Գլխավոր Նորություններ ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՈՐ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

731
Տարածել

Սեպտեմբերի 28-ին կառավարությունը հաստատել է «ՀՀ կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը»:

Փաստաթուղթը մշակել են արտակարգ իրավիճակների և առողջապահության նախարարությունները: Ռազմավարության հիմնական նպատակն է կատարելագործել և ամրապնդել կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման համակարգը՝ ներքին և արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու, ինչպես նաև մարդու, շրջակա միջավայրի վրա կենսաբանական, քիմիական ու ճառագայթային սպառնալիքների ռիսկերը նվազեցնելու համար:

Ծրագրով 2017-2022 հատվածի համար սահմանված է ավելի քան 50 միջոցառում. կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման ոլորտում օրենսդրության վերլուծություն և կատարելագործում, կենսաբանական գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության պաշտպանության  համակարգի կատարելագործում, հակամանրէային կայունության համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում, ճառագայթային, քիմիական, կենսաբանական սպառնալիքների ներուժ ունեցող կառույցների հաշվառում ու անձնագրավորում, «Կենսաբանական, քիմիական և ճառագայթային գործոնների հետ աշխատող լաբորատորիաներում ռիսկերի կառավարման ծրագրի» ընդունում, ազգաբնակչության առողջության համար վտանգ ներկայացնող իրադարձությունների  արագ գնահատման ուղեցույցի մշակում, քիմիական, կենսաբանական  և ճառագայթային  գործոնով պայմանավորված արտակարգ իրավիճակներին արձագանքման  բազմոլորտ վարժանքների անցկացում՝ «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային ընդհանուր վթարի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը և իրականացումը», «Քլոր տեղափոխող ավտոմեքենայի վթարի դեպքում հակազդման գործողությունների իրականացումը», «Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում ճառագայթային և քիմիական բնույթի պատահարներին հակազդում» և այլն:

Քիմիական թունավորումների, ճառագայթային ախատահարումների, վարակիչ  հիվանդությունների դեմ պայքարին և կանխարգելմանն առնչվող մասնագետների, պետական կառույցների ներկայացուցիչների համար պարբերաբար կկազմակերպվեն դասընթացներ, սեմինարներ, վերապատրաստումներ, իսկ քաղաքացիների համար նախ կիրականացվի կենսաբանական, քիմիական, ճառագայթային գործոնների բացասական ազդեցության և վերջինիս կանխարգելման վերաբերյալ իրազեկվածության մակարդակի և կարիքների գնահատում, ապա կմշակվի կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման ազգային համակարգ:

Հանրապետության տարածքի առանձին հատվածներ բնական օջախ են տարբեր վտանգավոր վարակների՝ ժանտախտի. սիբիրախտի, լեպտոսպիրոզի, էրիզիպելոիդի համար: Հանրային առողջության համար քիմիական վտանգավոր աղբյուր են հանքարդյունաբերության, շինարարական և քիմիական նյութերի արտադրության, էներգետիկական արդյունաբերության ձեռնարկությունները, ժամկետանց թունաքիմիկատների պահեստները և գերեզմանոցները, պոչամբարները, կենցաղային աղբավայրերը, արտանետումները: Ի հավելումն՝ հանրապետության տարածքում առկա քիմիապես վտանգավոր օբյեկտները, խորհրդային տարիներից մնացած տարաբնույթ  քիմիական, այդ թվում՝ թունավոր և խիստ թունավոր նյութերի առկայությունը, որոնք գտնվում են չաշխատող և պատշաճ վերահսկողության չենթարկվող ձեռնարկություններում և քիմիական լաբորատորիաներում:

Մեր երկրում կան նաև խորհրդային տարիներից մնացած նախկին «Հայգյուղքիմիա» արտադրական միավորման հիմնականում քանդված կամ կիսաքանդ պահեստային շինություններ, որոնցում մնացել են ժամկետանց թունաքիմիկատներ:

Ռազմավարության կյանքի կոչելու արդյունքում կունենանք կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության կառավարման կատարելագործված համակարգ, կենսաբանական, քիմիական և ճառագայթային անվտանգության ապահովման կայուն մեխանիզմներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ