Գլխավոր Նորություններ «ՊՈԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

«ՊՈԵՄ ՀԱՂԹԱՆԱԿԻ»

825
Տարածել

Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ համերգ էր՝ Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման յուրահատուկ արարողություն: Աշխարհի 20 երկրների 45 քաղաքներից հավաքված 70 հայ երաժիշտներից կազմավորված Համահայկական նվագախմբի առաջին համերգին ներկա էին Հայաստանի նախագահն ու առաջին տիկինը: Նվագախումբը հնչեցրեց բացառապես հայ դասական երաժիշտների ու կոմպոզիտորների ստեղծագործություններ: Առաջին անգամ Հայաստանում հնչեց նաև Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» գործը՝ գրված հատուկ այս համերգի համար:

Մեր բացառիկ հարցազրույցը՝ Մաեստրոյի հետ:

— Ինչո՞ւ և ի՞նչ առիթով է գրվել «Պոեմ հաղթանակի» գործը և ո՞րն է եղել ոգեշնչման աղբյուրը:

 

— Այս գործը գրելու առաջարկն ստացել եմ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից: Նախարարությունը 2016-ի աշնանը կազմակերպել էր արվեստագետների այց՝ Արցախ: Հենց այնտեղ, Մարտակերտում մեր զինվորների հետ հանդիպման հաջորդ օրը, Ստեփանակերտում ծնվեց 2017-ի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրվա համերգին այս երկը հնչեցնելու գաղափարը: Հետագայում հստակացան կատարողական կազմի, համերգային ծրագրի հետ կապված և այլ մանրամասները: Այս գործի ակունքում Արցախի ամբողջ ճակատով 2016-ի ապրիլին բռնկված հայոց հերոսամարտը եղավ: Գործը գրելիս իմ մտքում ու հոգում մեր երիտասարդ զինվորներն են եղել, նրանց ընտանիքներն ու բոլորիս միավորող ազգային ոգին: Բանաստեղծական տեքստի հեղինակը Կարեն Անտաշյանն է, որ լիովին արձագանքեց երաժշտության թելադրած կշռույթի, վանկի, խոսքի, շեշտերի պահանջներին: Երկում առկա են հայկական դյուցազնավեպից սերող որոշ տարրեր, ինչպես նաև հայ բանահյուսությունից եկած զրնգուն արձագանքներ:

 

— Ինչո՞վ է լինելու մեր հաղթանակը՝ ոգո՞վ,  զենքո՞վ, թե՝ բարոյական արժեքներով:

 

— Ոգով, զենքով, բարոյական արժեքներով ու նաև աշխարհի քաղաքակրթական այսօրվա մտքի հետ համատեղ քայլելով:

 

— Մեր երազած Հայաստանն ունենալու համար ամենօրյա քրտնաջան աշխատա՞նք է մեզ հարկավոր՝ փոքր հաղթանակների տեսքով, թե՞ կտրուկ քայլեր են անհրաժեշտ նաև:

 

— Կյանքի փորձը ցույց է տվել, որ առավել հեռանկարային է փոքր հաղթանակներին ուղղված ամենօրյա ջանքը, ներդրումը: Ինչ վերաբերում է կտրուկ քայլերին՝ Արցախյան պատերազմում կտրուկ քայլերը մեզ պարտադրեց հակառակորդը, ուրեմն պետք է պատրաստ լինենք նաև կտրուկ քայլերի դիմելու: