Գլխավոր Ուսուցողական նյութեր ՀՐԴԵՀՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ

ՀՐԴԵՀՎԱԾ ԱՆԱՍՆԱԳՈՄԸ

505
Տարածել

Դեկտեմբերի 4-ին Շիրակի մարզի Մարմարաշեն համայնքի Շիրակ բնակավայրում  անասնագոմ է հրդեհվել, որի հետևանքով ծխահարվել և սատկել են Սուրեն Գրիգորյանին պատկանող անասուններն ու հավերը:  Անասնատերերն ընտանի կենդանիներին ու թռչուններին չեն կարողացել փրկել կրակի ճիրաններից: Հրդեհի հայտնաբերման պահին տանիքի մի մասը փլվել ու փակել էր գոմի մուտքը, ինչի հետևանքով անհնարին է եղել դուրս բերել անասունները: 21:30-ի սահմաններում ահազանգ ստանալուց հետո անմիջապես դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ՝ Ախուրյանի և Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատներից: «Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 01:26-ին: Տանիքի մի մասը փլվել էր և փակել մուտքը: Փրկարարները հրդեհաշիջմանը զուգահեռ նաև քանդման աշխատանքներ են իրականացրել, ինչի պատճառով երկարել է հրդեհի մարումը: Հրդեհից սատկել է 25 հավ և 9 խոշոր եղջերավոր անասուն՝ 4 կով, մեկ ցուլիկ, երեք հորթ, մեկ երինջ»,- փոխանցեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Արթուր Կարապետյանը: Ապրուստի հիմնական միջոցից զրկված  Գրիգորյանների 7 հոգանոց ընտանիքը ձմեռնամուտին դժվար իրավիճակում է հայտնվել: Ըստ հաշվարկների՝ գյուղացուն հասցված վնասը կազմել է մոտ 5 մլն դրամ, որից 3 մլն 100 հազար դրամը անասունների ընդհանուր արժեքն էր: «Այրված անասունների միսը վաճառքի համար արդեն պիտանի չէր, կրակի բաժին էր դարձել նաև անասնագոմին կից հացատանը պահեստավորված ձմռան ողջ վառելափայտը: Սուրեն Գրիգորյանը երկրորդ կարգի հաշմանդամ է, ապրում է ծնողների, կնոջ, երկու երեխաների ու քրոջ հետ: Դժվար կացության մեջ հայտնված բնակչին պետք է օգնենք, առաջիկա ավագանու նիստին հարցը քննարկման կդրվի: Անձամբ դիմել եմ նաև մարզպետին՝ բնակչին աջակցելու նպատակով»,- նշեց խոշորացված Մարմարաշեն համայնքի (որի կազմում է Շիրակ բնակավայրը) ղեկավար Կարեն Արշակյանը: Հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ: Ըստ գյուղացիների նախնական վարկածի՝ կրակը բռնկվել էր անասնագոմի ներսից, հոսանքի տատանման հետևանքով, այնուհետև տարածվել դեպի տանիք:

Տեղեկացանք նաև, որ այրված անասունների միսը 1 կգ 300 դրամով Գրիգորյանները վաճառել են գազանանոցին:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ