Գլխավոր Նորություններ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԱՐՏԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔԵՐԸ

778
Տարածել

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են 1739 ելք՝ 382-ով ավելի, քան 2016-ի մարտին: 728 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի վերաբերյալ ահազանգերի. 645-ը՝ կենցաղային կանչեր, 280-ը՝ այլ դեպքեր, 86-ը՝ կեղծ ահազանգեր: Ամենաշատ դեպքեր գրանցվել են Երևանում՝ 528, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 24: Այս դեպքերից զոհվել է 23 մարդ (այդ թվում՝ 6 կին), տուժել` 807 մարդ (այդ թվում՝ 233 կին և 156 երեխա): Նախորդ տարվա մարտի համեմատ զոհերի քանակն աճել է մեկով, տուժածներինը՝ 136-ով:

Փրկարարներին հաջողվել է փրկել 18 մարդու (2016-ի մարտին՝ 19 մարդու), որից 14-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարներից, 2-ական՝ հրդեհներից և թունավորումներից: Գրանցված դեպքերի մեծ մասը՝ 755, տեխնածին են, 403-ը` սոցիալ-կենսաբանական, 25-ը՝ տարերային:

 

Հրդեհներ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհների առաջացման վերաբերյալ 640 ահազանգ (2016 թվականի մարտին՝ 419 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 479 դեպքում (2016-ի մարտին՝ 323 դեպք): 19 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումներ, 66 դեպքում՝ կեղծ ահազանգ, 76 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիքներ, ծխապատ գոտի: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվն աճել է 156-ով: Հրդեհների մեծ մասը գրանցվել է քաղաքներում՝ 325, այդ թվում՝ Երևանում՝ 131: 154 հրդեհ՝ գյուղերում: Նախորդ տարվա մարտի համեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 89-ով, իսկ գյուղական հրդեհների քանակը՝ 67-ով:

Ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 64, ամենաքիչը՝ Վայոց ձորի քաղաքներում՝ 5: Ամենաշատ հրդեհներ եղել են Արարատի գյուղերում՝ 36, ամենաքիչը՝ Շիրակի գյուղերում՝ 4: Վայոց ձորի գյուղերում հրդեհ չի եղել: Հրդեհներից տուժել է երկու մարդ (2016-ի մարտին՝ 1 զոհ, 8 տուժած), նյութական վնասի չափը՝ 73,45 մլն դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 43,4 մլն դրամով ավելի): Հրդեհներն առավելագույն նյութական վնաս հասցրել են մայրաքաղաքին՝ 21,77 մլն դրամ: Մարզերից ամենաշատ տուժել է Լոռին՝ 14,39 մլն դրամ: Ամենաքիչը՝ Արագածոտնը՝  980 հազար դրամ: Հրդեհների մեծ մասը գրանցվել է բուսածածկ տարածքներում՝ 229 դեպք: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել առանձնատներ՝ 58,  բնակելի շենքեր՝ 30, աղբ՝ 53, կրպակ-ավտոտնակ-տնակ՝ 36, տրանսպորտային միջոց՝ 26, գյուղատնտեսական նշանակության տարածք՝ 12 և այլն:

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

Գրանցվել է ճանապարհատրանսպորտային 242 պատահար՝ 5-ով ավելի, քան 2016-ի մարտին: Այս պատահարներից զոհվել է 13, տուժել՝ 332 մարդ: 2016-ի մարտի համեմատ զոհերի թիվը նվազել է 6-ով, տուժածներինը աճել 8-ով: Ամենաշատ դեպքեր եղել են Երևանում՝ 106:

Մարզերից ամենաշատ դեպքեր եղել են Կոտայքում՝ 34, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 4: Ճանապարհատրանսպորտային պատահարների մեծ մասը՝ 126 դեպք, բախումներն են: 62 դեպք՝ վրաերթեր, 25 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջումներ, 29 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

 

Թունավորումներ

Մարտին գրանցվել է 370 թունավորում. զոհվել է 6, տուժել՝ 467 մարդ: 2016-ի մարտի համեմատ թունավորումների և դրանցից տուժածների թվաքանակն աճել է: 2016-ի մարտին թունավորումից զոհեր չէին եղել: Առավելագույն ցուցանիշ գրանցվել է մայրաքաղաքում՝ 252 դեպք: Մարզերից բարձր ցուցանիշներ են գրանցվել Կոտայքում՝ 26, և Արարատում՝ 24: Վայոց ձորի և Տավուշի մարզերում թունավորման 1-ական դեպք է գրանցվել: Թունավորման հիմնական պատճառներն են. ալկոհոլ (106), շմոլ գազ (78), դեղորայք (71), քիմիական նյութեր (64), սննդամթերք (17) և այլն:

Փլուզումներ

Այս մարտին հանրապետությունում գրանցվել է 26 փլուզում: Զոհվել և վիրավորվել է մեկական մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ փլուզումների թիվն աճել է 16-ով: Ամենաշատ փլուզումներ եղել են Երևանում՝ 14, և Արարատում՝ 6, Սյունիքում, Շիրակում, Արագածոտնում, Գեղարքունիքում փլուզումներ չեն եղել: Փլուզումների պատճառներն են. ձյան ծանրությունը, շինության վթարայնությունը և այլն:

 

Արգելափակումներ

Մարտ ամսին տարբեր վայրերում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ 83 ահազանգ է ստացվել: Արգելափակվել է 159 տրանսպորտային միջոց՝ ձնակույտում, ձնաբքի, բքի հետևանքով, առվակում, փոսում, ցեխակույտում, ջրատարում: Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել 348 մարդու:

 

Այլ դեպքեր

Գրանցվել է զենքի, զինամթերքի հայտնաբերման 10 դեպք, 7 քարաթափում, հողազանգվածի 4 փլվածք-նստվածք, 2 պայթյուն, 2 ուժեղ քամի, 2 ջրահեղձում, 1 անասնահամաճարակ:

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ