Գլխավոր Վերլուծություն Երկրաշարժը՝ հայ գեղանկարչության մեջ

Երկրաշարժը՝ հայ գեղանկարչության մեջ

731
Տարածել

Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում բազմաթիվ են բնական աղետներին եւ դրանց հետեւանքներին նվիրված աշխատանքները։ Սա ոչ միայն գեղագիտական կրթության, այլեւ հանրային իրազեկման միջոց է, թե ինչ արհավիրքներ կարող են լինել, եւ թե որքան անզոր է մարդը բնության դեմ։

Պատկերասրահի հայկական գեղանկարչության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստաբան Զառա Դիլանյանի հետ զրուցել ենք երկրաշարժին նվիրված կտավներից։

«Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցած տարերային աղետները դարեր շարունակ ավերիչ հետեւանքներ են թողել՝ մարդկային զոհեր, նյութական արժեքների կորուստ, շրջակա միջավայրի խախտում։ Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժերին անդրադարձել են ինչպես հայ, այնպես էլ օտար պատմիչներն ու աշխարհագիրները։ Նույնիսկ մի շարք տեղանունների ծագումնաբանությունը կապված է երկրաշարժի հետ, օրինակ, պատմական Հայաստանի գավառներից մեկը կոչվել է Պատիժահար, որտեղ պարբերաբար տեղի են ունեցել ցնցումներ»,- նշում է մասնագետը։

Երկրաշարժի թեման հուզել է մշակույթի տարբեր գործիչների, այդ թվում՝ հայ կերպարվեստագետներին։ Զառա Դիլանյանի խոսքով՝ քանի որ 20-րդ դարի սկզբում լուսանկարչությունը Հայաստանում բավականաչափ զարգացած չէր, հայ նկարիչների կտավները եզակի պատմական վավերագրություն են, ինչի շնորհիվ մենք տվյալ աղետի ամբողջական պատկերն ենք ունենում։

Գեղանկարիչ եւ գրաֆիկ Հակոբ Կոջոյանը քանիցս անդրադարձել է Լենինականում (ներկայիս՝ Գյումրի) 1926 թվականի հոկտեմբերի 22-ի ավերիչ երկրաշարժին, որը հաշված վայրկյանների ընթացքում հազարավոր շինությունների փլուզման եւ հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դարձավ։ Դրանից հետո ցնցումները շարունակվեցին գրեթե ամբողջ տարին։

Կոջոյանի «Երկրաշարժից հետո․ Լենինական» (1927 թ․) աշխատանքը հուզական- հոգեբանական կտավ է։ Նկարիչը պատկերել է ավերված քաղաքը, գլխիկոր այս ու այն կողմ շտապող մտամոլոր բնակիչներին, բահերով օգնության հասնող զինվորականների խումբը, հրդեհված ու կիսաքանդ տները, օդում կանգնած գորշ փոշին եւ սեւ ամպերով միգամած երկինքը։ Այս պատկերին կարելի է հակադրել նկարչի մեկ այլ՝ գրաֆիկական աշխատանքը, որում վերակառուցման տեսարանն է, շինարարական աշխատանքներ, սպասումով ու հույսով լի կանանց կերպարներ։ Կտավն օժտված է լավատեսությամբ եւ շեշտում է հայ ժողովրդի՝ մոխրից վեր հառնելու գաղափարը։

1926 թվականի երկրաշարժի թեմայով 3 կտավ ունի գեղանկարիչ, բնանկարիչ Սեդրակ Առաքելյանը։ Նրա «Լենինականը ձմռանը» (1927 թ․), «Լենինականը երկրաշարժից հետո» (1927 թ․), «Տներ․ Լենինական» (1927 թ․) աշխատանքներն առանձնանում են հեղինակին բնորոշ հարուստ ու թանձր գունաշարով, ինչը լավագույնս փոխանցում է երկրաշարժի ավերածությունների ողջ դրամատուրգիան։

Բազմաթիվ են գեղանկարները 1988 թվականի երկրաշարժի վերաբերյալ։ Այս արհավիրքը տեղ է գտել հատկապես այն հայ նկարիչների գործերում, որոնք սերում են ավերված բնակավայրերից։

Արվեստաբանն առանձնացնում է ծնունդով Գյումրիից երկու հեղինակի՝ Կարապետ Գեոկչակյանին եւ Վլադիմիր Մարգարյանին՝ Վալմարին։

Գեոկչակյանի «Երկրաշարժ» (1989 թ․) կտավում ողջ ազգի ցավը շեշտված է մի տարեց կնոջ աչքերում։ Ավերված տներ, կորցրած հույս եւ այս ամենի ֆոնին՝ փլատակից դուրս ցցված ծաղիկներ, որոնք վերակառուցման, ոտքի կանգնելու ուժ են խորհրդանշում։

Վալմարը երկրաշարժին նվիրված ամբողջ շարք ունի, որից պատկերասրահի պահոցներում պահպանվում է «Արհավիրք»-ը (1989 թ․): «Երկրաշարժը մեծ ազդեցություն է ունեցել գյումրեցի նկարչի կյանքում։ «Արհավիրք» կտավում գորշ ու մռայլ երկնքի տակ կարծես իրար փարված ու դեսուդեն ճոճվող կիսաքանդ շինություններ են։ Ամեն ինչ տապալված է, ոչնչացված, բայց միեւնույն ժամանակ դիտողը շարժում է տեսնում։ Վալմարն իր աշխատանքները սկսում է ռեալիստական մոտեցմամբ, ապա վերջացնում աբստրակցիայով։ Բոլոր պատկերները վերջում «լղոզվում են», ինչի միջոցով հեղինակն արտահայտում է իր զգացմունքները, փակում թեման ու անցնում հաջորդին»,- մանրամասնում է Զառա Դիլանյանը։

Սփյուռքահայ նկարիչներից իր ձեռագրով առանձնանում է թիֆլիսահայ Գեւորգ Գրիգորյանը՝ Ջոտտոն։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուին պատկանող եւ Ջոտտոյի թանգարանում ցուցադրվող «Երկրաշարժ» խորագրով իր երկու աշխատանքները նկարիչը վրձնել է Թիֆլիսում ապրելու տարիներին: Մեր զրուցակցի խոսքով՝ առաջին հայացքից նկարներին նայելիս կարծես տարակուսանք է առաջանում, թե ինչ ընդհանրություն կա կերպարների եւ բնական աղետի միջև․ «Ջոտտոյի աշխատանքները իրականի եւ երեւակայականի պատրանք են ստեղծում: Նրա ստեղծագործության հիմքում մարդու բարոյահոգեբանական ապրումներն են: 1942 թ․ «Երկրաշարժ» գրաֆիկական աշխատանքում ամբողջովին սպիտակ ու կապույտ գունաշարով հստակ ուրվածգված մերկ կանանց կերպարներ են, որոնք բնորոշում են ինքնամաքրման եւ վերածնման գաղափարը, իսկ 1960 թ․ համանուն կտավում կապույտ ու սպիտակ երանգներին ավելանում է նաեւ ցայտուն դեղինը. այստեղ այլակերպ ֆիգուրը մեկտեղում է մահվան, վայրագության, տառապանքների ու անօգնական մարդու ցավը, ով խելակորույս փախչում է մահվան ճիրաններից»։

Գեղարվեստում երկրաշարժի թեմայով ուսումնասիրության շրջանակը մեծ է։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուում կարելի է գտնել նաեւ Վասիլի Վարդանյանի, Վահե Պատմագրեանի, Խաչատուր Ժերանյանի եւ այլոց աշխատանքները։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պատկերասրահի կայքէջից
Գլխավոր լուսանկարը տրամադրել է Զառա Դիլանյանը