Գլխավոր Ուսուցողական նյութեր ՀԱՋՈՂ ՓՈՐՁ՝ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՈՒՄ

ՀԱՋՈՂ ՓՈՐՁ՝ ԵՐԵՔ ՔԱՂԱՔՈՒՄ

590
Տարածել

 

Դեռևս անցած տարի՝ 2016-ի նոյեմբերին տեղեկացրել էինք, որ միջազգային կառույցների օգնությամբ մշակվում է «Աղետների ռիսկի կառավարման  ներառումը քաղաքային պլանավորման մեջ երկրատարածական վերլուծության միջոցով» փաստաթուղթը: Իսկ այս տարվա հուլիսին դարձյալ միջազգային կառույցների աջակցությամբ Երևանում անցկացվեց «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS) և հեռահար զոնդավորում» դասընթաց, որին մասնակցեցին 15 մարդ՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, Կապանի, Ստեփանավանի համայնքապետարաններից, Լոռու և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններից, «Լոռէ» փրկարարական ջոկատից: Երկրատարածական, կամ ինչպես մասնագետներն են ասում՝ GIS համակարգով վերլուծությունը թույլ է տալիս քաղաքային պլանավորման մեջ համադրել բոլոր տվյալները. բնական պայմաններ, քաղաքային հյուսվածք, ենթակառուցվածքներ, ռիսկային գոտիներ և այլն: Սա շատ դինամիկ գործիք է, և հիմա ամբողջ աշխարհում աճում է այն բնակավայրերի քանակը, որտեղ հատակագծերը մշակվում են հենց GIS վերլուծության միջոցով:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի կառավարման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի փոքր դրամաշնորհների ֆոնդի (The Catalytic Fund), Համաշխարհային բանկի և Եվրամիության օգնությամբ երկրատարածական վերլուծության միջոցով գնահատվել են Դիլիջան, Կապան, Ստեփանավան քաղաքների ռիսկերը: Քաղաքների ընտրությունը պատահական չէ: Սրանք «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» միջազգային արշավին միացած քաղաքներին: Քարոզարշավը սկսվել է 2010-ին՝ ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման միջազգային քարտուղարության՝ UNISDR,  նախաձեռնությամբ: Մինչ օրս արշավին միացել է մոտ 100 երկրի ավելի քան 3000 քաղաք, ավելի քան 700 մլն բնակչությամբ: Հայաստանի 49 քաղաքից արշավին միացել է 21-ը՝ Կապան, Մեղրի, Գորիս, Սիսիան, Քաջարան, Ագարակ, Իջևան, Դիլիջան, Ալավերդի, Ախթալա, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր, Եղեգնաձոր, Գյումրի, Ապարան, Երևան, Ստեփանավան, Նոյեմբերյան, Բերդ, Թումանյան:

Դիլիջանի համար երկրատարածական վերլուծությամբ ստացված ռիսկերի ամբողջական պատկերն արդեն համայնքային իշխանությանն է տրամադրվել: Հիմա առաջարկների ներկայացման փուլն է: Վերլուծության մեջ ներառված են հիմնական ռիսկերը, վտանգները, հնարավոր զոհերի քանակը և նյութական վնասների չափը: Կապանն ու Ստեփանավանը «Դարձնենք քաղաքները դիմակայուն. իմ քաղաքը պատրաստվում է» քարոզարշավում Հայաստանի առաջատարներն են, ու այս համայնքների համար երկրատարածական վերլուծության այլ շարունակություն է ընտրվել: Ըստ Արմեն Չիլինգարյանի՝ Կապանում և Ստեփանավանում կստեղծվեն նորարարական կենտրոններ: Կապանում ռիսկերի գնահատումից ծնված առաջարկների 64 տոկոսը ներառված է քաղաքի զարգացման ծրագրերում, Ստեփանավանում՝ գրեթե 100 տոկոսը: Ստեղծվելիք նորարարական կենտրոններում կմշակվեն երկրատարածական վերլուծության արդյունավետության բարձրացման ծրագրեր: Օրինակ՝ անօդաչու թռչող սարքերով երկրատարածական վերլուծություն, իսկ դրա համար պետք է նախագծել անօդաչու թռչող սարք՝ համապատասխան ծրագրային ապահովմամբ: Անօդաչու թռչող սարքի օգնությամբ հնարավոր է ուսումնասիրել զբոսաշրջային երթուղիները, բացահայտել ռիսկերը, անհրաժեշտության դեպքում փոխել երթուղին և բարձրացնել զբոսաշրջության անվտանգությունը՝ նվազեցնել ռիսկերը: Այս ամենը, բացի աղետների ռիսկի կառավարումից, կդառնա տեղական ռեսուրսի զարգացման ծրագիր: Կենտրոնում կլինեն ֆիզիկայի, քիմիայի լաբորատորիաներ, որտեղ կարող են փորձեր անել աշակերտները: Երեխան կհասկանա ֆիզիկական, քիմիական, կենսաբանական երևույթները ու շատ ավելի դյուրին կլինի ճանաչել այդ երևույթներից ծնվող ռիսկերը:

Երկրատարածական վերլուծությամբ ստացված տվյալները բաց են փրկարարների, համայնքի, մարզի, պետության ղեկավարության, աղետների ռիսկի կառավարման համայնքային թիմի համար: Նշված քաղաքներն ունեն նման թիմեր: Այս թիմը աղետների ռիսկի նվազեցման պլատֆորմն է համայնքի մակարդակում, թիմը «Մասնավոր-հասարակություն-տեղական-իշխանություն-պետություն» ձևաչափով  համագործակցություն է: Հայաստանում այս թիմերում ներառվում են  մասնագետներ տեղական և մարզային իշխանություններից, արդյունաբերական ձեռնարկություններից, էլեկտրաէներգիա և գազ մատակարարող ընկերություններից, կրթական և առողջապահական հաստատություններից: Սյունիքում կա 5 ջրամբար և հանքարդյունաբերության ձեռնարկությունների 9 պոչամբար: Աղետների ռիսկի կառավարման Կապանի թիմում են «Կապանի լեռնահարստացման կոմբինատը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», էլցանցը, գազամատակարար ընկերությունը, կրթական և առողջապահական հաստատություններ: Արդյունաբերական ձեռնարկությունները սեփական միջոցներով պոչամբարի և ջրամբարի պատնեշների սեյսմիկ ռիսկի մասնագիտական գնահատում են իրականացնում: Անհրաժեշտության դեպքում ուժեղացման աշխատանքներ կարվեն:

Այս տվյալները կներառվեն երկրատարածական վերլուծության մեջ: Պատնեշների վրա կտեղադրվեն չափիչ սարքեր, որոնք կմիանան ազդարարման միասնական համակարգին, և անգամ նվազագույն շարժը կֆիքսվի և տեղեկությունը արագ կհասնի պատկան կառույցներին: Արձագանքելու, օրինակ, տարհանում կազմակերպելու համար ժամանակը կմեծանա:

Սրան զուգահեռ ձեռնարկությունները սեփական միջոցներով և կամավորների օգնությամբ աղետների ռիսկի նվազեցման դասընթացներ են կազմակերպում կրթական հաստատություններում: ՄԱԿ-ի Զարգացման  ծրագիրը պատրաստում է տեսանյութեր, այդ թվում՝ մանկապարտեզի երեխաների համար մուլտֆիլմեր, որոնք շուտով կտրամադրվեն դասընթացները վարողներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ