Գլխավոր Վերլուծություն «Բացահայտիր Ստեփանավանը երկու անիվների վրա». էկոտուրիզմի զարգացման նոր ծրագիր

«Բացահայտիր Ստեփանավանը երկու անիվների վրա». էկոտուրիզմի զարգացման նոր ծրագիր

918
Տարածել

2023 թվականի դեկտեմբերից մեկնարկել է STEPANAVAN-BIKE ծրագիրը՝ Ստեփանավանի «Լոռէ» կամավոր փրկարարական ջոկատ» հասարակական կազմակերպության համակարգմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ֆինանսավորմամբ։

Ծրագիրն իրականացնելու է LORE-BIKETEAM-ը, որի կազմում են «Լոռէ» փրկարար ջոկատը, Ներքին գործերի նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի առաջին օգնության թիմը եւ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնը։ Ամեն մեկն իր հստակ գործառույթն ունի։ «Լոռէ» փրկարար ջոկատի հրամանատար, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ ակադեմիան զբաղվելու է գլոբալ դիրքորոշման համակարգի՝ GPS սարքերով երթուղիների եւ անվտանգության կանոնների մշակմամբ։ Ուսանողներն ակտիվ ներգրավվելու են գործընթացին։

Արդեն ձեռք են բերվել հեծանիվները, հանդերձանքը: Առաջիկայում կվերապատրաստվի անձնակազմը, կմշակվեն «Բացահայտիր Ստեփանավանը երկու անիվների վրա» հեծանվային երթուղիները, կուղենշվեն անտառային հեծանվային արահետներ, կմշակվեն անվտանգության կանոնները։

«Միջազգային փորձը վկայում է, որ լեռների, անտառների եւ պատմամշակութային վայրերի առկայությունը փոքր բնակավայրերի զարգացման համար լավ ներուժ է՝ հատկապես զբոսաշրջության ոլորտի համար: Ստեփանավանն իր բնությամբ, մեղմ ու չափավոր խոնավ կլիմայով, մաքուր ու առողջարար օդով, սառնորակ աղբյուրներով ու անտառներով հայտնի է որպես առողջարանային քաղաք: Հեծանվային երթուղիների գաղափարը հետաքրքիր կդարձնի զբոսաշրջիկների եւ հյուրերի առօրյան։ Հեծանվային տուրիզմը մի շարք առավելություններ ունի. այն թույլ է տալիս արագ տեղափոխվել տարածության մեջ, վայելել նոր բնապատկերներ, այցելել գողտրիկ անկյուններ եւ այլն։ Հետագայում նախատեսում ենք համագործակցել Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ, ներառել գիշերակաց գյուղական բնակավայրերում, ցանկության դեպքում, զբոսաշրջիկները կմասնակցեն գյուղական աշխատանքներին, դեղաբույսերի, սնկի եւ հատապտուղների հավաքմանը»,- մանրամասնեց Արմեն Առաքելյանը։

«Լոռէ» էքստրիմ պարկին կից հիմնվելու է հեծանվային կայանատեղի՝ լեռնային եւ քաղաքային հեծանիվներով, համապատասխան անվտանգության հանդերձանքով: GPS համակարգի շնորհիվ հասանելի կդառնան նաեւ պատմամշակութային վայրերով եւ անտառային արահետներով հեծանվային երթուղիները։ Ավելի հեռու նպատակներից է համայնքապետարանի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ ամենամյա քաղաքային հեծանվային փառատոնի եւ երեխաների համար ակտիվ կենսակերպը խթանող էկոճամբարների կազմակերպումը։

Փորձառու փրկարարը նշեց՝ ծրագրի նորարարությունը նրանում է, որ երթուղիները գծանշվելու եւ վերհսկվելու են GPS համակարգով, երթուղիների անվտանգ սպասարկման եւ մշտադիտարկման նպատակով կիրառվելու են դրոններ։ Դրոնների աշխատանքը վստահված է ՃԿՊԱ եւ ՀԿԽԸ արհեստավարժ մասնագետներին։

Այսպիսով՝ քաղաքի զբոսաշրջային կյանքը կաշխուժանա, կավելանա բնակիչների եկամուտը, կխթանվի առողջ եւ ակտիվ կենսակերպը, կզարգանա հեծանվային զբոսանքի մշակույթը։

Ծրագրի ընթացքին դեռ կանդրադառնանք։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Արմեն Առաքելյանը