Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

2752
Տարածել

2018 թվականի հունվարի 15-ի դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված էր 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, 2019 թվականի հունվարի 15-ի տվյալներով՝ 19 814 արտադրական վտանգավոր օբյեկտ, 2020 թվականի հունվարի 15-իդրությամբ՝ 21 026, 2021 թվականի հունվարի 15-ին՝ 22 520 ԱՎՕ, իսկ այս տարվա՝ 2022 թվականի հունվարի 14-ի դրությամբ՝ 24 170: Վերջին 4 տարում արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է մոտ 29 տոկոսով, վերջին մեկ տարում՝ 7,3 տոկոսով:

Տարեսկզբից մինչ հունվարի 14-ը գրանցվել է 26 ԱՎՕ՝ անդեզիտաբազալտային հանքավայր, կաթսայատուն, հացաթխման վառարան, թթվածնային կայան, հեծանային եւ կամրջակային կռունկներ, մարդատար վերելակ եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի, ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները, գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները, կաթսայատները, շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված, ապամոնտաժված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: 2022 թվականի հունվարի 14- դրությամբ, գրանցված ԱՎՕ-ներից մոտ 300-ը ապամոնտաժվել է, ավելի քան 900-ը՝ կոնսերվացվել, ավելի քան 100-ը՝ չի շահագործվում: Արտադրական վտանգավոր օբյեկտների մոտ 35 տոկոսը (ավելի քան 8500) բազմաբնակարան շենքերի, հյուրանոցների, բժշկական կենտրոնների, տարբեր արտադրական ձեռնարկությունների մարդատար եւ բեռնատար վերելակներն են: Իսկ մոտ 15 տոկոսը` ավելի քան 3500, տարբեր տեսակի կռունկները` կամրջակային, աշտարակային, օդադողային, ավտո եւ այլն: Բացի սրանցից Հայաստանում գրանցված են նաեւ ավելի քան 2000 կաթսայատուն, ավելի քան 700 կոմպրեսոր, մոտ 500 ճնշման տակ աշխատող սարքավորում, մոտ 400 հանքավայր, նույնքան ԱԳԼՃԿ, նույնքան սառնարան կամ սառնարանային տնտեսություն, մոտ 300 բենզալցակայան, հեղուկ գազ կամ բենզին տեղափոխող ավելի քան 100 ավտոցիստեռն, ավելի քան 60 շարժասանդուղք եւ այլն: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 320 միավոր: