Սելավատարների բարելավման ծրագիր։ Որը նաև ուսուցողական բաղադրիչ ունի
«911.Արտակարգ թերթը» բազմիցս է անդրադարձել սելավներին, դրանց վտանգավորությանը, սելավներից պաշտպանության միջոցառումներին: Հայաստանի նման չոր և կիսաչոր կլիմա ունեցող երկրներում սելավներն արտառոց երևույթ չեն: Հայաստանի տարածքի մոտ 40 տոկոսը սելավավտանգ գոտի է: Մեղրի, Ողջի, Արփա, Վեդի, Մաստարա, Փամբակ, Ձորագետ, Դեբեդ, Աղստև գետեր, Հրազդան, Քասախ, Ազատ, Որոտան, Ախուրյան գետերի մի քանի վտակներ. ահա սելավների հիմնական աղբյուրները:
Մեկ անգամ չէ, որ Հայաստանում սելավը մեծ վնասներ է տվել: 1946-ին Երևանում սելավի հետևանքով Գետառի հունը մի քանի անգամ լայնացել է, վնասվել են մի շարք տներ, զոհվել՝ 250 մարդ: 1970-ին Ալավերդիում սելավից ութ մարդ է զոհվել: Արցախյան պատերազմի տարիներին Վանաձորը շրջապատող անտառը մեծապես տուժել է ապօրինի հատումներից, սելավը արգելքի չի հանդիպել և ավերներ է բերել քաղաքին: 1997-ին Գորիսում սելավից տուժել են ճանապարհներ, շենքեր, կամուրջներ: 2016-ին սելավը ահռելի վնաս է տվել Արթիկ քաղաքին: Այսօր առաջնորդվելով եղանակային կանխատեսումներով՝ տեղումների, հալոցքների ծավալներ և այլն, կարելի է ենթադրել, որ սելավի հավանականություն կա: Սա անվրեպ աշխատող համակարգ չէ և չի նշանակում, որ սելավատար պետք չէ:
Սելավների դեմ պայքարը արտակարգ իրավիճակների նախարարության առաջնահերթություններից է: Այս տարվա փետրվարի 10-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչները քննարկել են Հայաստանի սելավատարների խնդիրը՝ դրանց բարելավման հրատապ ծրագրեր մշակելու նպատակով:
Անցել է երկու ամիս: Ինչպես տեղեկացանք ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աղետների ռիսկի կառավարման ծրագրի համակարգող Արմեն Չիլինգարյանից, սելավատարերը կարգի բերելու ծրագիրը պատրաստ է: «Սելավատարների խնդիրը բավականին լուրջ է, միայն մաքրելու հարց չէ: ԽՍՀՄ փլուզումից հետո չի կարևորվել այս հարցը: Հողեր են սեփականաշնորհվել, որոշ սելավատարներ քանդվել-քայքայվել են, որոշները քանդել են մարդիկ ու բետոնե հենապատը դարձրել շինանյութ իրենց գոմում կամ ավտոտնակում: Կամ՝ Երևանի Ավանի լիճը սելավահավաք էր, տարածքը սեփականաշնորհվել է ու հիմա առանձնատներ են կառուցված»,- նկատեց Արմեն Չիլինգարյանը:
Այս վիճակում նոր բացասական զարգացումները բացառելու համար համալիր լուծում է պետք: Մշակված հայեցակարգը ամբողջական է. սելավատարների, ինժեներատեխնիկական կառույցների, ջրամբարների գույքագրում, սելավատարների անձնագրերի մշակում, սելավային ռիսկի մոդելավորում և այլն:
Սելավն, իհարկե, լուրջ վտանգ է, բայց դրա բացասական ազդեցությունն արդեն մարդուց է կախված. սելավատար կա՞, թե՝ ոչ, եթե կա, մաքո՞ւր է, թե՝ ոչ: Վերը նշված Արթիկի սելավն այդքան մեծ ավերներ չէր գործի, եթե քարհանքերի արտադրական թափոնները չլցնեին ձորակը, որը հենց սելավատար է: Արթիկի սելավատարը մաքուր էր, խցանված էր քաղաքից դուրս հատվածը: ՄԱԿ-ի փորձագետների օգնությամբ մշակված ծրագրում այս խնդրին էլ անդրադարձ կա. «Ցանկացած սելավատար անցնում է մի քանի համայնքի տարածքով: Մի համայնք կարող է մաքուր պահել սելավատարի՝ իր տարածքով անցնող հատվածը, սակայն հարևան բարձրադիր համայնքը՝ ոչ, ու սելավը վնասի կարգապահ համայնքին: Ծրագրով առաջարկվում է օրենսդրական դաշտի կատարելագործում և կառավարման մեխանիզմի զարգացում: Այսօր սելավավտանգ գոտիները բացահայտում է ԱԻՆ փրկարար ծառայությունը, սելավատարների կառավարողը և մաքրողը գյուղնախարարությունն է: Իսկ համայնքը չկա: Չկա կառավարման-սպասարկման միասնական համակարգ»,- ասում է Արմեն Չիլինգարյանը:
Սելավատարի կարևորությունը ցույց տալու համար ՄԱԿ-ի փորձագետները 5-6 տարի առաջ մաքրել են Շիրակի մարզի Զույգաղբյուր համայնքի սելավատարը. «Գյուղացիները նախ բողոքում էին, թե ինչո՞ւ եք սելավատարից հանած աղբը փողոցում թողում: Բացատրեցինք, որ սելավատարն անհրաժեշտ է, ձեզ է պաշտպանելու, իսկ աղբը դուք եք լցրել: Հասկացան: Մաքրելու հաջորդ տարին սելավ եղավ, և գյուղը չտուժեց: Ու հիմա այս գյուղում սելավատարը աչքի լույսի պես են պահում: Գյուղի միջոցներով աղբահավաք մեքենա են գնել ու աղբավայր առանձնացրել: Մեկ մաքրումը դարձավ սելավատարի արդյունավետության ապացույց»:
Սելավատարների բարեկարգման ծրագիրը նաև ուսուցողական բաղադրիչ ունի. բնակչությանը պիտի բացատրես, որ սելավատարը աղբավայր չէ, չպետք է այն աղբով լցնել, ափերը վնասել: Սելավատարը պաշտպանական կառույց է: Բացի սրանից նախատեսվում են նաև վաղ ազդարարման համակարգի ներդրում, կանխիչ ծրագրեր՝ սելավապաշտպան պատնեշներ. ծղոտով և մանրացված փայտով պատնեշների կառուցում: Սա դառնում է դարավանդային շերտ, որտեղ կարելի է ծառ տնկել: Իսկ եթե կա բույս՝ չկա սելավ:
Արմեն Չիլինգարյանը տեղեկացրեց, որ սելավների դեմ պայքարում օգտագործվելու են նաև անօդաչու թռչող սարքեր: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցներն արդեն անօդաչու թռչող սարքերի կիրառման դասընթացներ են անցել ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում: Անօդաչու թռչող սարքերով իրականացվելու է սելավավտանգ տարածքների և սելավատարների ամբողջ երկայնքի մոդելավորում: Սա թույլ կտա տեսնել սելավատարների խցանման աստիճանը և սելավային հոսքի հեռացմանը խոչընդոտող գործոնները վերացնելու քայլեր ձեռնարկել: Սյունիքի մարզի Կապան քաղաքում նման ուսումնասիրություն արդեն արվել է:
ՄԱԿ-ի փորձագետների օգնությամբ մշակված ծրագրի արժեքը մոտ 3 մլն դոլար է, իրականացման համար կպահանջվի մոտ 4 տարի: Շուտով ծրագիրը կներկայացվի դոնոր կազմակերպություններին: