքր չափաբաժիններով եւ անկախ նրանից ծարավ եք, թե ոչ: Հիշեք. ջրազրկվելու հետեւանքով կարող են առաջանալ գլխացավ, սրտխառնոց, թուլություն: Սրանք նաեւ նախանշան են, որ ջրազրկման ռիսկ կա, հարկ է հեղուկ օգտագործել: Հեղուկի պակասից օրգանիզմը էներգիա է կորցնում սովորականից մեծ արագությամբ: Էներգիայի պաշար հավաքելու միջոցը սնվելն է: Ամռանն օգտագործեք դյուրամարս, թեթեւ սնունդ: Սնվեք կանոնավոր եւ լիարժեք: Թեթեւ սննդի պարագայում մեծապես նվազում է գիրանալու, ավելցուկային քաշ հավաքելու ռիսկը: Իսկ գեր՝ ճարպակալած մարդիկ ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով: Հնարավորինս խուսափեք օրվա ամենաշոգ ժամերին՝ կեսօրին, բաց օդում, արեւի տակ գտնվելուց, հագնվեք եղանակին համապատասխան: