Գլխավոր Վերլուծություն Կատարելագործվում են որոնող շների հմտությունները

Կատարելագործվում են որոնող շների հմտությունները

2639
Տարածել

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի հրավերով՝ կրկին Հայաստանում են Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ Հյուսիս-Արեւմտյան շրջանի կինոլոգիական ծառայության պետ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի կինոլոգիական կենտրոնի պետ Նադեժդա Նիկոլաեւնան, որոնք մայիսին վերապատրաստել էին Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ կինոլոգիական ջոկատի անձնակազմին եւ շներին։

Ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Էդգար Գալոյանի խոսքով՝ վերջին 6 ամսվա ընթացքում դուրս է գրվել 5 տարին լրացած երկու շուն եւ բուծվել է հինգ ձագ, որոնք որոնող շան համար հիանալի տվյալներ ունեն։ Շներին անվանակոչել են Ռեքս, Ցեզար, Մալտա, Ալմա եւ Ալֆա։

Մինչ ռուս կինոլոգների ժամանելը՝ հայ մասնագետները ձագերին վարժեցրել են բնից դուրս գալուն եւ փլատակներում շրջելուն։ «Շարունակում ենք կատարելագործել սակրավորական շների հմտությունները։ Պիտի հասնենք նրան, որ կենդանին կարողանա ոչ միայն պայթուցիկ հայտնաբերել, այլեւ տուծածին, որին կարող է պայթուցիկ ամրացված լինել։ Այլ խոսքով՝ «մոջահեդ» որոնող շներ ենք պատրաստում»,- մանրամասնում է Էդգարը՝ մտաբերելով այս տարվա մայիսին «Ամիրա Վետ» սպորտային ակումբում կայացած մրցույթում Ջեքի փայլուն հաղթանակը։ Շունը կարողացել էր կարճ ժամանակում գտնել թաքնված իրերն ու տուժածին։

Շների ադապտացման նպատակով կինոլոգներն օրական երեք կիլոմետր շրջում են Գետարգել համայնքում, թույլ տալիս նրանց ծանոթանալ մարդկանց եւ միջավայրին։

Ալեքսանդր Ալեքսանդրովի խոսքով՝ չորսշաբաթյա վերապատրաստման ընթացքում նախատեսվում է ձագերին սովորեցնել հրահանգներ լսել եւ շտկել որոնման ընթացքում մյուս շների աշխատանքի թերությունները։ Տարբեր իրավիճակներ են խաղարկվում՝ փլուզում, ահաբեկչական ակտ, աղյուսների տակ եւ բեռնարկղերում տուժածների պատսպարում եւ այլն։

«Ղեկավարությունը ցանկանում է, որ հետագայում շներին վերապատրաստենք բնության մեջ, սողանքային զանգվածի տակ տուժածներին եւ մահացածներին հետքի միջոցով որոնելուն։ Սրանք տարբեր ուղղություններ են։ Հայ կինոլոգները ջանք ու եռանք չեն խնայում, սա պարզապես աշխատանք չէ, այլ հոգու կանչ։ Նրանց հոգատարության շնորհիվ ձագերն իսկական մանկություն են վայելում» ,- նկատում է բազմափորձ մասնագետը։

Ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր, մասնագիտությամբ կենդանաբույժ Լիլիթ Ղազարյանը զբաղվում է շների խնամքով, հետեւում պրոֆիլակտիկ միջոցառումների՝ ճիճվաթափման, լվաթափման եւ պատվաստման ընթացքին։ Կան հիվանդություններ, որոնք կենդանուց մարդուն են անցնում․ պետք է զգոն լինել։ Ջոկատը լաբորատոր հետազոտության հնարավորություն չունի, կենդանիների անալիզներն ուղարկվում են մասնավոր ընկերությունների եւ Ազգային անվտանգության ծառայության կլինիկաներ։ Անհրաժեշտ սարքավորումներով լաբորատորիա ունենալը ցանկալի է։

«Վարժահրապարակների խնդիր կար։ Սխալ է նույն տեղում երկու անգամից ավելի հատուկ վարժեցման կուրս անցկացնել, քանի որ շները կարծատիպային վարք են ձեւավորում։ Տարբեր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում այսօր ունենք մի շարք տարածքներ, որտեղ վարժանքներ ենք անում։ Ձագերը, ի տարբերություն մեծերի,  արդեն հնարավորություն ունեն մեկամսյա կուրսը երեք օրում անցնելու»,- հպարտանում է Լիլիթը։

Հայ կինոլոգների վերապատրաստումը կավարտվի նոյեմբերի 29-ին՝ տեսական քննությամբ եւ ցուցադրական վարժանքով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ