Գլխավոր Նորություններ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

704
Տարածել

«Սուպեր Դավիթ» առցանց նոր խաղը հասանելի կլինի երկու շաբաթից

«Ամենահաս Դավիթը» աղետների ռիսկի նվազեցման կրթության ծրագրերում առաջին անգամ երևաց 2011-ին, երբ Եվրամիության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ հրատարակվեց ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետների մշակած «Գիտեմ, պատրաստ եմ, կարող եմ» աղետների ռիսկի նվազեցման կրթության ձեռնարկը տարրական դպրոցի աշակերտների համար: Այստեղ «Ամենահաս Դավիթը» երեխաների հետ խոսում էր ոտանավորներով (հեղինակ՝ Համլետ Մաթևոսյան): Օրինակ՝ սենյակի անվտանգ կահավորման մասին.

 

Մի մեխ չունե՞ս,

Պահարանդ պատին խփես:

Ի՞նչ կլինի,

Պահարանդ դու դռներից

Հեռու դնես:

 

Այս սեպտեմբերի 2-4-ը Երևանում անցկացված Arm-Security անվտանգության բարձր տեխնոլոգիաների առաջին միջազգային ցուցահանդեսում «Ամենահաս Դավիթը» ներկայացավ խոսող տիկնիկի տեսքով: Աշխարհում խոսող տիկնիկներ շատ կան: Դավիթը խոսում է աղետները ճանաչելու և աղետների ռիսկը նվազեցնելու մասին: Առայժմ մեկ տիկնիկ կա, որը խոսում է էլեկտրական հոսանքի օգտագործման կանոններին հետևելու կարևորության մասին, որ հրդեհ չլինի: Կարող է խոսել աղետների ռիսկի կառավարման ցանկացած այլ ուղղության մասին: Այս տարվա փետրվարին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Dasaran.am կայքի միջև սկսված անվտանգության մշակույթի ձևավորմանն ուղղված համագործակցության արդյունքում «Սուպեր Դավիթը» առցանց խաղի հերոսի տեսքով է ներկայանում տարրական դպրոցի աշակերտներին: Անվտանգության մշակույթի ձևավորման կրթությունը պետք է սկսել ամենացածր տարիքից ու դրա համար էլ «Սուպեր Դավիթը» տարրական դպրոցի աշակերտների համար նախատեսված խաղի հերոս է: Dasaran.am-ն ավելի քան 987 հազար օգտատեր ունեցող կրթական միջավայր է, որտեղ նորարարական ուսուցումը լայն հորիզոններ է բացում երեխաների համար: Կայքի կարգախոսն է՝ «Կրթությունը պետք է լինի հաճույք, այլ ոչ թե պարտադրանք»:

Կայքի առաքելությունն է կրթությունը հասանելի դարձնել բոլորին` անկախ սոցիալական կարգավիճակից և աշխարհագրական դիրքից, տրամադրել այլընտրանքային ուսուցման հնարավորություն, հեռահաղորդակցման անվտանգ հարթակ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայ աշակերտների համար: Կայքում կա ավելի քան 50 խաղ՝ դպրոցական բոլոր տարիքի երեխաների համար:

«Սուպեր Դավիթ» խաղի կարգախոսն է՝ «Եղիր տեղեկացված և կարողացիր օգնել ընկերներիդ արտակարգ իրավիճակներում»:

«Սուպեր Դավիթը» պետք է անցնի ութ աշխարհ՝ երկրաշարժ, կայծակ, սողանք, հրդեհ, սելավ, ջրհեղեղ, քարաթափում, ուժեղ քամի-փոթորիկ: Ամեն աշխարհում նա թեստ է անցնում՝ ընտրում է առաջադրված հարցի չորս պատասխանից մեկը: Օրինակ՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ, կամ նկարներում պատկերված տարբերակներից ո՞րն է ճիշտ և այլն: Ամեն աշխարհում՝ յոթ թեստ, ընդամենը՝ 56 թեստ: Ամեն ճիշտ հարցից հետո «Սուպեր Դավիթը» պարգև է ստանում՝ փրկարարական գույք՝ սաղավարտ, կրակմարիչ, կացին և այլն: Բոլոր աշխարհները հաջողությամբ անցնելուց հետո «Սուպեր Դավիթը» ստանում է «911» ուղղաթիռ, որով կարող է արագ օգնության հասնել ամենուր և ամենքին:

Բոլոր աշխարհներն անցնելու համար կպահանջվի մոտ 2,5 ժամ, սակայն կարիք չկա 2,5 ժամ «կպչել» համակարգչին: Խաղի կառուցվածքը թույլ է տալիս խաղալ քիչ-քիչ, մաս-մաս, ամեն օր անցնելով որոշակի հատված՝ հաջորդ օրը շարունակել կիսատ թողած մասից: Խաղն ունի նաև լավագույնների ցուցակ, որտեղ կերևա, թե որ դպրոցի որ աշակերտն է առավել տեղյակ անվտանգության մշակույթին:

«Սուպեր Դավիթ» խաղը հասանելի կլինի ամենաուշը հոկտեմբերի առաջին շաբաթում: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և Dasaran.am-ի ղեկավարություններն այս պահին գոհ են արված աշխատանքից: Հետագայում խաղը մշտապես կթարմացվի, կարդիականացվի: Կարող են լինել բազմամակարդակ կամ նոր խաղեր, պատկերավոր ասած, ըստ տեղանքների՝ այն վայրերի, որտեղ լինում են երեխաները. «Սուպեր Դավիթը» բնության պաշտպան, ընդդեմ անտառային հրդեհների», «Սուպեր Դավիթն» ընդդեմ շինությունների հրդեհների», «Սուպեր Դավիթն» ընդդեմ տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մետրոյի հրդեհների» և այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ