Գլխավոր Նորություններ «Այրվող սառույց»

«Այրվող սառույց»

1705
Տարածել

Դեռևս մի քանի տարի առաջ «այրվող սառույցը»՝ բնական գազի հիդրատը, ապագայի վառելիք էր համարվում: Չինացիները դրա առաջին հետքերը հայտնաբերեցին 2007-ին: 2009-ին Ռուսաստանում այս պաշարը հայտնաբերվեց Բայկալում, սակայն աշխատանքներ չսկսվեցին:

Այսօր արդեն Հարավչինական ծովի հյուսիսային հատվածում հայտնաբերված «այրվող սառույցի» պաշարներն արդյունահանվում են. առայժմ փորձնական նպատակով: Մեկ շաբաթում դուրս է բերվել 120 000 խմ բնական գազի հիդրատ, որում մեթանի պարունակությունը 99,5 տոկոս է: Փորձարարական աշխատանքներն իրականացվել են ծովի հատակից 200 մ խորության վրա, որտեղ ջրի խորությունը 1266 մ է:

«Այրվող սառույցը» ջրի և բնական գազի միացություն է, որը բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ վերածվել է բյուրեղային նյութի: Այս միացության 1 խմ-ը պարունակում է նույնքան էներգիա, որքան 160 խմ բնական գազը: Այս պաշարի արդյունահանումն իսկապես հեղափոխություն է էներգետիկ աշխարհում:

ՉԺՀ hողային և բնական պաշարների նախարարությունը հայտնել է, որ Չինաստանում հիդրոգազը (գազահիդրատը) փոխարինելու է էներգետիկ ռեսուրսներին: Շահագործումը նախատեսվում է սկսել 2030-ին: Իսկ մինչ այդ երկրաբանահետազոտական աշխատանքներ կիրականացվեն ծովային այլ տարածքներում: