Գլխավոր Վերլուծություն «Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ԱԹՍ-ների փորձարկումներ

«Ռեսպոնդրոն» ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն ԱԹՍ-ների փորձարկումներ

2548
Տարածել

Դեկտեմբերի 10-12-ը Փարիզում անցկացվել է «Ռեսպոնդրոն» կոնսորցիումի տարեկան ընդահուր ժողովը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի ներկայացուցիչները՝ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյան, փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ, Տիգրան Պետրոսյան:

Ըստ մեր պատվիրակների, հավաքին մասնակցել է յոթ երկիր՝ Հայաստան, Ֆրանսիա, Լատվիա, Բուլղարիա, Իսպանիա, Հունաստան, Իսրայել: Երկրները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքները: Որոշվել է 2020 թվականի ամռանը անցկացնել «Ռեսպոնդրոնի» ընթացիկ աշխատանքների ամփոփիչ հավաք, իսկ աշնանը՝ Ֆրանսիայի Կորսիկա կղզում, տարբեր աղետների դեպքում անօդաչու թռչող սարքերի օգտագործման, կիրառման փորձարկումներ: Ընտրվել է երկու սցենար՝ անտառային հրդեհներ եւ ջրհեղեղ: Հայաստանը կառաջարկի երկրաշարժի սցենարը եւս ներառել այդ ծրագրում:

Փարիզում քննարկվել է ծրագրի շրջանակներում երկրների համար անօդաչու թռչող սարքավորումներ գնելու հարցը: Երկրներն իրենց՝ ազգային մակարդակում կուսումնասիրեն հարցը եւ առաջարկ կներկայացնեն «Ռեսպոնդրոն» կոնսորցիումին:

Տեղեկանք

2019 թվականի մայիսի 20-22-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Աղետների արձագանքման բազմակի համաժամանակեցված առաքելություններով անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմի կառավարման նորարարական ինտեգրված լուծում» միջազգային համաժողովին մասնակցում էր 12 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Մասնակից երկրները ձեւավորեցին «Ռեսպոնդրոն» կոնսորցիում (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից) եւ 15 աշխատանքային խումբ: Հայաստանը ներկայացված է դրանցից 12-ում: Եվրոպական միությունն ու Հարավային Կորեայի կառավարությունը «Ռեսպոնդրոնին» 8,3 միլիոն եվրո դրամաշնորհ են տրամադրել: Ծրագրի նպատակն է նորարարական նախաձեռնություններ մշակել, որոնք կարագացնեն եւ առավել արդյունավետ կդարձնեն աղետներին արձագանքումը եւ որոշումների կայացումը, աղետներին արձագանքման մեջ անօդաչու թռչող սարքերի կիրառումը:

Ծրագրի ընթացքում մշակվելու է իրադրության գնահատման, տեղեկատվության փոխանակման, որոշումների կայացման եւ գործողությունների կառավարման համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի նորարարական համակարգ։ Այն առցանց եղանակով հավաստի տեղեկատվություն է տրամադրելու կառավարման կենտրոնին, իսկ բջջային կապի խափանման դեպքում կարող է ծառայել հաղորդակցության օդային ցանց՝ ապահովելով կապ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ տեղում գործող առաջին արձագանքողների միջեւ։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ