Գլխավոր Վերլուծություն «ԶԳՕՆ’». Նոր նախագիծ, որին կաջակցի նաեւ ՃԿՊԱ-ն

«ԶԳՕՆ’». Նոր նախագիծ, որին կաջակցի նաեւ ՃԿՊԱ-ն

572
Տարածել

Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան սկսել է նոր համագործակցություն «ԶԳՕՆ’» նախագծի հետ։

«ԶԳՕՆ’»-ը զգաստության եւ աչալրջության կոչ է, քաղաքացիական պաշտպանության մշակույթը տարածելու փորձ։ «Մենք հաճախ խոսում ենք պետականամետությունից եւ չենք հասկանում դրա իմաստը։ Ես՝ որպես քաղաքացի, դա համարում եմ համակարգ ստեղծելն ու պաշտպանելը։ «ԶԳՕՆ’»-ը հրահանգ է, թրեյնինգ, թե ինչ պետք է անի ցանկացած մարդ արտակարգ իրավիճակում»,- նշում է նախագծի համահիմնադիր, մարքետինգի, պրոդյուսինգի եւ դիզայնի մասնագետ Գայանէ Մանուկյանը։

Ընկերությունը 2 ամիս առաջ հիմնել են կոմպոզիտոր, փաստաբան Հռիփսիմէ Հարությունյանի հետ, Հայաստանում եւ արտերկրում անցել վերապատրաստում։

Թիմը դեռ փոքր է, նրանց աջակցում է նաեւ «9ԶԷն մեդիա միավորում» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կրթական ծրագրերով տեղեկատվական անվտանգության եւ մեդիայի ոլորտներում։ Սյունիքի, Տավուշի եւ Արմավիրի տարբեր կրթական եւ ձեռնարկատիրական կազմակերպություններում «9ԶԷն»-ն իրականացնում է դասընթացներ «Պատրաստ եմ» ուղեցույցով։ Ուղեցույցն օգնում է ծանոթանալ տարբեր արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ գործելու կանոններին։ Թրեյնինգի կարեւոր բաղադրիչ է տագնապի պայուսակը, որն օգնում են պատրաստել մասնագետները։

«ԶԳՕՆ’»-ը շուտով կազդարարի նոր կայքի, տագնապի պայուսակների եւ դեղատուփերի վաճառքի մեկնարկի մասին։

Գայանէ Մանուկյանի խոսքով՝ եթե պաշտպանության նախարարության դաշտային դեղատուփերը քիչ բաղադրիչներ են պարունակում, բայց մեծ քանակությամբ, իրենք առաջարկում են դեղերի եւ բժշկական միջոցների լայն տեսականի՝ նախատեսված մեկ ընտանիքի համար։ Դա կօգնի ապահովել մեկ ընտանիքի կենսագործունեությունը 24 ժամվա ընթացքում։ Դեղատուփը ջրակայուն է, ծալովի ձեւաչափը թույլ է տալիս հեշտությամբ գտնել անհրաժեշտ դեղամիջոցը։ Դեղատուփի առանձնահատկությունը հակառադիացիոն փաթեթն է, որն առաջին անգամ է արտադրվում Հայաստանում։ Այն պարունակում է կալիումի յոդիդի 125 մգ տարողությամբ 4 պատիճ, 2 տարրա թորած ջուր՝ նախատեսված երկու մեծահասակի եւ 4 երեխայի համար։ Կալիումի յոդիդը կկանխարգելի վահանաձեւ գեղձի ախտահարումը, մինչեւ տուժածները ռադիացիոն գոտուց կտեղափոխվեն անվտանգ վայր։

Հումքը բերվելու է դրսից, առաջին արտադրությունը՝ 125 մգ տարողությամբ 10 հազար  պատիճ, կլինի շուտով։ Մի մասը կտրամադրվի Հայաստանի ատոմակայանից 50 կմ շառավղի տարածքում գտնվող համայնքներին։

«ԶԳՕՆ’»-ն աշխատելու է հիմնականում համայնքների եւ տարբեր կազմակերպությունների հետ։ Ուշադրության կենտրոնում են ուսումնական հաստատությունները։ «Մենք աշխատանքի վայրում եւ ուսումնական հաստատություններում ավելի շատ ժամանակ ենք անցկացնում, քան տանը։ Մեր առաջիկա նպատակն է, որ ամեն աշակերտ ունենա իր անվանական տագնապի պայուսակը, որը կախված կլինի հասանելի վայրում։ Թուրքիայի երկրաշարժը ցույց տվեց, որ փլատակներում մնացած մարդկանց 30 տոկոսը փրկվել է տագնապի պայուսակի շնորհիվ»,- մանրամասնում է Գայանէն։

«ԶԳՕՆ’» նախագծի երկրորդ բաղադրիչն ապաստարանների կահավորումն է։ Մասնագետը նկատում է ՝ այսօր մեծ քանակով բազմահարկ շենքեր են կառուցվում, որոնց նախագծով ապաստարան նախատեսված չէ։ Սովորաբար նկուղը ավտոկայատեղի է, որը կարող է միայն կարճ ժամանակով պարզագույն թաքստոց ծառայել։ Մեծ խնդիր է, որ մարդիկ չեն հասկանում պարզագույն թաքստոցի, պատսպարանի ու ապաստարանի տարբերությունը։ Ճիշտ է՝ այս հարցով  միասնական պետական մոտեցում չկա, ինչպես առաջատար երկրներում է, բայց շինարարական կազմակերպությունների հետ երկխոսել այդուհանդերձ պետք է․ «Առհասարակ մեր՝ հայերիս խնդիրը չհամագործակցելն է, որովհետեւ գործում ենք մենակ, չենք գտնում համախոհներ, որ արագ արդյունք ստանանք։ Ես՝ որպես մայր, ուզում եմ խնայել իմ երեխայի ժամանակը, որ նա ստիպված չլինի զրոյից սկսել այն, ինչ հիմա ենք անում։ Ուզում եմ տարիներ հետո նա ունենա եւ՛ անվտանգության մշակույթ, եւ՛ տարբեր իրավիճակներում գործելու վարքագիծ»։

ՃԿՊԱ-ի հետ «ԶԳՕՆ’»-ի համագործակցությունը կրթական ոլորտում է լինելու։ Ակադեմիայի դասախոսները վերապատրաստելու են «ԶԳՕՆ’» հրահանգիչներին, որոնք տարբեր կազմակերպություններում արտակարգ իրավիճակների մասին ուսուցում են իրականացնելու։ Նախատեսվում է գրականության եւ փորձի փոխանակում։

Մանրամասներին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գայանէ Մանուկյանը