Գլխավոր Նորություններ ԱՐՑԱԽԻ ԿԼԻՄԱՆ

ԱՐՑԱԽԻ ԿԼԻՄԱՆ

1069
Տարածել

Անհրաժեշտ է իրականացնել լիարժեք ուսումնասիրություն

Արցախում կլիմայի և դրա փոփոխության վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքերը կարևոր են տնտեսության կայուն զարգացման, քաղաքաշինության, գյուղատնտեսության, բանակաշինության, առողջապահության, տուրիզմի, ջրային ռեսուրսների կառավարման առումով: Էներգետիկայի ոլորտներին տեղեկատվությամբ ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք կլիմայական մոնիթորինգ: Այդ ուսումնասիրությունների անհրաժեշտության մասին բարձրաձայնվել է դեռևս 1996 թվականից՝ հիմնականում գիտական կառույցներում, սակայն մինչ այժմ խնդրին լուծում չի տրվել:

Իսկ խնդրին լուծում տալու համար ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության մասնագետները հավաքագրեցին Արցախում ու նրան հարակից տարածքներում բոլոր ժամանակներում կատարված դիտարկումների արդյունքները՝ ըստ 14 օդերևութաբանական կայանների: Այդ դիտարկումների արդյունքները վերցված են 1881-1917 թթ. Ցարական Ռուսաստանի կազմում՝ Արցախում տեղակայված օդերևութաբանական կայանների դիտարկումների պահպանված տվյալները (Թբիլիսիի արխիվ), 1927-1991 թթ. ԽՍՀՄ կազմում եղած ժամանակահատվածի օդերևութաբանական դիտարկումների տվյալները (Ռուսաստան, Օբնինսկ, տվյալների արխիվ) և 1991-2015 թթ. Ստեփանակերտի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի օդերևութաբանական կայաններից վերցված դիտարկումների տվյալները: Նշենք, որ միջազգային չափանիշներին համապատասխան (8-ժամյա դիտարկումներ) իրականացվում է միայն Ստեփանակերտում:

Տվյալները համակարգված, մշակված և վերլուծված են համաձայն միջազգային չափորոշիչներով ընդունված մեթոդական ցուցումների և օգտագործվել են հետագա ուսումնասիրություններում:

«Հայաստանի կլիմայական տեղեկագրի» անալոգով պատրաստվել է «Արցախի կլիմայական տեղեկագիրը» (շուրջ 100 էջ)՝ օգտագործելով կլիմայական մոնիթորինգի տվյալները, որտեղ ներառված են կլիմայական բոլոր hարաչափերը: Տեղեկագիրը կարիք ունի խմբագրման և տպագրման:

Մշակվել է նաև կլիմայի փոփոխության գնահատման, ինչպես նաև կլիմայական սցենարների կանխատեսման համար անհրաժեշտ տվյալների շտեմարան (75 էջ), որում ներառված են 1951-2015 թթ. տարեկան, ամսական, սեզոնային կտրվածքով Արցախում օդի ջերմաստիճանի, մթնոլորտային տեղումների արժեքները: Այդ տվյալները կարող են օգտագործվել Արցախի ուսումնական հաստատություններում, գիտահետազոտական կառույցներում, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված խնդիրների լուծման համար:

Ըստ գնահատականների՝ 1951-2015 թթ. ընթացքում ջերմաստիճանը Արցախի ամբողջ տարածքում աճել է 1,050C, իսկ տեղումները նվազել են 8,3 տոկոսով: Ջերմաստիճանի առավելագույն աճը դիտվել է Ասկերանում՝ 1,460C, իսկ տեղումները զգալիորեն նվազել են Ջերմաջուրում (Իստիսու) և Թարթառում (Միր Բաշիր)՝ մոտ 13 տոկոսով:

Ներքևում բերված են 1961-1990 թվականների փաստացի և 2071-2100 թվականներին մոդելային հաշվարկներով ջերմաստիճանի բաշխվածության քարտեզները:

Կլիմայի փոփոխության կանխատեսումների համաձայն՝ օդի միջին ջերմաստիճանը ԼՂՀ-ում 2011-2040 թվականներին կաճի 1,540C-ով, 2041-2070 թթ. կանխատեսվում է ջերմաստիճանի աճ 3,20C-ով, իսկ 2071-2100 թթ. կտրվածքով՝ 5,50C-ով:

Քանի որ Արցախի տարածքը կլիմայական մոնիթորինգի տեսանկյունից համարվում է ոչ լուսաբանված տարածք, ուստի «Հիդրոմետ» ծառայությունը կօժանդակի Արցախի մասնագետներին պատրաստել միջազգային կառույցներին ներկայացվելիք հաշվետվություններ՝ Հայաստանի օրինակով:

Այդ նպատակով մեր կողմից որպես նմուշ պատրաստվել է կլիմայական տեղեկատվություն Արցախի համար՝ օգտագործելով 1951-2015 թթ. դիտարկումների տվյալները: Համապատասխան միջազգային կառույցներին այդ տեղեկատվության ուղարկման՝ հարցերը կքննարկվեն Արցախի որոշում կայացնող անձանց հետ:

Միաժամանակ նախատեսվում է համատեղ գնահատել Արցախի ջրային ռեսուրսները, գետային հոսքերը, գարնանային հորդացումները և ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայի փոփոխություններից, մշակել գյուղատնտեսական մշակաբույսերի (հացահատիկ, կարտոֆիլ, ծխախոտ, բանջարանոցային, խաղող և այլն) աճման, զարգացման և բերքատվության կանխատեսման մեթոդները՝ ելնելով ագրոկլիմայական պայմաններից, ինչպես նաև տարածաշրջանում բերքի խոցելիությունը կլիմայի հնարավոր փոփոխության ազդեցության հետևանքով, ուսումնասիրել կլիմայի փոփոխության և անապատացման հիմնահարցերն Արցախում:

 

Համլետ ՄԵԼՔՈՆՅԱՆ

«Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական