Գլխավոր Հրշեջ-փրկարարներ ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒՆ

ԱՄԵՆԱՓՈՐՁԱՌՈՒՆ

778
Տարածել

27 տարի փրկարարական ընտանիքին նվիրվածը

 

Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպան

Լեռնիկ Բաղդասարյանին շատերն են ճանաչում: Դժվարություններով ու բազում փորձություններով հագեցած է եղել փրկարարի անցած ուղին:

Ենթասպայն աշխատանքային իր ուղին սկսել է 1990-ի մայիսի 1-ից:

 

«28 տարեկան էի, վերադարձել էի Գերմանիայից՝ ապրիլն էր, մայիսից անցա աշխատանքի՝ որպես Ստեփանավանի հրշեջ մասի օղակի հրամանատար, իսկ 4 տարի անց՝ 1994-ից մինչև վերջերս՝ աշխատում էի որպես Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ: Սկզբնական շրջանում հիմնականում հրդեհաշիջման աշխատանքներ էինք իրականացնում, 2006-ից սկսեցինք արձագանքել արդեն վթարների, փրկարարական տարբեր ահազանգերի: Երբ հետ եմ նայում, զգում եմ ինչ դժվար ու պատասխանատու ճանապարհ եմ անցել: Փառք Աստծո, կարողացել եմ»,- անկեղծանում է Լեռնիկ Բաղդասարյանը, որն արդեն մի քանի օր է՝ անցել է վաստակած հանգստի: Ասում է՝ շատ դժվար էր կյանքի 27 տարին փրկարարական ընտանիքին նվիրվելուց և քաղաքին ծառայելուց հետո թողնել համակարգը: Ցանկությունն ու պատասխանատվությունն այնքան մեծ էր ճանապարհը կրկին շարունակելու իր ընկերների հետ, բայց միևնույն ժամանակ գիտակցումով է մոտենում, որ ժամանակն էր իր տեղը զիջելու երիտասարդ փրկարարներին: Թեև այսօր չի աշխատում, բայց հարկ եղած դեպքում շարունակում է գործընկերներին օգնության հասնել: Ասում է՝ երբեք չի զղջացել իր ընտրած մասնագիտության հարցում և կարծում է, որ բոլորը չեն, որ կարող են փրկարար լինել: Համոզված է. «Մեծ կամքի ուժ և դիմացինին իր անձից վեր դասող անհատը կարող է կրակի դեմ կռիվ տալ, կյանքեր փրկել»: Նաև ցավով է արձանագրում, որ աշխատանքային տարիների ընթացքում եղել են նաև դեպքեր, երբ ուշ ահազանգ ստանալու պատճառով զոհեր էլ են ունեցել: Եղել են նաև զվարճալի դեպքեր. կով են հանել լողավազանից, այծ դուրս բերել դիտահորից, օձին վռնդել մանկապարտեզից:

Երեք աղջիկների հայրը նշում է, որ  տղա ունենալու դեպքում, անպայման, նրան կուղղորդեր փրկարար դառնալ: Հույս ունի, որ տղա թոռը պապիկի ուղին կբռնի. «Երկու թոռ ունեմ՝ աղջիկ ու տղա: Մեկ տարեկան դեռ չկա տղա թոռս, բայց հիմիկվանից խաղերի միջոցով պարապում ենք: Խնդրել եմ, որ համազգեստս չհանձնեմ, մնա ինձ մոտ, և երեխաները ձգտեն դեպի իմ մասնագիտությունը: Աղջիկներս ու կինս միշտ հպարտացել են ինձանով, քաղաքում ինչ-որ տեղ կրակ տեսնելիս էլ են զանգել են տեղյակ պահել, անկախ նրանից հերթափոխի մեջ եմ եղել, թե՝ չէ: Փրկարարի համար աշխատանքային ժամ չկա, գիշեր լինի, թե ցերեկ, միշտ շտապում ես դեպքի վայր, որովհետև գիտակցում ես, որ քեզանից շատ բան է կախված»:

Լեռնիկ Բաղդասարյանի կնոջ՝ Գայանեի խոսքով՝ ընտանիքն ամուսնու հետ հավասար ծառայել է, անհանգիստ գիշերներ լուսացրել, մինչև ընտանքի հայրը դեպքի վայրից անվնաս տուն է վերադարձել: «Միշտ հպարտացել ենք Լեռնիկի համազգեստով, աղջիկներս այդ արժեքով են մեծացել ու դաստիարակվել և միշտ պարծեցել, որ բազում կյանքեր փրկած հայր ունեն: Միասին ենք անցել այդ երկար ճանապարհը, ինչ խոսք, դժվար ու պատասխանատու է փրկարարի կին լինելը, բայց կարծում եմ՝ պատվով անցնանք, բոլորի գնահատականը դրա արդյունքն է»,- ասում է Գայանե Մուղնեցյանը:

Իսկ գնահատանքի մշատպես արժանացել է փորձառու փրկարարը՝ շնորհակալագրերի, ծանոթ-անծանոթների շնորհակալական խոսքի ու օրհնանքների, որպես պատվավոր հյուր հրավիրվել միջոցառումների: 2016-ի սեպտեմբերի 4-ին «Փրկարարի օրվա» կապակցությամբ ԱԻ նախկին նախարար Արմեն Երիցյանի կողմից բարեխիղճ աշխատանքի համար շնորհակալագրի է արժանացել, Լոռու մարզային փրկարարական վարչության պետը նույնպես գնահատել է նրա աշխատանքը, վերջերս նաև Ստեփանավանի քաղաքային իշխանությունն է շնորհակալագրի արժանացրել: «Ամենամեծ գնահատականն ինձ համար  2010-ի մարտի 5-ին ենթասպայի կոչման արժանանալն էր: Լավ է, երբ քեզ գնահատում ու հարգում են, էլ ոչինչ պետք չէ: Իսկ ամենամեծ ժառանգությունը, որ թողել եմ, երիտասարդ փրկարարներին փոխանցածս կուտակած փորձն է: Տղաներին բարի, անխափան ծառայություն եմ մաղթում, թող յուրաքանչյուր դեպք լավ ավարտ ունենա…»,- ցանկանում է  55-ամյա Լեռնիկ Բաղդասարայնը, որն արդեն այլ աշխատանքի է անցել, բայց խոստովանում է, որ փրկարարի աշխատանքն այլ գործով փոխարինելն այդքան էլ հեշտ չէ: Իսկ Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատում առանց միջոցառման ու նվերի իրենց ավագ գործընկերոջը հրաժեշտ չեն տվել: Ջոկատի տղաները խոստովանում են՝ փորձառու հերթափոխի պետի բացակայությունը զգացվում է. նրանց խոսքով՝ ամենակարգապահը, ամենափորձառուն, գործի մեջ լավագույնը:

Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Ղարաքեշյանը մեզ հետ զրույցում նշում է, որ ամենաբարդ ու լուրջ իրավիճակներում, երբ պատասխանատուն Լեռնիկ Բաղդասարյանն է լինում, իր ուսերից մի մեծ բեռ է ընկնում, քանի որ գործը վարպետ ձեռքերում է:

«Լեռնիկը լավ ընկեր է, դասակի լավ ղեկավար, շատ բարի մարդ, գործի մեջ խիստ ու պահանջկոտ: Նա լավ հետնորդներ է թողել՝ հմուտ կադրեր մեր համակարգի համար: Այսօր էլ, թեև աշխատանքից դուրս է եկել, բայց հրշեջ մեքենայի ազդանշանը լսելուն պես, անմիջապես շտապում է դեպքի վայր»,- ընդգծում է Սերգեյ Ղարաքեշյանը և գործընկերոջը հաջողություն մաղթում հետագա գործունեության մեջ:

 

Մերի Սողոմոնյան