Գլխավոր ՀՀ ՆԳՆ 2018 թվականի հունիսի արտակարգ դեպքերը

2018 թվականի հունիսի արտակարգ դեպքերը

1101
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականի հունիսին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունիս ամսին իրականացրել են 2298 ելք՝ 388-ով ավելի քան 2017-ի հունիսին: 776 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 876՝ կենցաղային կանչ, 96՝ կեղծ ահազանգ, 550՝ այլ դեպքերի: Արտակարգ դեպքերից զոհվել է 24 մարդ (այդ թվում՝ 5 կին եւ 4 երեխա), տուժել` 1055 մարդ (այդ թվում՝ 260 կին եւ 180 երեխա): Փրկարարները 26 մարդու կյանք են փրկել: 2017 թվականի հունիսի համեմատ զոհերի քանակը նվազել է 13-ով, տուժածներինը աճել 60-ով: Երեւանում գրանցվել է 791 դեպք: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Կոտայքում՝ 143, ամենաքիչը՝ Գեղարքունիքում՝ 27:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է հրդեհի առաջացման վերաբերյալ 644 ահազանգ (2017 թվականի հունիսին՝ 510), հրդեհ է գրանցվել 470 դեպքում (2017 թվականի հունիսին՝ 313): 77 դեպքում ահազանգը կեղծ է եղել, 88 դեպքում հրդեհի բռնկման սպառնալիքը կամ ծխապատ գոտին, 9 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից զոհվել է 1, տուժել՝ 3 մարդ: Երեւանում գրանցվել է 242 հրդեհ: Մարզերից ամենաշատը տուժել է Կոտայքը. 18 հրդեհ քաղաքներում, 40 գյուղերում: Ամենաքիչը տուժել են Գեղարքունիքի քաղաքները՝ մեկ հրդեհ եւ Շիրակի ու Լոռու գյուղերը՝ 3-ական: Գեղարքունիքի գյուղերում հրդեհներ չեն եղել: Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 252 դեպք: Բացի սրանից կրակի բաժին են դարձել. աղբ՝ 73, առանձնատներ՝ 34, տրանսպորտային միջոցներ՝ 31, բնակելի շենքեր՝ 29, տնակ-ավտոտնակ՝ 9 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2018 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է 373 ՃՏՊ՝ 14-ով ավելի քան 2017-ի հունիսին: ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 544 մարդ: 2017 թվականի հունիսի համեմատ զոհերի քանակը նվազել է 8-ով, տուժածների քանակը աճել 49-ով: ՃՏՊ-ների մոտ կեսը՝ 183 դեպք, բախումներն են: 99 դեպք՝ վրաերթ, 36 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 55 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է 476 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 506 մարդ: 2017 թվականի հունիսի համեմատ թունավորումների քանակը նվազել է 4-ով, զոհերինը՝ 3-ով, տուժածների թվաքանակն աճել 15-ով: Թունավորումների կեսից ավելին գրանցվել է մայրաքաղաքում՝ 344 դեպք: Մարզերից ամենաշատ թունավորում գրանցվել է Արմավիրում՝ 40, ամենաքիչը Սյունիքում՝ 2: Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 155 դեպք, դեղորայք՝ 117, քիմիական նյութեր՝ 68, սննդամթերք՝ 36 եւ այլն:

Այլ դեպքեր

2018 թվականի հունիսին հանրապետությունում գրանցվել է 14 կարկուտ, 7 երկրաշարժ, 4 պայթյուն, վայրի կենդանիների 4 հարձակում, 3 քարաթափում, 3 տեղատարափ անձրեւ, մեկական ուժեղ քամի, սելավ, կայծակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ