Գլխավոր Միջոցառումներ Մեկնարկել են հունիսյան վարժանքները

Մեկնարկել են հունիսյան վարժանքները

667
Տարածել

Մարդաշատ վայրերում բնակչության պաշտպանության եւ իրազեկվածության բարձրացման նպատակով փրկարար ծառայության կողմից անցկացվող հատուկ տակտիկական վարժանքները կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում։

Հունիսի 1-6-ը մի շարք համայքների կրթական հաստատություններում իրականացվեցին տարհանման եւ հրդեհաշիջման աշխատանքներ։

Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշնանն ավելի մեծածավալ վարժանք կազմակերպել՝ ընդգրկելով մեծ թվով մասնակիցների։ Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Տիգրան Թորոսյանը նկատեց՝ մարզադպրոցի անձնակազմը մասամբ էր տեղյակ հրդեհի եւ երկրաշարժի ժամանակ իրենց գործողություններից, անվտանգության կանոններից։ Շենքը նոր է, ունի աստիճանավանդակներով վթարային ելքեր, բոլորը կիրառելի են։ Ջոկատի անձնակազմը պատրաստակամություն է հայտնել ուղղություն ցույց տալ կրակմարիչների եւ առաջնային անվտանգության մյուս միջոցների ձեռքբերման հարցում։

Սահմանամերձ Բագարանի միջնակարգ դպրոցում տարհանումը կազմակերպվել է օպերատիվ կերպով, ուսուցիչներին բացատրվել է 911 ծառայություն դիմելու կարգն ու արտակարգ իրավիճակներում իրենց առաջնային գործողությունները։ Բաղրամյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վիգեն Հարությունյանը նշեց՝ դպրոցը հագեցած է առաջնային հրդեհաշիջման միջոցներով եւ կրակմարիչներով, ելքերը բաց են, չկան հրշեջ-ծորակներ։

Մարալիկի երաժշտական դպրոցում կատարվել էր անձնակազմի ազդարարում եւ տարհանում։ Անիի ՀՓՋ փրկարարները երկու հիմնական թերություն էին գրանցել՝ տարհանման ցուցանակների բացակայությունն ու տանիքում հոսանքի լարերի գերծանրաբեռնվածությունը։ «Համայնքի ղեկավարը խոստացել է ֆինանսական միջոցներ գտնել հիմնանորոգման համար։ Մյուս խնդիրն այն է, որ դպրոցի հետեւում բնակելի տնակ կա, ինչի պատճառով տարհանման ելքերից մեկը փակ է։ Այս մասին եւս զգուշացվել է համայնքապետին»,- ասաց Անիի ՀՓՋ հրամանատար, փ/ծ կապիտան Արտավազդ Գրիգորյանը։

Ախուրյանի Լեոնարդո Գմյուրի անվան նախակրթարանում տարվա ընթացքում վարժանքներ հաճախ են լինում։ Այս անգամ եւս տարհանումը կազմակերպվել էր արագ եւ ժամանակին։ Ախուրյանի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Վարդան Հարությունյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից հետո գերմանացիների կառուցած մեկհարկանի շենքը բավական անվտանգ է, բոլոր սենյակներն ունեն տարհանման ելքեր, թվով՝ 6-ը։ Առկա են առաջնային հրդեհաշիջման միջոցներ եւ ներքին ջրացանց։

Ամասիայի արվեստի դպրոցում տեղի փրկարարները ստուգել են ջրամատակարարումը, տարհանման սխեմաների վերաբերյալ իրազեկվածությունը, տարհանման ելքերը։ Ամասիայի ՀՓՋ հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Հովիկ Կարապետյանը մանրամասնեց, որ բանուկ ճանապարհի հարեւանությամբ գտնվող դպրոցը մեծ հողամաս ունի, որտեղ կազմակերպվում է սաների անվտանգ տարհանումն ու հաշվառումը։ Նախորդ ամիս ջոկատը վարժանքներ է անցկացրել նաեւ Ամասիայի միջնակարգ դպրոցում, «Նանե» նախակրթարանում եւ Ամասիայի կարի ֆաբրիկայում։ Ամենաշատ խախտումները հայտնաբերվել են ֆաբրիկայում, որը բազմաթիվ աշխատակիցներ ունի, սակայն չկան առաջնային հրդեհաշիջման միջոցներ, տարհանման պլան, բոլոր տարհանման ելքերը խցանված են։ Կազմակերպության ղեկավարին խորհուրդ է տրվել անհապաղ լուծել խնդիրները։

Աշոցքի մարզամշակութային կենտրոնի սաները տիրապետում էին տարհանման գործողություններին։ Վարժանքի ընթացքում գործարկվել են շնչառական ապարատներ, տուժածի դերում հանդես եկած երեխաներից մեկին փրկարարները տրամադրել են շնչադիմակ եւ դուրս բերել պայմանական ծխապատ գոտուց։ Տարհանվելիս կուտակում էր առաջացել ելքերից մեկի մոտ՝ դռան անսարքության պատճառով։ Աշոցքի ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ լեյտենանտ Հովհաննես Կոբելյանի հաղորդմամբ՝ շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում, ունի հակահրդեհային առաջնային միջոցներ, որոնք, սակայն, ոչ համապատասխան վայրում էին տեղադրված։ Տնօրինության հետ տարվել են բացատրական աշխատանքներ։

Նույն ժամանակահատվածում հրդեհաշիջման եւ տարհանման թեմայով վարժանքներ են անցկացվել նաեւ Գեղանիստ համայնքի «Մանուշակ», Ղուկասավան համայնքի «Սաթենիկ», Երեւանի թիվ 38 եւ 57 մանկապարտեզներում։ Մինչեւ ամսվա ավարտը կշարունակվեն շտաբային քննարկումները՝ «Ուժեղ երկրաշարժի դեպքում ԲՊ միջոցառումների կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով՝ Արարատի մարզի Սուրենավան, Նարեկ եւ Ոսկետափ համայնքներում, «Գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների օջախի վերացում» թեմայով՝ Լոռու մարզի 10 համայնքում, «Հակառակորդի հարձակման սպառնալիքի դեպքում տարհանման կազմակերպումը» թեմայով՝ Շիրակի մարզի Արփի, Ամասիա, եւ Լուսակերտ համայնքներում

Անի ԱՆՏՈՆՅԱՆ