Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Վնասազերծվել է ավելի քան 200 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

Վնասազերծվել է ավելի քան 200 միավոր զինամթերք. Արցախի փրկարարներն ամփոփում են շաբաթը

141
Տարածել

Օգոստոսի 22-29-ը ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 1932 զանգ, որից 1812-ը ճանաչողական բնույթի:

Նախորդ շաբաթվա համեմատ կտրուկ աճել է հրդեհների քանակը, որը պայմանավորված է երկու գործոնով՝ ջերմաստիճանի բարձրացում եւ քաղաքացիների անուշադրություն: Շաբաթվա ընթացքում հրդեհի 58 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են մարման աշխատանքներ, նվազագույնի հացրել նյութական եւ գույքային կորուստները:

Շաբաթվա արտակարգ դեպքը գրանցվել է օգոստոսի 25-ին՝ Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 20 հասցեում, որտեղ տեղակայված են տարբեր արտադրական ընկերություններ, այդ թվում՝ թթվածնային սարքավորումների արտադրամաս: Առաջացած հրդեհին հաջորդել են պայթյուններ, ինչը մայրաքաղաքում արտակարգ իրավիճակ է ստեղծել: ՆԳՆ ծառայողների շնորհիվ հնարավոր է եղել կանխել վտանգը:

Կենցաղային բնույթի 11 կանչ է ստացվել: Այդ թվում 9 դեպքում փրկարարները բացել են փակված դուռը, մեկ դեպքում քաղաքացուն ազատել խափանված վերելակից: Փրկարարների օգնությամբ առողջական խնդիր ունեցող 2 քաղաքացի տեղափոխվել է բժշկական հաստատություններ:

Սակրավորական խմբերը շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման եւ վնասազերծման ուղղությամբ:

Յոթ օրվա ընթացքում մայրաքաղաքի հարակից տարածքներից եւ շրջաններից հայտնաբերվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 218 ռազմամթերք:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայություն