Գլխավոր Նորություններ ԱՆՑԱԾ ՕՐԵՐ

ԱՆՑԱԾ ՕՐԵՐ

1016
Տարածել

Հրշեջ-փրկարարների ճանապարհն սկսվեց 26 տարի առաջ: Այն դժվարին էր, լի անհանգիստ օրերով, նվաճումներով ու հերոսականությամբ: Անցած մեծ ճանապարհին հատկապես անհանգիստ էր վերջին ամիսը. անտառային երեք խոշոր հրդեհաշիջում՝ Արտավանում, Խոսրովում, Բորժոմիում, որին գումարվեց նաև «Նաիրիտի» հրդեհը: Նման մասշտաբի արտակարգ դեպքեր, խոստովանենք, վաղուց չէին եղել: Տղերքը հաղթահարում են փորձությունը:

Ու հիմա հիշում են բոլոր օրերը հին ու անցած, սեպտեմբերի 4-ին՝ պատվի ու պատվախնդրության տոնին՝ Փրկարարի օրվան նվիրված հանդիսությանը կանգնած են հպարտ: Ու ամեն անգամ, երբ հերթական ահազանգին են շտապում, շշնջում են մտովի՝ անփորձանք ծառայություն:

Ամեն օրն է նրանց համար դժվարին, ծանր: Այսօր նրանք ամենուր են և լուծում են անլուծելին: Օր չկա, որ նրանց գործերից չխոսվի: Ձգտում են կատարելագործվել, լրացնել պակասը: Սովորելու, լավը լինելու տեղ դեռ շատ ունեն:

Ի՞նչ է պետք լավ փրկարար լինելու համար՝ լրատվամիջոցներից մեկի հարցին հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Գևորգ Խաչատրյանը դիպուկ պատասխան էր տվել. «Նախ լինել լավ մարդ, այնուհետև՝ պատրաստակամ ու մարդասեր»։ Ասել է, թե լինել փրկարար զինվոր, որոնք նաև իրենց կյանքն են նվիրաբերել փրկարարական գործին: Հենց նրանց պատվին տոնական շքերթից հետո ի հիշատակ մարտական գործողությունների և ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված փրկարարների՝ նախարարության բակում տեղի ունեցավ խաչքար-հուշարձանի օծման արարողությունը:

Սեպտեմբերի 4-ին նախարարությունում կազմակերպված հանդիսության ժամին փորձեցի կապվել Լոռի՝ փրկարար հին ընկերոջս հետ, շնորհավորել նրան: Խոսափողի մեջ փողոցի խառն աղմուկ էր: Շնորհավորեցինք միմյանց: Զգացի՝ մտահոգ է: Չհարցրի ոչինչ: Ինքն ասաց՝ ծանր դեպքի եմ…

Ու այդպես՝ ամեն օր ու ժամ:

Պատվով կատարած անփորձանք օրեր մեր երկրին:

Նրանց՝ փրկարար տղերքին:

Խոնարհում ու հարգանք նրանց մեծ գործին:

Գագիկ ԵՂՅԱՆ

 

Հ.Գ. Թե ինչպես ընթացան փրկարարական գործի անցած օրերը, զարգացումը մեր երկրում՝ թերթի այս համարում կպատմեն սեպտեմբերի 4-ի օրն ու նշանակությունն արժևորած, դժվարին պահին ժողովրդի կողքին կանգնած մարդասիրական կառույցի նոր և նախկին ղեկավարները:

Հենց նրանց գլխավորությամբ սկսվեց անվտանգության մշակույթի ձևավորման անընդհատական գործընթացը, ճգնաժամային կառավարման այբուբենը դպրոցական նստարանից բոլորին հասու դարձնելու գործը: