Գլխավոր Միջոցառումներ ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ

ԱՐՏԱԳՆԱ ԴԱՍԸՆԹԱՑ

747
Տարածել

Հունիսի 1-ին ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադևոսյանը, ֆակուլտետի դասախոսներ Արայիկ Գասպարյանն ու Գրիգոր Հակոբջանյանը վերապատրաստման արտագնա դասընթաց են անցկացրել Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի 29 համայնքի ղեկավարի և ղեկավարի տեղակալի համար: Թեման՝ «Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման կազմակերպման հարցերը»: Դասընթացի կազմակերպմանն աջակցել են Արարատի մարզային փրկարարական վարչությունն ու մարզպետարանը: Ներկայացվել է երեք զեկույց. «Աղետների ռիսկի նվազեցումը ազգային խնդիր» (Դավիթ Թադևոսյան), «Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը համայնքներում» (Արայիկ Գասպարյան), «Կապի և ազդարարման կազմակերպումը համայնքներում» (Գրիգոր Հակոբջանյան): Դավիթ Թադևոսյանի խոսքով, «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» և «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքների համաձայն, Հայաստանի կառավարությունը 2003-2005 հատվածում ընդունել էր երեք կարգ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարման կարգ», «Կառավարման մարմինների և բնակչության իրազեկման կարգ», «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին բնակչության ազդարարման կարգ»: Այս տարվա ապրիլի 6-ի թիվ 346-Ն որոշմամբ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը» և ուժը կորցրած ճանաչել վերը նշված երեք կարգը: Վերապատրաստման դասընթացի ժամանակ այս փոփոխության մասին էլ է խոսվել:

Դասընթացին մասնակցող համայնքապետներն ու նրանց տեղակալները կարևորում են աղետների ռիսկի կառավարման հարցերը, կարծում է Դավիթ Թադևոսյանը: Հատկապես ապրիլյան պատերազմից հետո գերիշխող է այն գիտակցումը, որ քաղաքացիական պաշտպանությանն ու աղետների ռիսկի կառավարմանը չի կարելի մատերի արանքով նայել:

Օրենսդրությունը համայնքներին պարտավորեցնում է համայնքի զարգացման քառամյա-հնգամյա ծրագրերում աղետների ռիսկի նվազեցման-կառավարման համար միջոցներ նախատեսել: Առայժմ Հայաստանի ոչ բոլոր համայնքներն են սա անում: ԱԻՆ մասնագետներն առաջարկում են չհաստատել զարգացման այն ծրագրերը, որոնցում ԱՌՆ-ԱՌԿ անտեսված է:

Արամ Զաքարյան