Գլխավոր Նորություններ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

621
Տարածել

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները նոյեմբերի 13-17-ը վերապատրաստման դասընթաց են անցկացրել Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի մարզպետարանների կրթության, մշակույթի և առողջապահության օղակների ներկայացուցիչների համար: Դասընթացին մասնակցել է 19 մարդ: «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցեր» դասընթացի ժամանակ ՃԿՊԱ մասնագետներ Դավիթ Թադևոսյանը, Արայիկ Գասպարյանը, Սիրուշ Հովհաննիսյանը, Գրիգոր Հակոբջանյանը, Աննա Թադևոսյանը, Թերեզա Դիլբարյանը, Վալերի Խոնդկարյանը խոսել են մի շարք թեմաներից. աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն, աղետների ռիսկի գնահատում, խոցման ժամանակակից միջոցներ, ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանություն, տարհանման կազմակերպում և այլն:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության  կրթության բաժնի պետ Նաիրա Սարգսյանի խոսքով, հնարավոր վտանգների մասին տեղեկացվածությունը վտանգի դեպքում  ճիշտ և ադեկվատ պահվածքի, արագ կողմնորոշվելու, արդյունավետ օգնության հիմք է: «Տարածքային կառավարման մարմինների տարբեր օղակների աշխատակիցների համար դասընթացները կարևոր են, քանի որ  արտակարգ իրավիճակներում բոլորն են ընդգրկվում համապատասխան շտաբի աշխատանքներում: Նրանք պետք է բավարար գիտելիքներ և հմտություններ ունենան: Ցանկալի է, որ դասընթացներում նաև գործնական պարապմունքներ լինեին կամ այցելություն համապատասխան կենտրոններ»,- մեզ հետ զրույցում  ասաց Նարիա Սարգսյանը:

2017 թվականի համար Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները նախատեսել են 86 դասընթաց (ավելի քան 1800 մարդու մասնակցությամբ), որից 74-ն արդեն անցկացվել է: Միջինը ամեն չորրորդ դասընթացն արտագնա է՝ թե Երևանում, թե մարզերում: Միշտ էլ կազմակերպվում է տարեկան պլանով նախատեսվածից ավելի շատ դասընթաց:

Ա.Զ.