Գլխավոր Միջոցառումներ Կինոլոգների հերթական վարժանքը՝ Արզնիում

Կինոլոգների հերթական վարժանքը՝ Արզնիում

3627
Տարածել

Հունիսի 24-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատն Արզնու ձորում անցկացրեց հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում արդեն փորձառու եւ վարժեցման կուրսը նոր ավարտած շները՝ Ռեքսը, Ցեզարը, Լունան, Լանան ու Մալտան, կատարեցին փլատակներում տուժածի որոնման աշխատանք:

Ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Էդգար Գալոյանի խոսքով՝ բոլոր 11 շունն էլ ներկայումս մարտունակ են: Ամեն ամսվա վերջում պլանով նախատեսված ուսումնավարժություն կա տարբեր տեղանքներում: Վարժություններն աստիճանաբար բարդացվում են, օրինակ՝ հաշվի են առնվում շրջապատում առկա բարձր աղմուկը, եղանակային պայմանները: Պետք է անընդհատ բացահայտել շների հնարավորության սահմանները:

Ջոկատի տարածքում եւս փոփոխություններ են եղել. վարժահրապարակն ընդլայնվել է, տեղադրվել են նոր վարժասարքեր, կառուցվել է երկու կացարան եւ առանձին տարածք, որտեղ կենդանին կարող է հանգստանալ կամ մեկուսանալ որեւէ խնդրի դեպքում:

«Մալինուա տեսակի բելգիական հովվաշուն ենք ձեռք բերել, որն այս պահին ընդհանուր վարժեցման փուլում է: Ուզում ենք հետախուզական աշխատանքներում ընդգրկել: Սովորական հովվաշան եւ լաբրադորների համեմատ մալինուան գերակտիվ շուն է, եռակի արագ է աշխատում, ֆիզիկապես ավելի ամուր է»,- մանրամասնեց հրամանատարը:

Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ-կինոլոգիական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ մայոր Լիլիթ Ղազարյանը նշեց՝ տեղանքի կողմնորոշման վարժության էությունը նրանում է, որ զարգանա կենդանու որոնողական բնազդը, մարդու հանդեպ հետաքրքրությունը, նրա հետ կապված դրական էմոցիաները: Հետեւաբար՝ շներին որոնողական աշխատանքի ընթացքում հրահանգներ չեն տրվում, իսկ տուժածի հետքը հայտնաբերելիս կինոլոգը վարժությունը չի դադարեցնում այնքան ժամանակ, մինչեւ կենդանին վստահորեն ու տեւական ժամանակ չհաչա:

Հիմնական խնդիրը շարունակում է մնալ նոր՝ շներին անծանոթ, տարածքներում վարժանքներ անելը, որպեսզի շունը կարծրատիպային մտածողություն ձեռք չբերի:

«Նույն տարածքում ամսվա մեջ կարող ես երկու անգամ աշխատել, ավելին իրավունք չունես: Նոր միջավայրը շան համար գրգռիչ է, նա սկզբում սկսում է ծանոթանալ, ապա անցնում բուն որոնողական աշխատանքին: Մարդկանց պես շները ինչ-որ բան անելիս հեշտ ճանապարհ են փնտրում, պետք է այնպես անենք, որ նրանք որեւէ տեղանքում չդժվարանան աշխատել»,- ասաց Լիլիթը:

Կորոնավիրուսի պատճառով նախորդ տարվանից հետաձգվում է ռուս գործընկերների՝ ՌԴ ԱԻՆ Հյուսիս-Արեւմտյան շրջանի կինոլոգիական ծառայության պետ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ ՌԴ ԱԻՆ Պետական հակահրդեհային ծառայության Սանկտ Պետերբուրգի համալսարանի կինոլոգիական կենտրոնի պետ Նադեժդա Նիկոլաեւնայի այցը, որոնք մեր ջոկատում անցկացնում են որակավորման բարձրացման դասընթացներ:

Մանրամասներին դեռ կանդրադառնանք:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ