Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Օգնում են փրկարարները

Օգնում են փրկարարները

814
Տարածել

Հրդեհների քանակն աճել է

Անցած յոթ օրում ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների վերաբերյալ մոտ 500 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիաջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման, սանմաքրման ծառայություն, ոստիկանություն և այլն:

Գրանցվել է մոտ 200 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, ջերմահարվել են պտղատու և դեկորատիվ ծառեր: Շարունակում է աճել խոտածածկ տարածքների հրդեհների քանակը: Հրդեհների մեծ մասը հենց բուսածածկ տարածքներում է եղել. Լոռու մարզի Վանաձոր քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 10 հա, «Հայանտառ» կազմակերպության Գուգարքի մասնաճյուղի Թագավորանիստ կոչվող հանդամասում՝ 3 հա, նույն մարզի Ամրակից գյուղի մատույցներում՝ 7 հա, նույն մարզի Տաշիր-Մեծավան ավտոճանապարհին՝ 10 հա, Արմավիրի մարզի Գայ գյուղի մոտ՝ 5 հա, Սյունիքի մարզի Գետաշեն գյուղում՝ 1,5 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3 հա: Արարատի մարզի Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 5 հա, նույն մարզի Մյասնիկյան գյուղում՝ 2,5 հա և այլն:

Փակ դուռ բացելու վերաբերյալ էլ 90 կանչ է ստացվել: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկել Երևանի Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Կենտրոն, Արաբկիր վարչական շրջանների և Արարատի փրկարարները:  Դեռ արձանագրվում են  ճանապարհներին կամ հալվող ձյան մեջ մեքենաների արգելափակման ահազանգեր: Նման 10 կանչ է սպասարկվել:

Այլ կանչեր. Արաբկիրի փրկարարներն ահազանգ են ստացել, թե Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի մի բնակչի լվացքի պարանը խճճվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարներն օգնել են: Դավիթաշենի փրկարարներն ահազանգ են ստացել, թե առաջին թաղամասի մի առանձնատան բակում օձի բնի նմանվող փոս կա: Պարզվել է՝ փոսը օձի բուն չէ, հրշեջ-փրկարարները փակել են փոսը: