Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԱԻՆ հոգեբանները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

ԱԻՆ հոգեբանները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում

2363
Տարածել

Կորոնավիրուսի պատճառով երկրում հայտարարված արտակարգ դրությունն ու օրեր շարունակ մեկուսացումը բնակչության շրջանում անհանգստություն եւ անհարմարություն են ստեղծել։ Մարտի 1-ից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժինն աշխատում է շուրջօրյա հեռավար ռեժիմով եւ օգնում քաղաքացիներին։

Մարտի 1-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում բաժինը ստացել է 427 տարաբնույթ ահազանգ, որոնցից միայն 357-ը՝ կորոնավիրուսի վերաբերյալ։  Գրանցվել  են ինքնասպանության փորձի 12  եւ ինքնավնասման սպառնալիքի 4 դեպք,  միջանձնային բնույթի խնդիրներ, այդ թվում՝ բռնություն եւ սեռական ոտնձգություն։ Հոգեբաններն արձագանքել են նաեւ հոգեկան խանգարումներով որոշ քաղաքացիների մտահոգիչ հարցերին։ 16 դեպքում՝ ինքնասպանության եւ ինքնավնասման փորձ, բռնություն, հրդեհ եւ ճանապարհատրանսպորտային պատահար, մասնագետներն անմիջապես դեպքի վայրում աշխատել են տուժածների եւ նրանց հարազատների հետ։ Վիճակագրության համաձայն՝ ահազանգերի մեծ մասն այս օրերին Երեւանի բնակիչներից է։ Հատկապես արդիական է Viber հավելվածի միջոցով տեսազանգը։ Հոգեբանական աջակցության բաժնի պետ, փ/ծ մայոր Արեւիկ Երիցյանի խոսքով՝  աջակցության կարիք ունեցողների հետ կապը պահպանվում է անընդհատ, մինչեւ բարելավվում է անձի ինքնազգացողությունը։ Վարձատրությունը ջերմ շնորհակալական խոսքերն են։ «Այս օրերին չպետք է աչքաթող անել հատկապես 911 ծառայության օպերատորներին, որոնց հետ մեր հոգեբաններն աշխատունակության վերականգնողական թերապիա են անցկացնում։ Կարծում եմ՝ համատեղ ջանքերով մենք շուտով կկարողանանք հաղթահարել այս ճգնաժամը»,- նշեց բաժնի պետը։

Հոգեբանական աջակցության բաժին կապվելու համար գործում են 911, 060 712 444, 010 360 684 եւ Viber հավելվածի +374 41 911 006 հեռախոսահամարները, psychologist@mes.am էլեկտրոնային հասցեն։

 

Լուսանկարները տրամադրել է Արեւիկ Երիցյանը