Գլխավոր Նորություններ ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼԸ

ԲԱՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՔՐԻԿ ՄՈԴԵԼԸ

934
Տարածել

Կրթահամալիրի ամենամարդասիրական ներդրումը

Կանաչապատ լանջեր

Մայրաքաղաքի Հարավարևմտյան զանգվածում կողք-կողքի երկու զուգահեռ իրականություն կա: Մեկը ժառանգել ենք խորհրդային ժամանակներից: Մեր աչքն արդեն 40 տարի վարժվել է բակերը միմյանցից բաժանող հենապատերին, ճաղապատ մանկապարտեզներին ու խաղահրապարակներին, շենքերի բակերում՝ ցանկապատով մասնատված հողակտորներին: Այս պատկերներին հակադրվում է մյուս իրականությունը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ստեղծած բաց համայնքը՝ յոթ մասնաշենքերի շրջակայքն այլևս ազատ է արգելապատնեշներից:

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ շրջում ենք դպրոցների մերձակայքով: Նա ցույց է տալիս գրունտե կամ ավազե ճանապարհները, հեծանվուղիները, նորատունկ այգիները, կանաչապատ փոքրիկ լանջերը, որոնք գոյացել են հենապատերը քանդելու արդյունքում: Ամեն քայլի հեծանվորդներ ու մանկասայլակով ծնողներ են զբոսնում: Հասնում ենք Գեղարվեստի դպրոցին: «Տեսեք, այստեղ հսկա անհաղթահարելի պատնեշ էր, որ բաժանում էր Բ-1 թաղամասի արևմտյան և արևելյան հատվածները: Մենք քանդեցինք պատնեշը, և հիմա բնակիչներն անարգել շրջում են տարածքում,- ասում է կրթահամալիրի տնօրենը:- Բնակավայրը պետք է առավելագույնս հարմար, անվտանգ ու ներառական լինի բնակչի համար: Իհարկե, այսպիսի միջավայրը խնամք է պահանջում: Դրա համար են մարդիկ ձգտում ասֆալտապատել, պատնեշել, մեկուսացնել տարածքները»:

Դպրոցից դպրոց անցնելիս երբեմն հատում ենք հարևան «վտանգավոր գոտիները», ինչպես Աշոտ Բլեյանն է բնորոշում բարձր, նեղ աստիճաններն ու կիսաքանդ նեղլիկ ճանապարհները՝ առանձնացված «մահաբեր պատերով»: Հենապատերն իսկապես լավ վիճակում չեն: Տարիների հողմնահարումները իրենցն արել են. քարերի մի մասն ընկել է, մի մասն էլ շարժվում են, կարող են թափվել: Սեբաստացիները տարիներ շարունակ հենց այսպիսի «անիմաստ, անտեղի, վտանգավոր» պատերից են ազատել՝ վերածելով դրանք զմրուխտե լանջերի:

 

Ապաստարաններ

 

Կրթօջախի ամենամարդասիրական ներդրումը թերևս կառուցված ապաստարաններն են: Յոթ շենքերի գետնափոր տիպային նկուղները հիմնանորոգվել են, ազատվել հողե ծածկույթից և ունեն ապակեպատ ճակատներ ու մուտքեր, որոնց դիմաց խնամված, կանաչ բլուրներ են: Ապաստարաններն ապահովված են նվազագույն կենցաղային պայմաններով՝ ժամեր և օրեր շարունակ պատսպարելով թաղամասի բազմաթիվ բնակիչների:

Աշոտ Բլեյանը պատրաստ է արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ անցկացնել նաև փորձնական վարժանքներ, որի ժամանակ և՛ բնակիչները ձեռք կբերեն հմտություններ, և՛ պարզ կդառնա, թե քանի մարդ կարող է  պատսպարվել ապաստարանում: «Կարող ենք պայմանագիր կապել նախարարության հետ, նույն նախարարությունը պահանջներ դնի, և եթե ունի միջոցներ՝ նպատակային հատկացումներ անի, որպեսզի մենք էլ ոգևորվենք,- ֆինանսավորման մասին հարցին ի պատասխան ասում է Աշոտ Բլեյանը:- Այս շենքերը պետական են և տրված են մեզ՝ նպատակային օգտագործման համար: Կառավարությունն է սեփականատերը և պարտավոր է որպես հիմնադիր ֆինանսական հատկացումներ կատարել: Հերթի են դրել՝ հիմնանորոգման ծրագրերի համար, բայց որքա՞ն սպասենք և ինչի՞ն սպասենք: Ի վերջո, միջավայր է փոխվում, որը ծառայում է բնակչին: Բնակավայրը տարբեր պատճառներով ամենատարբեր ֆունկցիաներ չի ունեցել, հիմա արդեն ունի»:

Հարավարևմտյան զանգվածի բնակիչներն անհատույց օգտվում են նաև կրթահամալիրի գրադարանի ընթերցասրահներից: «Բաց դպրոցի գաղափարը բաց հասարակության պատվերն է, բաց՝ նաև ներքին սահմանների առումով,- ասում է կրթօջախի տնօրենը:- Դպրոցը և մանկապարտեզը պետք է լինեն իր բնակավայրի հետ մեկ ամբողջական ներառական տարածք:

Մենք չենք հարցնում՝ դու քո երեխային բերում ես մեր դպրոց, թե՝ ոչ: Իմ ու քո չկա. ազատ է բոլորի համար: Մարզվում են, ֆուտբոլ են խաղում դաշտում, հեծանիվ են քշում, զբոսնում են»:

Սա է «կրթական պարտեզ՝ արվարձանում» մոդելը՝ մեկ միասնական խնամված տարածք բնակչի համար՝ իր անցուղիներով և հանգստի անկյուններով:

 

Ժաննա ՍԱՐԳՍՅԱՆ