Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վարդենիսի ջոկատը

Վարդենիսի ջոկատը

899
Տարածել

Կյանքը՝ աղետավտանգ գոտում

Վարդենիսի ջոկատում նախատոնական եռուզեռ է։  Երկաթե խողովակավոր կաղապարը շուտով շքեղ տոնածառի կվերածվի՝ պատրաստված սանիտարական էտման ենթակա  եղևնու ճյուղերից։ Եղևնիներով հարուստ տարածաշրջանում ոչ մի կենդանի ծառ չի ոչնչացվում։

Ամեն տարի՝ Ամանորի գիշերը, խոտի դեզի խոշոր հրդեհներ են լինում։ Գինովցած քաղաքացիները սխալ են օգտագործում հրավառության համար նախատեսված պայթուցիկները, ինչի հետևանքով վայրկենապես կրակ է բռնկվում։ Այդ օրերին բնակիչները հատկապես կռվարար են դառնում և փորձում ուղղորդել փրկարարների աշխատանքը։ Ջոկատի հրամանատար Մնացական Փոստոյանն անձնակազմին հորդորում է համբերատար լինել։ Սովորաբար բանն ավարտվում է շնորհակալական խոսքով և գրկախառնությամբ։ Երբեմն իսկական բարեկամություն է հաստատվում։ «Տարեսկզբին Արցախում կայացած երդման արարողությունից վերադարձող մի եզդի ընտանիք մեքենայի անսարքության պատճառով Սոթք-Քարվաճառ ճանապարհին էր մնացել։ Բոլորին տեղափոխել ենք ջոկատ, ուտելիք ու քաղցրեղեն հյուրասիրել։ Այդ օրվանից ի վեր միշտ կապ ենք պահում, ամեն առիթով զանգում են, մեր որպիսությունը հարցնում»,- ասում է հրամանատարը։

Տասնամյակներ շարունակ ջոկատն իր ծառայությունն անցկացնում է 1950-ականներին կառուցված մեկհարկանի շենքում, որը մինչ օրս կապիտալ վերանորոգում չի անցել։ 2010-ին փայտե կառուցատարրերի փտելու պատճառով փլուզվել էր շենքի տանիքի մի մասը, որը վերականգնվել է տղաների ուժերով։ Այս տարի ավելացվել է սանհանգույց։

Առկա հրշեջ-տեխնիկան՝ երկու «ԶԻԼ 130», «ԶԻԼ 131» և «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները սարքին են, անձնակազմը՝ գրեթե լիովին համալրված։ Մնացական Փոստոյանը նախապատվությունը երիտասարդներին է տալիս․ նրանց մարտական տեսքն ու կեցվածքը ուրիշ են։  Ջոկատը երեք ուղղությամբ է սպասարկում՝ դեպի Ճամբարակ՝ մոտ 48, դեպի Արցախ՝ մոտ 32 և դեպի Մարտունի՝ մոտ 25 կիլոմետր ձգվածությամբ, թվով 35 գյուղական և մեկ քաղաքային համայնք։ Այս հսկայական տարածաշրջանում արագ արձագանքումը հաճախ լրացուցիչ ուժեր է պահանջում։ Գործին ներգրավվում են հերթափոխից ազատ բոլոր փրկարարները։ Հրամանատարի խոսքով՝  եղել է՝ ամիսներ շարունակ ջոկատում միայն մեկ վարորդ է աշխատել։

Վարդենիսի տարածաշրջանը մի շարք վտանգներ ունի։ Տորֆավան համայնքին կից հսկայական տորֆի դաշտեր կան։ Սեպտեմբերին  փրկարարները մեկ շաբաթ շարունակ հանգցրել են մոտ 8 հա ընդգրկած հրդեհը։ Ցավոք, ծխի՝ անզեն աչքով անտեսանելի լինելու պատճառով դժբախտ պատահարներ են գրանցվում։ Հերթափոխի պետ Մխիթար Կարապետյանը վերհիշում է՝ նախորդ տարի անասուններ են ընկել ծխացող զանգվածի մեջ։ Ունեցել են նաև մարդկային զոհ․ «Տորֆային շերտը փորելու համար տրակտոր էինք կանչել, հետո ստիպված եղանք չարչարվել խրված մեքենան դուրս բերելու համար։ Այդ օրերին կատակում էինք, որ մեզ հետո գոնե «պերերիվ» չենք տանում, տեղանքից փռի կարտոֆիլ էինք հավաքում»։

Ամռանն ուշադրության կենտրոնում է անտառային հատվածը, որտեղ եղևնի, բարդի ու գիհի տեսակի ծառեր են աճում։ Բարձր տեղակայության պատճառով հրշեջ- մեքենաներն անտառ  չեն հասնում,  հրդեհաշիջումը մարդկային ուժով է կատարվում։  Ծափաթաղ համայնքին կից Խոսրովի արգելոցն է, ցանկացած մասշտաբի հրդեհի մեծ քանակությամբ ուժեր են մասնակցում, որպեսզի կանխեն կրակի տարածումը։

Այս տարի ամառն ու աշունը երաշտային էին, մինչև 200 հեկտարի հասնող հրդեհներ եղան։ Ջոկատի վարորդներ Արթուր Հարությունյանը, Հուսիկ Հովհանյանը և Էդմոն Խաչատրյանը օրեր շարունակ դեպքի վայրից չեն հեռացել, ընկերների հետ հավասար հրդեհաշիջում են կատարել։ Հրամանատարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Անտոնյանը մանրամասնում է՝ արևն այնքան ուժգին էր, որ խոտի դեզը բռնկվել էր տրակտորի  հայելու մեջ լույսի անդրադարձից․ քաղաքացին, իր սովորության համաձայն, հայելու դիմաց սափրվելիս է եղել։ «Ծխապատ գոտիներում աշխատելու համար թթվածնամեկուսիչ հակագազեր չունենք, քանի որ նպատակահարմար չէ ապարատները հասցնել լիցքավորման միակ կոմպրեսոր ունեցող Աբովյան քաղաք։ Ստիպված ենք լինում փակ տարածքում սողեսող հետախուզություն իրականացնել։ Հրատապ է նաև ջրի լիցքավորման հարցը։ Գարնանային վարարումների ժամանակ առաջացած ցեխի և հողի փափկության պատճառով ջրով բեռնված մեքենան անհնար է տեղաշարժել․ չկա որևէ հենարան կամ տախտակամած, որտեղ մեքենան կկայանի։  Մեր տղաները բահերով փորում են հողը, մեքենայի անիվների տակ քարեր լցնում, որպեսզի այն արգելափակումից դուրս բերեն։ Պատկան մարմինները բազում խոստումներ են տվել, սակայն առաջընթաց չկա»,- նշում է Մնացական Փոստոյանը։

Ձմռանը դժվարությունները կրկնապատկվում են․ Սոթք-Քարվաճառ ոլորապտույտ ճանապարհին մերկասառույցի պատճառով շղթայական խցանումներ են լինում։ Հաճախ «մեղավորը» ԼՂՀ Դմբրոնից դեպի Արարատի մարզ հանքանյութեր տեղափոխող 40 տոննա կշռով «Կամազ» մակնիշի մեքենաներն են, որոնք մկրատի տեսք ստանալով՝ երկկողմանի փակում են երթևեկությունը։ Փրկարարներից մեծ ջանքեր են պահանջվում ծանրաքաշ մեքենաներն ուղղելու համար։ Դրանից բացի՝ շուրջտարի ճանապարհին մառախուղ է, տեսանելիությունը՝ զրոյական։

Վարդենիսի տարածաշրջանում  Ադրբեջանին սահմանակից 12 համայնք կա։  Տարիներ առաջ մի դիվերսանտ կրակել էր Սոթքի զորամասի ֆիզպատրաստության ղեկավարին և նրա կնոջ․ տղամարդը մահացել էր։ Նախորդ տարի՝ ապրիլի 6-ին, հակառակորդը հրաձգային տարբեր զենքերից կրակոցներ էր արձակել նաև  բնակավայրերի վրա։

Չորս կողմից աղետավտանգ գոտում ապրող բնակչությունը մեկը մյուսի թիկունքին կանգնած է․ հրդեհների ժամանակ կամավորները ձեռքն են առնում փողակներն ու օգնում փրկարարներին։

Ծանր օրվա ավարտին բոլորը մտաբերում են զավեշտալի դեպքերն ու ցրում լարվածությունը։ Վարորդ Մհեր Մինասյանը վարդենիսցիներին հատուկ հումորով պատմում է՝ նախորդ տարի այգին ջրելու հերթականության պատճառով առաջացած քաղաքացիների կռվին փրկարարները հետաքրքիր լուծում էին տվել․ «ղուշ թե գիր» հնարքով գրաֆիկ էին կազմել և հաշտեցրել վրդովված հարևաններին։

 

Հրամանատարը

Փոխգնդապետ Մնացական Փոստոյանը ծնվել է փրկարարի ընտանիքում։ Հայրը՝ Հմայակ Փոստոյանը, 30 տարի Վարդենիսի ջոկատի հրամանատարն է եղել և ակամա նրա մեջ սեր սերմանել դեպի հրշեջ «կարմիր մեքենան»։ Որդին առանց վախի կտրում էր դպրոցի մոտակայքով շրջող մեքենայի ճանապարհը և ստիպում իրեն էլ դեպքի տանել։ Մեկ անգամ էլ տնօրենից նկատողություն էր ստացել դասի ժամանակ քնելու պատճառով․ պարզվել էր՝ նախորդ գիշեր հոր հետ հավասար հրդեհի մասին հեռախոսով մանրամասներ էր  «ճշտել» և անքուն մնացել։  Մայրը շտապօգնության բուժքույր էր, դեղերի և խոտաբույսերի իսկական գիտակ։ Առաջին բուժօգնության բոլոր նրբությունները մորից է սովորել։

1984-ին աշխատանքի է անցել հրշեջ-մասում, ապա զորակոչվել բանակ։ Զորացրվելուց հետո իր ուժերը տարբել ոլորտներում է փորձել, սակայն կրկին վերադարձել հարազատ ջոկատ։ Հարցին՝ ինչ հատկանիշներ է ժառանգել փրկարար հորից, հրամանատարը դժվարանում է պատասխանել․ «Թերևս մարդասիրությունն ու ազնվությունը։ Հորս պես երկար եմ մնում ջոկատում, զրուցում աշխատակիցներիս հետ, սրտապնդում նրանց»։

2002-ից որպես ջոկատի ավագ է եղել, տարածքային տեսուչ, հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար։ Ծառայության տարիներին իրենց «վերքերն» են թողել, սակայն նաև կոփել հրամանատարին։ Կատակում է՝ հրշեջ մեքենայից հապշտապ ցատկելու պատճառով ոտքի սալջարդ էր ստացել, ցավից կոշիկ հագնելն անհնար էր, ստիպված երեք ամիս հողաթափերով էր արձագանգման գնում։ Ինչ արած, աշխատանք է։ Ընտանեկան ավանդույթի շարունակողը որդին է՝ Դավիթը, որը ՃԿՊԱ «Փրկարարական գործ» բաժնում է սովորում։

Չնայած ծանրաբեռնված աշխատանքին՝ Մնացական Փոստոյանը  թոռան համար միշտ ժամանակ է գտնում։ Ստեղնաշարային գործիքների վարպետը փոքրիկին  ակորդեոն նվագել է սովորեցնում։

Փրկարար ծառայության ավարտին հաշված տարիներ են մնացել։ Հրամանատարն անկեղծանում է՝  հոգով դեռ ջահել է, պատրաստ է նորարարություններ փորձարկել։

Անի Անտոնյան