Գլխավոր Վերլուծություն Հայաստանի 9 քաղաքում մոդելավորվել է սեյսմիկ ռիսկը

Հայաստանի 9 քաղաքում մոդելավորվել է սեյսմիկ ռիսկը

2335
Տարածել

Դեռեւս 2010 թվականին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակը սկսեց մեր հանրապետությունում քաղաքների սեյսմիկ ռիսկի մոդեռլավորումը՝ Իտալիայում մշակված «Global earthquake model» ծրագրով, «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)» գործիքի կիրառմամբ: Այս մոդելավորումը քաղաքներում հնարավոր երկրաշարժի սցենար է. երկրաշարժի դեպքում ինչ կլինի՝ փլուզումներ, ենթակառուցվածքների վնասներ, մարդկային զոհեր եւ այլն: Ծրագիրը յուրահատուկ է նրանով, որ հաշվում է նաեւ սոցիալ-տնտեսական կորուստները: «Global earthquake model» ծրագրով սեյսմիկ ռիսկի մոդելավորման հիմքում դրվում է արդեն եղած մի երկրաշարժ եւ հնարավոր երկրաշարժ:

Հայաստանում ծրագիրը տեղայնացվել է, առաջինը գնահատվել է Գյումրի քաղաքի սեյսմիկ ռիսկը: Փորձնական այս ծրագրից հետո այլ քաղաքների համար ռիսկերի ավելի լայն շրջանակ է ընտրվել. երկրաշարժ եւ դրան հաջորդած՝ երկրորդային այլ վտանգներ՝ սողանքներ, ջրամբարներ եւ պոչամբարների պատվարների փլուզում: 

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեզման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանի խոսքով, ծրագիրն արդեն ավարտվել է Գյումրի, Կապան, Գորիս, Սիսիան, Ստեփանավան, Դիլիջան քաղաքներում, շարունակվում է Ամասիա, Բերդ, Թումանյան քաղաքներում: Հնարավորության դեպքում «Global earthquake model» ծրագրով հաջորդը կմոդելավորվի Վանաձոր եւ Ալավերդի համայնքների սեյսմիկ ռիսկը:

«Global earthquake model» ծրագրով սեյսմիկ ռիսկի մոդելավորումը բազմաշերտ տեղեկություն է տալիս, համայնքային դիմակայուն եւ գրագետ զարգացման գործիք է, բացահայտում է բնակավայրի թույլ եւ ուժեղ կետերը: Երկրաշարժից հետո հարկ է միայն ծրագիր մուտք անել երկրաշարժի ուժգնության մասին տվյալներն ու ծրագիրը 85 տոկոս ճշտությամբ ներկայացնում է պատկերը՝ փլուզումներ, զոհեր եւ այլն: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս արձագանքման համար բավականին ժամանակ շահել: 

«Մենք ուզում ենք, որ այս մոդելավորումը դառնա համայնքների հատակագծերի ու զարգացման պլանների մաս: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ քննարկում ենք «Global earthquake model»-ը դինամիկ զարգացման ձեւաչափ դարձնելու հարցը: Ամեն ինչ անում ենք, որ ռիսկերի մոդելավորումն ու ազդարարման համակարգերը դառնան առաջնային խնդիր»,- ամփոփեց Արմեն Չիլինգարյանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ