Գլխավոր Վերլուծություն Ավիացիան՝ ընդդեմ անտառային հրդեհների

Ավիացիան՝ ընդդեմ անտառային հրդեհների

602
Տարածել

Վերջին օրերին ականատես ենք լինում ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պատմության ամենախոշոր անտառային հրդեհներին, որոնց դեմ պայքարում է մոտ 6000 հրշեջ։ Կրակը կանխելու նպատակով գործի են դրվել տասնյակ ուղղաթիռներ եւ ծանր տեխնիկա։

Հրդեհը տարածվում է Քեմփ, Վուլզի եւ Հիլլ քաղաքներում՝ ընդգրկելով մոտ 231 հազար հեկտար տարածք։ Զոհվել է 58 մարդ, կան անհետ կորածներ։ Տարհանվել է 52 հազար մարդ, ոչնչացել մոտ 9000 շինություն։ Չնայած Կալիֆոռնիայում շուրջտարի տեւող չոր կլիմային՝ մասնագետները վստահ են՝ հրդեհի հիմնական պատճառն անտառամերձ հատվածներում տարեցտարի ավելացող բնակելի շենքերն են: Նախնական տվյալներով՝ վնասը գնահատվել է 19 միլիարդ դոլար։

Հարց է ծագում՝ արդյոք ԱՄՆ ամենահարուստ նահանգը, որի համախառն ներքին արդյունքը ավելի քան 2 տրիլիոն դոլար է, չի՞ կարող ստեղծել-ունենալ անտառների պատշաճ վերահսկողության համակարգ։

Փաստ է՝ նույնիսկ զարգացած երկրների համար անտառային հրդեհներն իսկական գլխացավանք են։ Դրանց դեմ պայքարի մի քանի հիմնական միջոց կա՝ հրդեհաշիջում հատուկ օդանավերի եւ ուղղաթիռների, կրակի սահմանազատման եւ տեղայնացման, պայթյունի ալիքի միջոցով եւ այլն:

Խորհրդային Միությունն աշխարհում առաջին պետությունն էր, որը 1933 թվականին հացահատիկային տնտեսության հյուսիսկովկասյան մասնաճյուղում բռնկված հրդեհը մարեց  օդից հրդեհաշիջող նյութերի արտանետմամբ՝ այդպիսով սկիզբ դնելով հրշեջ ավիացիային։ Մինչ այդ օդանավերն օգտագործվում էին բացառապես հրդեհի օջախի հետախուզության, հրշեջների եւ տուժածների տեղափոխման նպատակով։ 1932 թվականին ջրի, հատուկ հակահրդեհային ավիառումբերի փորձնական կիրառությունը ցույց տվեց, որ քիչ բեռնատարողություն ունեցող հրշեջ ինքնաթիռները կիրառելի են միայն բաց տարածքներում, իսկ պայթուցիկ նյութերն ու ավիառումբերը ծախսատար են, վտանգավոր ու անարդյունավետ։ Այդուհանդերձ, մինչ 1960-ականները ինքնաթիռները ԽՍՀՄ-ում ծառայում էին միայն որպես հրդեհի վաղ հայտնաբերման միջոց։

Առաջին հրշեջ ինքնաթիռը կիրառել է կանադացի օդաչու Կառլ Կրոսլին 1945 թվականի օգոստոսի 26-ին՝ OPAS (Ontario Provincial Air service) ինքնաթիռով երեք հաջող թռիչք կատարելով Օնտարիո շրջանում։ Հրշեջ ծառայության այս նոր ոլորտը, սակայն, ամրապնդվեց  օդաչու Վենց Նոլտի շնորհիվ, որը 1955 թվականին Boeing Stearman 75 Cadet ինքնաթիռով հրդեշիջման աշխատանքներ էր կատարում Կալիֆոռնիա նահանգի Մենդոչինո ազգային անտառում։ Հաջորդ տարի նա ընկերների հետ ստեղծեց յոթ թեթեւ միաշարժիչ ինքնաթիռից բաղկացած ռազմաօդային նավատորմ։ 1958-1959 թվականներին զարկ տրվեց ավելի ծանր, մի քանի շարժիչ ունեցող F7F, РВY-6А, РВ4Y-2, B-17 եւ այլ մոդելների արտադրությանը, իսկ 1960-ականներից որպես հրդեհաշիջման միջոց սկսեց կիրառվել ջրի եւ քիմիական  հավելումների խառնուրդը։ Ի տարբերություն ուղղաթիռների՝ ինքնաթիռներն ի սկզբանե նախագծվում էին հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների համար եւ կարող էին օդ բարձրանալ թե ցամաքից, թե ջրի վրայից: Առաջինը 1967 թվականի արտադրության կանադական CL-215 էր։ Հրշեջ ուղղաթիռների «հայրենիքն» էլ Կանադան է։ 1946 թվականին Hiller 360 մոդելի ուղղաթիռը կրակի օջախների վրա ջրով լի մոմապատ թղթե տոպրակներ էր նետում, սակայն այս մեթոդը ծախսատար էր եւ ոչ արդյունավետ։

Հրշեջ ինքնաթիռների ուսումնասիրության եւ փորձարկման գործում մեծ է օդաչու Ռուբեն Եսայանի դերը: 2001-2004 թվականներին նա աշխատում էր Տագանրոգի Գ. Բերիեւի անվան ավիացիոն գիտատեխնիկական համալիրում ստեղծված ԲԵ-200 ինքնաթիռի վրա, որը փորձարկվել է նաեւ Հայաստանում: Սահելով Սեւանա լճի մակերեսով՝ օդանավը կարողացել էր 14 վայրկյանում հավաքել 12 տոննա ջուր, ինչը օդագնացության կարեւոր ձեռքբերումներից է:

Ներկայումս ամբողջ աշխարհում հրշեջ ինքնաթիռների մոտ 50 մոդել կա,  դրանց մեծ մասը միջին դասի է՝ 3-15 տոննա ջրատարողությամբ։ Որպես կանոն՝ բարդ ռելիեֆ ունեցող տարածքներում ավելի թիրախավորված հրդեհաշիջում կատարելու համար նպատակահարմար են թեթեւ՝ 3 տոննայից պակաս բեռնատարողություն ունեցող ավիատանկերները, սակայն վերջիններս հաճախ վերալիցքավորման կարիք ունեն:

1955 թվակային Խորհրդային միությունում շահագործման հանձնվեց Ми-4Л ուղղաթիռի մոդիֆիկացված տարբերակը։ Այս տեխնիկան ուներ 500 լիտր ընդհանուր տարողությամբ երկու բաք եւ հորիզոնական ամրացումով փողակ։ 1967 թվականին ստեղծվեց 12 տոննա ջրատարողությամբ Ми-6ПЖ մոդելը՝ կենտրոնական դրենաժային խողովակով, առանձին փրփրաստեղծման բաքով եւ փրկարարական գույք-սարքավորումներով։ Սակայն թե՛ Խորհրդային միությունում, թե ԱՄՆ-ում հորիզոնական ամրացմամբ փողակով  ուղղաթիռների արդյունավետությունը փոքր էր, քանի որ ցածր բարձրությունից ջրի արտանետումը հանգեցնում էր կրակի եւ օդում այրունակ նյութերի տարածմանը:

Ինքնաթիռների համեմատ ուղղաթիռները մեկ կարեւոր առավելություն ունեն․ բաքերի եւ հրդեհային սարքավորումների տեղադրումը համեմատաբար քիչ ժամանակ է պահանջում։ Ներկայումս ամբողջ աշխարհում կիրառվում են 1-5 տոննա ջրատարողությամբ ուղղաթիռներ, որոնք տեղավորում են նաեւ 30  հրշեջի համար նախատեսված գույք-սարքավորումներ: Տարածված են հատկապես ամերիկյան Boeing 234 մոդելն ու դրա ռազմական տարբերակը՝  CH-47 и Sikorsky S64 (CH-54).

Գոյություն ունի նաեւ 15 տոննա տարողությամբ երկ եւ եռաշարժիչ Ми-26 գերծանր ուղղաթիռը, որը չափազանց ծախսատար է։

Մասնագետների պնդմամբ, ավիացիոն տեխնիկան անտառային հրդեհների դեպքում առաջնահերթություն է, այդուհանդերձ կարիք կա գիտական ուսումնասիրության՝ ինչպես քիչ ֆինանսական միջոցներով ստանալ առավելագույն արդյունք:

Հրշեջ ծառայությունում օդագնացության արդյունավետ կիրառության ժամանակակից գիտական մոտեցումների մասին՝ հաջորդիվ։

 

Պատրաստեց Անի ԱՆՏՈՆՅԱՆԸ