Գլխավոր Նորություններ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԱՇԱՆ ՈՒ ԴԱՇԱՆ

ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՄԱՇԱՆ ՈՒ ԴԱՇԱՆ

736
Տարածել

Կենդանիների փրկության հատուկ գործողություն

Բրիտանական The Daily mail պարբերականը օրեր առաջ անդրադարձել էր Հայաստանի ռեստորաններից մեկում պահվող Մաշա և Դաշա մականուններով արջերի խնդրին: Պարբերականը նշել էր, որ Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանում արջերը պահվում են սովատանջ վիճակում՝ սպասումով, թե առատ սեղաններից իրենց ինչ-որ բան կհասնի: «Արջերն ապրում են իրենց կյանքով՝ փոքրիկ, կիսով չափ ջրի մեջ ընկղմված վանդակներում»,- գրել էր The Daily mail-ը: Եվ ահա ուրախալի լուր: Նույն պարբերականն իր ընթերցողներին տեղեկացնում է՝ 10 տարի ժանգոտած վանդակներում պահվող, հյուծված Մաշան և Դաշան ազատ են արձակվել:

The Daily mail-ը նշում է, որ Մաշայի և Դաշայի ռեստորանային գերությունից ազատագրմանը նպաստել են, պարբերականի խոսքով, մասնագետները՝ ՀՀ ԱԻՆ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատայիններն ու Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցները: Լուսանկարներում՝ Վահե Տեր-Վարդանյանն ու Սևակ Կարապետյանն են՝ հատուկ ջոկատայինները, նրանք են սղոցում-կտրում ժանգոտ վանդակաճաղերը, տանջահար արջերին տեղափոխում ազատ պայմաններով նոր կյանք, որտեղ նրանք այլևս չեն ապրի ռեստորանի հարբած այցելուների ողորմությամբ: Երևանի կենդանաբանական այգում աշխատող ֆիննուհի անասնաբույժ Ռոսա Յոլման հատուկ հեռահար սրսկիչով քնեցնում է արջերին:

Կենդանիների փրկության գործում մեծ դերակատարում է ունեցել նաև Կենդանիների փրկության միջազգային բարեգործական հիմնադրամը, որն այժմ հատուկ ծրագիր (The Great Bear Rescue) է սկսում՝ մտադրություն ունենալով փրկել Հայաստանում զվարճանքի վայրերում տառապող գազաններին: Մաշայի և Դաշայի փրկության գործողությունն իրականացվեց հոկտեմբերի 31-ին, ժամը 11-14-ի սահմաններում: Ցավոք, մեր երկրում նման պայմաններում ապրող գազաններ դեռ կան, որոնք սպասում են փրկության իրենց ժամին:

Հ.Գ. Կենդանիների փրկության հատուկ գործողություններ մեր երկրում առաջին անգամ չէ, որ իրականացվում են: 2016-ի մարտին Գյումրիի փոքր կենդանաբանական այգու երկու արջերին տեղափոխեցին Երևանի կենդանաբանական այգի:  Մայիսին Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգուց ազատագրվեցին երեք առյուծներ:

Լուսանկարները՝ The Daily mail-ի