Գլխավոր Ուսուցողական նյութեր Արջերի փրկության ծրագիրը շարունակվում է

Արջերի փրկության ծրագիրը շարունակվում է

764
Տարածել

Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո կենտրոնն իրականացնում է Կարմիր գրքում գրանցված գորշ արջերի փրկության ծրագիրը։ Հիմնադրամի կատարած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի տարածքում՝ ռեստորաններին և լցակայաններին կից ինքնաշեն ճաղավանդակներում, այցելուներին զվարճացնելու նպատակով անազատության մեջ է պահվում անհետացման եզրին գտնվող ավելի քան 60 արջ։ Ապահովված չեն նրանց կենդանաբուժական խնամքը, անհրաժեշտ սննդակարգն ու կենսապայմանները։ Փրկված արջերը կենտրոնում կանցնեն բուժման և ադապտացման փուլերը, որից հետո բացառիկ դեպքերում կկատարվի վերադարձ վայրի բնություն։ Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնն օթևան կդառնա 30 արջի համար։ «Կառուցման փուլում են միմյանցից առանձնացված ազատավանդակները, որտեղ արջերի համար ստեղծված են բնական միջավայրին մոտ պայմաններ՝ քարակույտեր, որջեր, կոճղեր, ջրավազաններ, ծառեր։  Տարածքը ցանկապատված է,  որպեսզի հնարավորինս նվազեցվի մարդկանց հետ նրանց շփումը»,- մանրամասնում է հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վահագն Թևոսյանը։

Ներկա դրությամբ 10-11 արջ գտնվում է  ապաստարանի և Երևանի կենդանաբանական այգու կարանտինային կենտրոններում, որտեղ առաջատար կենդանաբույժները գիշատիչներին անհրաժեշտ խնամք են ցուցաբերում։ Բացի դրանից՝ առաջիկայում Վիվասել ՄՏՍ ընկերության ֆինանսավորմամբ կառուցվելու է տեսախցիկներով հագեցած հատուկ սենյակ, որտեղ հնարավոր կլինի դիտարկել արջերի տեղաշարժն ու վարքագծային շեղումները։

Վահագնը նկատում է՝ առանձին անհատների կողմից կենդանական աշխարհի պահպանման մարդասիրական առաքելությունը հեռանկարային չի կարող լինել, եթե օրենսդրական դաշտում «կոշտ» փոփոխություններ չկատարվեն։ ՀՀ օրենքը չի արգելում մասնավոր անձանց վայրի կենդանիներ պահել, եթե վերջիններիս նկատմամբ դաժանություն և խոշտանգում չի կիրառվում։ Ինչ վերաբերում է Կարմիր գրքում գրանցված կենդանիների օգտագործմանը՝ ապա թույլատրելի է դրանց պահել գիտահետազոտական, արհեստական և բնական պայմաններում՝ վերարտադրության նպատակով․ «Պետք է ընդհանրապես արգելել վայրի կենդանիների շահագործումը։ Որոշ երկրներ նույնիսկ հրաժարվել են կենդանաբանական այգիներից՝ բացառելով մարդու միջամտությունը բնությանը։ Իսկ Չինաստանի պես զարգացած երկրներում վանդակները վերածվում են շարժական ավտոբուսների, և ճաղերի հետևում հայտնված զբոսաշրջիկները հետևում են ազատության մեջ ապրող կենդանիներին»։

FPWC-ը արջերի փրկության ծրագրի շրջանակներում հետաքրքիր նախաձեռնություն է սկսել․ արվեստագետ Սարգիս Բաղդասարյանն ազատագրված արջերի ապամոնտաժված վանդակների բեկորներից հուշանվերներ է պատրաստում։ Գնորդները ոչ միայն օրիգինալ զարդեր կունենան, այլև իրենց ներդրած գումարով կօգնեն արջերի փրկությանը։

Ի դեպ՝ Վիվասել ՄՏՍ ընկերության աջակցությամբ Վայրի կենդանիների փրկության կենտրոնին կից բացվել է նաև օժանդակ կլինիկա։ Կենդանաբանական այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանի խոսքով՝ կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումների միջոցով հնարավոր է լաբորատոր ախտորոշում և վիրահատական միջամտություններ կատարել։

Անի Անտոնյան