Գլխավոր Նորություններ ՈՒՌԵԿԻՈՒՄ ՓՐԿԵԼ Է ՎՐԱՑԻ ՏՂԱՅԻՆ

ՈՒՌԵԿԻՈՒՄ ՓՐԿԵԼ Է ՎՐԱՑԻ ՏՂԱՅԻՆ

699
Տարածել

Այնինչ մտածում էր, թե ուշացել է, չի հասցնի փրկել…

«Լոռէ» փրկարարական  կամավորական ջոկատի փրկարար-հրահանգիչ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի աշխատակից Աշոտ Կարապետյանը օրերս Վրաստանի Ուռեկի հանգստավայրում ընտանիքի հետ արձակուրդն անցկացնելիս փրկել է ծովում խեղդվող վրացի 12-ամյա տղայի կյանքը: Գիորգին իր մոր և բարեկամուհու հետ էր հանգիստն անցկացնում լողափին: Մեծերը  նույնիսկ չէին նկատել, որ տղան խեղդվում է ծովում և օգնության կարիք ունի:

9-օրյա հանգստի չորրորդ օրն էր, Աշոտը սովորականի պես լողում էր ծովում, ափից 30-35 մ հեռավորության վրա էր, երբ հանկարծ լսեց խեղդվող երեխայի ձայնը: «Արագ  լողացի դեպի 3-4 մ այն կողմ գտնվող տղան: Նա արդեն կապտած էր, գրեթե անշնչացած, ջրի հատակն էր իջնում: Փորի վրա պառկած, դեպի ափ լողալով, դուրս բերեցի, ճանապարհին խոսում էի հետը, բայց չէր արձագանքում, թուլացած, ուշագնաց էր: Հենց զգացի ոտքերս գետնին են դիպչում՝ արագ առաջին օգնություն ցուցաբերեցի,  համապատասխան գործողությունների շնորհիվ հաջողվեց դուրս հանել կուլ գնացած ջուրը: Կամաց-կամաց ուշքի եկավ,  սկսեց արձագանքել: Ափին գտնվող մայրը շոկի մեջ էր, միայն ոՏսՖՔՏպ րտՈրՌոՏ  էր ասում, չէր հասկանում ինչ էր կատարվում»,- պատմում է «Լոռէ»-ի փորձառու փրկարարը,  որը վերջերս է վերադարձել Ուռեկից և տեղեկացել, որ իր հերոսական արարքի լուրն արդեն հասել է նաև Հայաստան: Դեպքի մանրամասները դեռ թարմ են նրա հիշողության մեջ: Ասում է՝ այդ օրը ծովափնյա նշված հատվածում վրացի փրկարարների չի նկատել, միայն դեպքի հաջորդ օրն արդեն լողափին հսկողությունն ուժեղացվեց: «Տղայի խեղդվելու հատվածում ջրի բարձրությունը մոտ 2 մ էր: 15 օր առաջ փոթորիկ էր եղել, ավազը տարբեր հատվածներում խորություններ էր առաջացել, տեղ կար, որ առաջ ոտքդ գետնին դիպչում էր, բայց  փոթորկից հետո արդեն  հնարավոր չէր դիպչել ծովի հատակին: Երևի Գիորգիի մայրն էլ հանգիստ էր, որ տղան խոր հատվածում չի լողում: Երբ տղային խեղդվելուց փրկեցի, ափ հասցրեցի, այնտեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային, բացի սրտացավ հայերից, ոչ ոք չմոտեցավ ու օգնություն չառաջարկեց, անտարբեր նայում էին հեռվից»:

Փրկարարը ջոկատի հիմնումից ի վեր  բազմաթիվ դեպքերի է արձագանքել, բազում կյանքեր փրկել, բայց սա առաջին դեպքն էր, երբ հանգստի ժամանակ է օգնության հասել և միայնակ  գործել: Անկեղծանում է՝ կանչերի դեպքում արձագանքելն այլ բան է, իսկ անսպասելի իրավիճակին բախվելն ու վայրկենապես գործի անցնելը՝ այլ: Ասում է. «Վախ կար մեջս, մտածում էի, թե ուշացել եմ, չեմ հասցնի փրկել…»:

Աշոտ Կարապետյանն իր կնոջ՝  Աննա Չիլինգարյանի և դստեր՝ մեկուկես տարեկան Ասյայի հետ  բարեկամացել են Գիորգիի և նրա մոր հետ, տղայի հետ լուսանկարվել,  որը որպես խոսուն վկա դեռ երկար թարմ կպահի օրվա հիշողությունը:

Նման իրավիճակներից խուսափելու համար փրկարարը զգոնության կոչ է անում բոլոր ծնողներին և խորհուրդ տալիս երեխաներին թույլատրել լողալ միայն ափամերձ հատվածներում:

Նրա խոսքով՝  առաջին դեպքը չէ, երբ իրենք օգնության ձեռք են մեկնում վրացիներին: Հիշում է, թե ինչպես 1991-ին «Լոռէ» ջոկատը օգնության հասավ Սաչխերեյի աղետալի երկրաշարժից տուժած բնակիչներին: Հայաստանից դեղորայք, սնունդ, առաջին անհրաժեշտության այլ պարագաներ են հասցրել, վիրահատությունների համար նախատեսված վրաններում լուսավորություն ապահովել:

Աշոտը  կամավոր փրկարարի ուղին սկսվել է 1989-ից, երբ Սպիտակի երկրաշարժից հետո ձևավորվեց «Լոռէ»-ն:

«Փոքր ժամանակվանից սիրել եմ սարեր-ձորեր կտրել-անցնել, 7-8-րդ դասարաններում մանկապատանեկան տուրիստական բազայում կազմակերպվող բազմաթիվ արշավների, մրցումների եմ  մասնակցել: Երբ ստեղծվեց ջոկատը,  պատանի տուրիստներով համալրեցինք ջոկատի շարքերը:

Այն ժամանակ 17-18 տարեկան կլինեի, դպրոցը նոր էի ավարտել: Տարիների ընթացքում մասնագիտացանք, դժվարին իրավիճակներում գործելու փորձ ձեռք բերեցինք:

Փրկարարի գործն իմ կյանքի անբաժան մասն է դարձել:

Փրկարար եմ հոգով, անկախ նրանից, թե որտեղ եմ՝ ծովափին, թե լեռներում, միշտ զգոն եմ ու պատրաստ  օգնության հասնելու»,- ասում է հրահանգիչը, որը 2011-ին ավարտել է  Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան՝ «Պաշտպանություն արտակարգ իրավիճակներում» բաժինը՝  մանկավարժի մասնագիտացմամբ:

Փրկարարական գործունեության մոտ երեք տասնյակ տարիների ընթացքում շատ ահազանգերի հետքերով է գնացել, բայց առավել տպավորվել է 7-8 տարի առաջ Ալավերդու տարածաշրջանի ժայռերից մեկում՝ 400-500 մ բարձրության վրա մնացած տղային փրկելու դեպքը:

«Գիորգիից մի քանի տարով էր մեծ տղան, մնացել էր ժայռի բարձունքին, տեղաշարժվելու հնարավորություն չուներ, արդեն հոգնել էր, հոգեպես ընկճվել, ուզում էր ընկնել, բայց 6-7 ժամ աշխատելուց հետո կարողացանք փրկել: Բարձրախոսով խոսում էինք տղայի հետ, աջակցում, մինչև տղաները ժայռի վերևից պարաններով հասան նրան»,- պատմում է Աշոտ Կարապետյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ