Գլխավոր Նորություններ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

1244
Տարածել

Պաշտպանական կառույցների օրինակելի մոդուլներ

Հայաստանին սպառնացող ռիսկերն են. աշխարհաքաղաքական դիրք, տարածքի ռելիեֆ և կտրտվածություն, տարածաշրջանում սառեցված հակամարտություններ: Այս ամենը պետք է նկատի ունենալ բնակչության պաշտպանության և տնտեսության անխափան գործունեության ապահովման հիմնախնդիրները լուծելիս:

 

Ցանկացած երկրի բնակչության պաշտպանության գլխավոր երաշխավորը պետական կառույցներն են, սակայն կարևոր է միասնական մոտեցումը՝ կառավարող մարմնից մինչև բնակիչ, անվտանգության մշակույթի ձևավորում, ինչը ենթադրում է նաև կրթական-ուսուցողական ծրագրեր:

Բնակչության պաշտպանության բաղադրիչներն են. տարհանում, անհատական պաշտպանության միջոցներով ապահովում և պատսպարում պաշտպանական կառույցներում: Խոսենք պաշտպանական կառույցների մասին:

Խաղաղ պայմաններում նախատեսվում է կառուցել միայն քաղաքացիական պաշտպանության ապաստարաններ և հակաճառագայթային թաքստոցներ, այն էլ խոշոր քաղաքների բնակչության և կարևորագույն օբյեկտներում աշխատող անձնակազմի համար: Իսկ ոչ մեծ բնակավայրերի համար՝ պարզագույն թաքստոցներ, արագ կառուցվող ապաստարաններ, հակաճառագայթային թաքստոցներ: Հակաճառագայթային և պարզագույն թաքստոցների պաշտպանունակության աստիճանը փոքր է, դրանք պաշտպանության լիարժեք միջոց չեն: Այդ իսկ պատճառով առաջարկվում է կառուցել արագ կառուցվող ապաստարանի 2 մոդուլ, որոնք բացի բնակչության հուսալի պաշտպանությունից՝ կարող են ծառայել նաև որպես տարհանման ժամանակավոր հավաքակետեր: Նման կառուցներն այսօր չափազանց կարևոր են:

Օրինակելի մոդուլը նախատեսվում է 70 մարդու համար (կարող է կառուցվել առավելագույնը մինչև 300 մարդու համար): Հայաստանում շահեկան է 70 տեղանոցը, քանի որ Հայաստանի համար սահմանամերձ բնակավայրերի բնակչության թվաքանակը մեծ չէ:

Արագ կառուցվող մոդուլն ունի երկու մուտք, որոնցից մեկը՝ վթարային, պաշտպանիչ և հերմետիկ դռներով: Նաև՝ օդափոխման համակարգ, հիմնական և օժանդակ սենյակներ, սանհանգույցներ, ջրի և թափոնների տարաներ: Ծավալի արդյունավետ օգտագործման համար նպատակահարմար է իրականացնել պատսպարվողների երկհարկանի դասավորություն, որի դեպքում կառույցի բարձրությունը պետք է լինի 1,9 մ-ից ոչ պակաս: Արագ կառուցվող ապաստարանի տեղն ընտրվում է այնպես, որ աշխատատեղին մոտ լինի: Մուտքի առջև կառուցվում է ջրհավաք փոսորակ և ծածկ: Երկու մուտքերի դռներն էլ պիտի բացվեն դեպի ներս, որովհետև ռմբակոծությունից առաջացած հարվածային ալիքը նախամուտքում կարող է առաջացնել ավելցուկային ճնշում, որն իր վրա կվերցնի հերմետիկ դուռը:

Արագ կառուցվող ապաստարանները լինում են կոլեկտորային և խողովակաշարային: Կոլեկտորների բաղադրիչները պատրաստվում են ամուր երկաթբետոնե ամրաններով: Կոլեկտորները խաղաղ ժամանակ օգտագործվում են որպես ջրահեռացման կոյուղատարրեր, դրենաժային համակարգեր: 2,5 մ երկարությամբ կոլեկտորային մոդուլը հարմար է օգտագործել նաև այն պատճառով, որ լրացուցիչ տեխնիկայի կարիք չի զգացվի դրանք շինարարական հրապարակ տեղափոխելու համար, տեղափոխումը կարելի է իրականացնել սովորական ինքնաթափերով, բեռնատարներով կամ կցորդներով: Փորձը ցույց է տվել, որ 2 մ տրամաչափի խողովակներն ամենանպատակահարմարն են, ավելորդ ծավալի կորուստներ չկան:

 

Հրապարակումը պատրաստվել է Պերճ Կարապետյանի «Բնակչության պաշտպանունակության և գործունակության ապահովումն արդի ժամանակահատվածում» զեկույցի հիման վրա: Զեկույցը ներկայացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 25-ամյակին նվիրված գիտաժողովին