Գլխավոր Միջոցառումներ Վարժանքներ․ Լուծվում է կառույցներում ներքին ջրացանցի խնդիրը

Վարժանքներ․ Լուծվում է կառույցներում ներքին ջրացանցի խնդիրը

1205
Տարածել

Հունիսի 14-15-ը Երեւանի եւ մարզերի մի շարք ուսումնական հաստատություններում, արտադրական օբյեկտներում, առողջապահական կենտրոններում անցկացվեցին հատուկ տակտիկական եւ հրշեջ-մարտավարական վարժանքներ։

Գուգարք քաղաքի առողջության առաջնային պահպանման կենտրոնի անձնակազմին բացատրվել են հրդեհի ժամանակ իրենց գործողությունները, փրկարարների հետ համագործակցության ձեւը։ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սեյրան Խաչատրյանի խոսքով՝ վարժանքին մասնակցել են նաեւ բժշկական ուսումնարանի ուսանող-պրակտիկանտները։ Մեկհարկանի ամբուլատորիան չունի հրշեջ-ծորակներ, ազդարարման համակարգ։ Գուգարքում ջրամատարակարումն իրականացվում է ընդմիջումներով, ինչը, հրամանատարի կարծիքով, կարող է խնդիր ստեղծել հրդեհի դեպքում։

Արթիկի մոր եւ մանկան առողջության կենտրոնում վարժանքներ շատ են եղել։ Հերթական վարժանքի ժամանակ փրկարարները տնօրինության հետ բացատրական աշխատանքներ են տարել անվտանգության կանոնների վերաբերյալ։ Արթիկի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Արթուր Ավետիսյանի հաղորդմամբ՝ շենքն ունի կրակմարիչներ, երկու տարհանման ելք։ Հրդեհավտանգ է փայտե տանիքը։

Երեւանի փրկարարական վարչության Էրեբունու բաժինը հրդեհաշիջման եւ տարհանման միջոցառումներ է իրականացրել «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում եւ թիվ 64 նախակրթարանում։

Բժշկականի կենտրոնի վարժանքին մասնակցել են թե՛ անձնակազմը, թե՛ այցելուները՝ բացառությամբ ծանր հիվանդների եւ ծննդկանների։ Բուժաշխատողները պատգարակով դուրս են բերել կենտրոնում բուժում ստացող երկու հիվանդի, փրկարարներն իրենց հերթին ներգրավել են պայմանական տուժածներ՝ ոտքի կոտրվածքով, ծխահարված վիճակում։ Փորձակվել են տուժածի համար նախատեսված շնչառական սարքերը։ «Անձնակազմը փոքր-ինչ դանդաղեց իր գործողություններում։ Շենքում կան կրակմարիչներ, որոնց քանակը բավարար չէ, ներքին ջրացանցը չի գործում, ազդարարման համակարգ չկա, ազդարարումը կատարվեց հատուկ սուլիչներով։ Տնօրենը խոստացել է համալրել տեխհագեցվածությունը»,- ասաց Էրեբունի բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Սարգիս Ավետիսյանը։ Փրկարարները մշակել են վիճակի շտկման առաջարկներ։

Թիվ 64 նախակրթարանում վարժանքը գնահատվեց գերազանց։ Երեխաները պայմանական հրդեհին մոտեցել էին ամենայն լրջությամբ՝ տարհանվելիս թաշկինակներով փակել շնչուղիները։ Օգտագործվել են տարհանման բոլոր 6 ելքերը։ Մանկապարտեզի դայակն ու պահակը փորձարկել են կրակմարիչները։ Պլանով նախատեսված տուժածին տրամադրվել է շնչառական սարք։ Մանկապարտեզն, ի տարբերություն շատ այլ կրթական հաստատությունների, ունի ազդարարման համակարգ։

«Աշխատակիցների եւ հիվանդների պաշտպանության կազմակերպումը երկրաշարժի ժամանակ» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշական կենտրոնի մեծահասակաների պոլիկլինիկայում։ Քաղպաշտպանական կազմավորումները պատրաստության են բերվել, կատարել հասարակական կարգի պահպանման, փրկարարական աշխատանքներ։ Շենքից դուրս է բերվել ոտքի կոտրվածքով մեկ տուժած։

Պետական Կամերային երաժշտական թատրոնում կատարվել է այցելուների, սպասարկող եւ դերասանական անձնակազմի տարհանում։ ԵՓՎ թիվ 8 ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Մարտին Գաբրիելյանը նշեց՝ կազմակերպությունն ունի հրդեհային անվտանգության ինժեներ, որը դասընթացներ է անցկացնում աշխատակիցների հետ։ Վարժանքի ժամանակ թերի էին հաշվառման զեկույցները, տարհանված աշխատակիցներին զգուշացվել է շենքից հեռու հավաքատեղի ստեղծել՝ հավանական փլուզումից խուսափելու համար։ Թատրոնի տարհանման ելքեր ունի թե՛ նախասրահից, թե՛ բեմի հետնամասից։

Շենգավիթ վարչական շրջանի «Պլաստիկ» գործարանում փրկարարները հրդեհաշիջման թեմայով վարժանք անցկացրեցին։ Գործարանն ունի տարհանման պլաններ, ՔՊ կազմավորումներ։ Խնդիր են ազդարարման համակարգն ու սահմանափակ քանակությամբ առաջնային հրդեհաշիջման միջոցները։ ԵՓՎ Շենգավիթ բաժնի կողմից տնօրինությանը խորհուրդ է տրվել համալրել գույքը։

Բաժնի պետ, փ/ծ մայոր Ահարոն Գեւորգյանի խոսքով, իրենց սպասարկման գոտում գտնվող թիվ 137 մանկապարտեզը, մշտապես ուշադրության կենտրոնում է, քանի որ այստեղ չկան տղամարդ աշխատակիցներ։ Անձնակազմին բացատրվել են հրդեհի ժամանակ անվտանգության կանոնները, կրակմարիչների օգտագործման ձեւը։ Մանկապարտեզում անցկացված վարժանքը որոշ թերություններ է բավահայտել. «Ազդարարման եւ ելքերի հետ կապված խնդիր կա: Տարածքը ժամանակին սեփականաշնորհվել է, ինչի պատճառով մանկապարտեզը հետնամասից տարհանման ելք չունի։ Կրակմարիչները բավարար չէին, արդեն համալրման փուլում են։ Ցանկալի կլինի ձեռք բերել ազդարարման ավտոմատ համակարգ»,- մանրամասնեց Ահարոն Գեւորգյանը։

Վարժանքներ են անցկացվել նաեւ Երեւանի թիվ 81 եւ 90 մանկապարտեզներում, Սարի Թաղի պոլիկլինիկայում, Գավառի մշակույթի տանը, Գյումրու «Լապտերիկ» մանկապարտեզում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ