Գլխավոր Նորություններ ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆ-ՎՐԱՍՏԱՆ

842
Տարածել

Արտակարգ համագործակցություն ծրագրավորված ուղղություններով

Արտակարգ իրավիճակների և ճգնաժամային կառավարման ոլորտում Հայաստանն ու Վրաստանը համագործակցում են ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ միջազգային տարբեր ծրագրերի շրջանակներում: Վերջին վեց ամսում համագործակցությունը խորացնելու բազմաթիվ  քայլեր են արվել:

 

Այցեր

Հունիսին Վրաստան էր այցելել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը և Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի հետ քննարկել համագործակցության ուղղությունները, օգոստոսին Հայաստանի ԱԻ նախարարությունն ու ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայ-վրացական սահմանի Գոգավան անցակետում անցկացրեցին «Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարում» ուսումնական վարժանքը, որին հետևում էին նաև Վրաստանի ներկայացուցիչները, հոկտեմբերի 11-13-ը Երևանում անցկացված «Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային համաժողովի օրերին Դավիթ Տոնոյանը Վրաստանի սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Թեա Գոդոլաձեի հետ քննարկեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության աջակցությամբ իրականացվող տարածաշրջանում սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրով սեյսմիկ կայանների տարածաշրջանային ցանց ստեղծելու հարցը, անցած շաբաթ Վրաստանում էին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանն ու տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյանը: Վրացի գործընկերների հետ քննարկել են համագործակցության ուղղությունները:

 

Կապ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պայմանավորվել են առավել արդյունավետ համագործակցության համար ուղիղ տեսակապ հաստատել Հայաստանի ԱԻ և Վրաստանի ՆԳ նախարարների, Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի, երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև: Ուղիղ կապ կունենան նաև Հայաստանի՝ Վրաստանին սահմանակից մարզերի՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, փրկարար ծառայության ստորաբաժանումներն իրենց հարևան վրացական շրջանների փրկարարների հետ:

 

Ճանապարհներ

ՀՀ արտակարգ  իրավիճակների նախարարության ներկայացուցիչները վրացի գործընկերներին առաջարկել են տեսահսկման համակարգեր տեղադրել վրաց-ռուսական սահմանի Վերին Լարս անցակետում և վրացական Փոթի նավահանգստում: Հայաստանից Ռուսաստան ավտոմոբիլային հոսքն անցնում է Վերին Լարսով, իսկ ծով չունեցող Հայաստանը շատ է օգտվում Փոթի նավահանգստից: Տեսահսկման համակարգը հնարավորություն կտա իրական ժամանակում տեսնել վիճակը և տեղեկացնել քաղաքացիներին, ասենք, Փոթիում փոթորիկ է, բեռնատար նավը չի կարող մոտենալ ափին, կամ Լարսում մեքենաների խցանում է՝ հետաձգեք այցը:

 

INSARAG

Ամռանը Հայաստանն ու Վրաստանը նույն պատուհասի զոհը դարձան՝ այրվում էին անտառները: Մեր փրկարարներն արձագանքեցին Վրաստանի խնդրանքին և Վրաստան մեկնեց հայ փրկարարների 57 հոգանոց մի խումբ՝ ավելի քան մեկ տասնյակ մեքենայով: Մեր փրկարարների աշխատանքով տպավորվել էին բոլորը, և Վրաստանի նախագահն ու վարչապետը մերոնց թե շնորհակալություն հայտնեցին, թե պարգևատրեցին: Վրացիները գիտեն, որ 2015-ին հայկական մեկ թիմ անցել է ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորումը: Անցած երկու տարում Հայաստանը ևս չորս նման թիմ է ձևավորել, որոնք առայժմ ազգային որակավորում են անցել: Այս թիմերը փրկարարական ունակություններով չեն զիջում արտաքին որակավորում անցած թիմին, տարբերությունը օտար լեզուների իմացության մակարդակն է: Վրացիները մտադիր են Հայաստանի նման դառնալ փրկարարական միջազգային ընտանիքի անդամ՝ ձևավորել INSARAG-ի չափանիշներին համապատասխանող թիմ: Հայաստանի փրկարարները վրացի գործընկերներին տեղեկացրել են, որ սիրով կաջակցեն թիմերի ձևավորմանը: Մերոնք պատրաստ են, մնաց՝ Վրաստանը որոշի:

 

ՔԿՃՄ

Եվրամիության «Քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ/CBRN) գերազանցությունների կենտրոնի» հովանավորությամբ 9 երկրում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Սերբիա, Մակեդոնիա, Բոսնիա-Հերցոգովինա, Խորվաթիա) իրականացվում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր ստեղծելու ծրագիր: Նշված երկրներում ստեղծվում են քիմիական, կենսաբանական, ճառագայթային արձագանքման խմբեր, որոնք աշխատելու են սահմանային անցակետերում: Ամեն երկրից վերապատրաստվում է մասնագետների մի խումբ, որն իր երկրում զբաղվելու է տեղացիների վերապատրաստմամբ: Հայաստանից վերապատրաստվել է 9 մասնագետ, որից 6-ը՝ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Ծրագրով նախատեսված են նաև ազգային շտաբային և դաշտային վարժանքներ:  Հայաստանն արդեն անցկացրել է նման վարժանքներ: Նաև համատեղ (Հայաստան-Վրաստան, Ուկրաինա-Մոլդովա և այլն) դաշտային վարժանքներ են նախատեսված: Քիմիական, կենսաբանական, ճառագայթային ռիսկերը պետական սահման չեն ճանաչում, և նման աղետի ժամանակ հարևան երկրները պիտի օգնեն իրար: Հոկտեմբերի 25-ին Վրաստանում անցկացվել է հայ-վրացական շտաբային վարժանք, որին մասնակցել է Հայաստանի 3 ներկայացուցիչ. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արտավազդ Դավթյան, փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության քիմիական, ճառագայթային, կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ Վալերի Բագիյան և նույն վարչության տեխնածին վթարների բաժնի պետ Կարապետ Կարապետյան: Նոյեմբերի 8-ին և 9-ին Հայաստանում կանցկացվի հայ-վրացական դաշտային վարժանք, որին կմասնակցի հայ 20 փրկարար, վրացի 6 փրկարար, 3 դիտորդ: Շտաբային վարժանքի նպատակն է ձևավորել երկրների ճգնաժամային կառավարման կենտրոնների արդյունավետ համագործակցություն, իսկ դաշտային վարժանքում արդեն գործնական վարժություններ են:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ