Գլխավոր Միջոցառումներ Նվազեցվում է Հայաստանի ջրամբարների հնարավոր վնասվածքներից եկող ռիսկը

Նվազեցվում է Հայաստանի ջրամբարների հնարավոր վնասվածքներից եկող ռիսկը

536
Տարածել

Մարտի 13-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» (ԱՌՆԱՊ) հիմնադրամի նախաձեռնությամբ, որին մասնակցում էին ԱԻ նախարարության, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» եւ «Ֆիխտներ» ընկերությունների ներկայացուցիչներ։

Նպատակն էր ներկայացնել եւ քննարկել «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ի շահագործմանը հանձնված Սպանդարյանի, Տոլորսի, Անգեղակոթի եւ Տաթեւի ջրամբարների պատվարների վնասվածքի դեպքում հնարավոր ջրածածկման գոտում հայտնվող համայնքների բնակչության պաշտպանության եւ արձագանքման պլանի մշակման ծրագիրը, դիտարկել նախարարության եւ այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հարցերը:

«Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը ծրագրի իրականացումը պատվիրել է գերմանական «Ֆիխտներ» ընկերությանը, որը պետք է ուսումնասիրություններ կատարի եւ դրանց արդյունքների հիման վրա մոդելավորի ջրամբարների պատվարի վնասվածքի դեպքում հնարավոր վատթարագույն սցենարները, ներկայացնի առաջարկություններ խոցելի համայնքների բնակչության ազդարարման արդյունավետ համակարգի, բնակչության տարհանման անվտանգ տեղամասերի վերաբերյալ։ Ստացված արդյունքները հնարավորություն կտան մշակել բնակչության պաշտպանության եւ արտակարգ իրավիճակներում գործելու արդյունավետ պլաններ։

«Ֆիխտներ» ընկերության կողմից ծրագրի ղեկավար Սեբաստիան Պալտը եւ ծրագրի ինժեներ Ֆաբիան Կնապպը ներկայացրել են ռիսկի մոդելավորման հիմնական մոտեցումներն ու կիրառվող մեթոդաբանությունը, ակնկալվող արդյունքները: Որոշվել է ստեղծել բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներից կազմված մասնագիտական աշխատանքային խումբ:

ԱՌՆԱՊ հիմնադրամի աշխատակից Վահան Հարությունյանի հաղորդմամբ՝ «Քոնթուր Գլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը զուգահեռաբար իրականացվելու է մեկ այլ ծրագիր՝ ուղղված Որոտանի հիդրոկասկադի ջրամբարների պատվարների անվտանգության մակարդակի բարձրացմանը: Ընկերությունն արդեն դիմել է ԱԻ նախարարությանը՝ ինֆորմացիայի եւ օրենքի շրջանակներում փաստաթղթերի տրամադրման համար։

Ծրագրի շրջանակներում հաջորդիվ քայլերին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ ԱՌՆԱՊ հիմնադրամի