Գլխավոր Նորություններ ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՓԱՐԻԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ

ԱՄՆ-Ը ԴՈՒՐՍ Է ԳԱԼԻՍ ՓԱՐԻԶԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ

759
Տարածել

Աշխարհն ընդդեմ Դոնալդ Թրամփի որոշման

2015 թվականի դեկտեմբերի 1-12-ը Փարիզում անցկացվեց ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային միացած երկրների 21-րդ համաժողովը, որի ավարտին ընդունվեց փաստաթուղթ, և 196 երկիր պարտավորվեց կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, անցնել կանաչ տեխնոլոգիաների և զսպել մոլորակի ջերմաստիճանի բարձրացումը: Այն ժամանակ համաձայնագիրն անվանվեց շրջադարձային, պատմական: Զարգացած երկրները խոստացան միլիարդավոր դոլարներով օգնել աղքատ երկրներին կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

Այս որոշումից մեկուկես տարի անց՝ 2017-ի հունիսի 1-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Փարիզի համաձայնագրից: ԱՄՆ-ը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալներով աշխարհում երկրորդն է և պարտավորվել էր մինչև 2025 թվականը 28-30 տոկոսով կրճատել արտանետումների ծավալը: Թրամփը պնդում է, որ եթե ԱՄՆ-ը կատարի համաձայնագրի դրույթները, մինչև 2025 թվականը 2,7 մլն աշխատատեղ կկորցնի: «Փարիզի համաձայնագիրն ամերիկյան հարստությունները վերաբաշխում է հօգուտ այլ երկրների»,- ասել է ԱՄՆ նախագահը: Տարբեր երկրների, միջազգային կառույցների ղեկավարներ, հայտնի մարդիկ քննադատել են Թրամփի այս որոշումը:

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանի. «Եվրամիությունը հավատարիմ է մնում կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրին, մինչդեռ ԱՄՆ-ը կորցնում է պատմական հնարավորությունը՝ դուրս գալով դրանից»:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկեր. «Փարիզի համաձայնագիրը կարևոր փաստաթուղթ է: Մենք չենք կարող հետ շրջել կլիմայի վերաբերյալ համաձայնագրի ընթացքը»:

ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամա. «Դոնալդ Թրամփի վարչակազմը հրաժարվում է ապագայից՝ դուրս գալով Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից»:

Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնի. «Իտալիան հետ չի կանգնի Փարիզի համաձայնագրով ստանձնած հանձնառություններից»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն. «Ափսոսում եմ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի այս որոշման համար, բայց հարգում եմ այն: Ես կարծում եմ, որ Թրամփը սխալ է գործել ոչ միայն իր երկրի և ժողովրդի ապագայի, այլև ամբողջ մոլորակի ապագայի նկատմամբ: Ֆրանսիան չի հրաժարվի կլիմայի փոփոխության դեմ պայքարից»:

Գերմանիայի, Ֆրանսիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ հայտարարություն. «Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի վերանայում չի կարող լինել: Մենք կարծում ենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված համաձայնությունն անդառնալի է, և մենք համոզված ենք՝ Փարիզի համաձայնագրի շուրջ նոր բանակցություններ լինել չեն կարող, քանի որ դա կենսականորեն կարևոր միջոց է մեր մոլորակի, հասարակության և տնտեսության համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկ. «Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումը մի քայլ հետ է մթնոլորտ ջերմոցային գազերի արտանետումների դեմ պայքարի գլոբալ ջանքերում»:

Եվրահանձնաժողովի կլիմայական փոփոխությունների և էներգետիկայի եվրակոմիսար Միգել Արիաս Կանիետե. «Այսօր տխուր օր է համաշխարհային հանրության համար, քանի որ հանգուցային գործընկերը երես է դարձրել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարից: Եվրամիությունը խորապես ափսոսում է Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու նախագահ Դոնալդ Թրամփի միակողմանի որոշման համար»:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդո. «Հիասթափված եմ կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումից: Կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում Կանադայի դիրքորոշումն անփոփոխ է մնում»:

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալես. «Կլիմայի վերաբերյալ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը դավաճանություն է մոլորակի նկատմամբ»:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյ. «Հիասթափված եմ կլիմայի վերաբերյալ համաձայնագրից դուրս գալու Թրամփի որոշումից: Միացյալ Թագավորությունը կշարունակի կլիմայի փոփոխության դեմ պայքարը: Փարիզի համաձայնագիրն ապագա սերունդների բարգավաճման ու անվտանգության պաշտպանության ճիշտ գլոբալ համակարգ է ապահովում»:

Օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիո. «Այսօր մոլորակի ապագան վտանգվել է նախագահ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու ոչ խոհեմ որոշման պատճառով: Այս որոշումը խորապես հիասթափեցնող է: Ժամանակն է, որ մենք հաստատակամ լինենք կլիմայական փոփոխությունների հարցի լուծման համար ու մարտահրավեր նետենք այն ղեկավարներին, որոնք չեն հավատում գիտական փաստերին: Ժամանակն է, որ բոլորս կանգնենք ու կազմակերպված պայքարենք՝ ստիպելով իշխանություններին ևս գործի անցնել»:

Կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ ափսոսանք են հայտնել Բրազիլիան, Արգենտինան, Ճապոնիան, Նիդերլանդները, Ֆինլանդիան, բազմաթիվ այլ երկրներ:

Հրապարակման պատրաստեց Արամ Զաքարյանը