Գլխավոր Ուսուցողական նյութեր ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ-2018

ՆՈՐ ՏԱՐԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ-2018

528
Տարածել

Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է միջոցառումների ծրագիր: Ամանորյա տոնակատարություններն այս տարի կմեկնարկեն ավելի վաղ:

Դեկտեմբերի 8-ին, ժամը 19-ին, հանդիսավորությամբ կբացվի Կարապի լճի սահադաշտը: Ձմռան ամիսներին ամեն օր կգործի նաև Իրինա Ռոդնինայի սահադաշտը: Դեկտեմբերի 19-ին, ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակում՝ կվառվեն գլխավոր տոնածառի լույսերը:

Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 22-ից մինչև հունվարի 1-ի ժամը 1-ը մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի համար հանրապետության գլխավոր տոնածառի շուրջը կազմակերպելու է «Նոր տարվա գիշերը» ծրագիրը: Միջոցառումը կուղեկցվի դիսկոտեկով, իսկ ուղիղ կեսգիշերին Նոր տարվա գալուստը կազդարարի տոնական հրավառությունը:

Այս տարի առաջին անգամ տոնական միջոցառումներով հագեցած կլինեն նաև հունվարի 1-ը, 2-ը և 3-ը: Ազատության հրապարակում երիտասարդների, մեծերի ու մանուկների համար նախատեսված է հետաքրքիր ծրագիր: Տոնական երթուղով կաշխատի «Երևան Սիթի Տուր» ծրագիրը, որը կգործի դեկտեմբերի 20-ից՝ Հանրապետության հրապարակից:

Տոնական օրացույցում կառանձնանա նաև Հունվարի 6-ը: «Սուրբ Ծնունդը Երևանում» Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ կնշվի տոնածիսական համերգային ծրագրով:

Ամանորին տոնական բացօդյա միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի բոլոր համայնքների կենտրոնական հատվածներում:

Մայրաքաղաքում Ամանորի միջոցառումները կամփոփվեն Ազատության հրապարակում նախատեսված տոնական համերգով՝ հունվարի 13-ին՝ ժամը 19:00-ին:

Հունվարի 2-7-ը՝ ժամը 11-17-ը, այցելուների համար բաց կլինեն նաև երևանյան թանգարանները:

Միջոցառումների ծրագրում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական բաղադրիչին: Ամանորին ընդառաջ սոցիալական որոշակի խմբերի 23 հազար ընտանիքի կտրամադրվեն պարենային փաթեթներ: Մայրաքաղաքի շուրջ 40 հազար երեխաների համար էլ պատրաստվել են նվերներ: Բացի դրանից, 4000 երեխա հնարավորություն կունենա անվճար այցելելու թատրոններ և դիտելու ամանորյա ներկայացումներ:

Տոնական բոլոր միջոցառումների անվտանգությունն աննկատ կհսկեն փրկարարները: