Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերն ու (UNDP) եւ Աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակը (UNDRR) համագործակցության պայմանագիր են ստորագրել՝ Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թթ գործողությունների ծրագրի եւ Աղետների ռիսկերի նվազեցման ՄԱԿ-ի 2016-2021 թթ ծրագրի իրականացմանը նպաստելու նպատակով:
Ըստ կողմերի, այս գործընկերությունը նոր հնարավորություն է երկրների՝ ազգային մակարդակներում ԱՌՆ ոլորտում գործողությունների պլանավորմանը եւ որոշումների կայացմանը ինտեգրվելու, պետությունների եւ միջազգային կառույցների անելիքները, յուրաքանչյուր կազմակերպության մանդատի շրջանակը, իրար փոխլրացնելու մեխանիզմները ավելի հստակ պատկերացնելու համար:
Ըստ Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի ղեկավար Աչիմ Շտայերի, ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներում ավելի դիմացկուն ենթակառուցվածքներ ունենալու համար արված յուրաքանչյուր մեկ դոլար ներդրումը 4 դոլարի օգուտ է բերում: Շտայերը վստահ է, որ UNDP-UNDRR համագործակցության սերտացումը թույլ կտա ավելի մեծ աջակցություն ցուցաբերել աղետների ռիսկի նվազեցման ոլորտում:
Միավորված ազգերի կազմակերպության Աղետների ռիսկերի նվազեցման գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ԱՌՆ հարցերով հատուկ ներկայացուցիչ Մամի Միզութորին հայտարարել է, որ ոչինչ այդպես չի խոչընդոտում կայուն զարգացմանը, ինչպես աղետը: Ըստ նրա, նոր գործիքը հնարավոր կդարձնի ԱՌՆ ոլորտում համակարգված, միասնական եւ ներդաշնակ գործողությունների իրականացումը՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» նպատակներին հասնելու համար: «Կայուն զարգացում 2030» օրակարգն ընդունվել է 2000 թվականին, Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագիրը՝ 2015 թվականին: Աղետների ռիսկի նվազեցումը եւ կայուն զարգացումը փոխկապակցված են: Կայուն զարգացման օրակարգի 17 նպատակից 8-ը ներառված են Սենդայի ծրագրում:
UNDP-UNDRR համագործակցությունը երեք ուղղություն ունի. աջակցել երկրներին Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի իրականացման զեկույցներ կազմելու հարցում, նպաստել, որ երկրները ազգային մակարդակում ընդունեն աղետների ռիսկի նվազեցման ռազմավարություններ, երկրներին ցուցաբերել տեխնիկական աջակցություն ռիսկերի մասին տեղեկանալու եւ կայուն զարգացում ապահովելու նպատակով:
Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ