Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները գտել են մոլորված երեխաներին

Փրկարարները գտել են մոլորված երեխաներին

736
Տարածել

Անցած շաբաթ  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ ավելի քան 500 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Բարձր ջերմաստիճանով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը: Գրանցվել է ավելի քան 150 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Համայնքամերձ բուսածածկ տարածքների հրդեհների ժամանակ հրշեջ-փրկարարներին օգնել են հարակից համայնքների բնակիչները, մոտակայքում տեղակայված զորամասի զինծառայողները, կոմունալ ծառայությունների աշխատակիցները:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 100 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երեւանի Ավան, Արաբկիր, Կենտրոն, Նոր Նորք, Նորք Մարաշ, Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների, Շիրակի և Լոռու մարզերի փրկարարները: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք:  15 օձ է հայտնաբերվել եւ տեղափոխվել անվտանգ տարածք: Տարբեր տարածքներում արգելափակված մեքենաներ են դուրս բերվել երթեւեկելի հատված:

Այլ կանչեր:

Շենգավիթի փրկարարները ահազանգ են ստացել, որ Ս․Տարոնցի փողոցի բակերից մեկում զրուցարան-տաղավարի տանիքին օձ կա։ Պարզվել է, որ տանիքին խաղալիք է դրված, որն օձի տպավորություն է թողել։

Արարատի մարզի փրկարարներն արձագանքել են խոշոր եղջերավոր անասունների արգելափակումից դուրսբերման երկու ահազանգի։ Մի դեպքում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի կահույքի գործարանի մոտակայքում կովն ընկել էր դիտահորը, մյուս դեպքում կենդանին  հայտնվել էր  Նոյակերտ համայնքի հողատարածքներին կից Կախանովի ջրանցքում։ Ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Տավուշի մարզի փրկարարներն ահազանգ են ստացել, որ երկու անչափահաս մոլորվել են Իջեւանի գինու, կոնյակի գործարանի մոտակայքում հոն հավաքելիս։ 11 եւ 15 տարեկան երեխաները հայտնաբերվել են «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտկայքում, տեղափոխվել Իջևան քաղաք։