Գլխավոր Վերլուծություն Դիմակայունության բարձրացման ծրագրերում համայնքների մասնակցությունը սահմանափակ է. վերլուծություն

Դիմակայունության բարձրացման ծրագրերում համայնքների մասնակցությունը սահմանափակ է. վերլուծություն

130
Տարածել

2020 թվականից Միացյալ ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Հայաստանում իրականացնում է «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագիրը՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Նպատակն է կլիմայի փոփոխության եւ շրջակա միջավայրի հիմնահարցերի վերաբերյալ վերապատրաստել 2470 դպրոցի ուսուցիչների եւ վարչական աշխատակիցների, ամրապնդել ուսումնական ծրագրերը եւ մշակել նոր ուսումնական նյութեր՝ ներգրավելով 12-18 տարեկան 28000 երիտասարդի:

Բաղադրիչներից մեկը «Կլիմայական ռիսկի գնահատումը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագիրն է, որի երկրորդ փուլը մեկնարկել է այս տարվա հուլիսին եւ կավարտվի նոյեմբերին:

Օրերս առաջին փուլի (2022 թ. հուլիս -2023 թ. փետրվար) արդյունքներն ամփոփելու եւ երկրորդ փուլում նախատեսվող աշխատանքները ներկայացնելու համար հանդիպել են շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները ՅՈՒՆԻՍԵՖ-ից, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»՝ ԱՌՆԱՊ հիմնադրամից, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, այլ գերատեսչություններից եւ համայնքներից:

Առաջին փուլով Գորիս, Տեղ, Վայք, Անի, Ստեփանավան, Լոռի Բերդ, Գյուլագարակ եւ Իջեւան խոշորացված համայնքներում կատարվել են կլիմայի ռիսկերի ուսումնասիրություն՝ հիմք ընդունելով կլիմայի բաղադրիչով հարստացված «Տեղական մակարդակում ռիսկի կառավարում» մեթոդաբանությունը եւ Ալավերդի քաղաքում ու Թումանյան համայնքում գործիքակազմի փորձարկման արդունքները:

ԱՌՆԱՊ հիմնադրամի ներկայացուցիչ Վահան Հարությունյանի խոսքով՝ բոլոր համայնքներում պատկերը գրեթե նույնն է. համայնքային մակարդակում կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված քայլերը եւ զարգացման ծրագրերը մշակելիս տեղական ինքնակառավարման մարմինները գրեթե հաշվի չեն առել աղետների հետ կապված ռիսկերը: Պատճառները մի քանիսն են՝ համայնքները գրեթե ծանոթ չեն եղել ԱՌՆ ռազմավարությանը, չեն ունեցել համապատասխան ֆինանսական միջոցներ: «Համայնքների մակարդակով չկան բավարար ռեսուրսներ` հարմարվողականության միջոցառումներ իրականացնելու եւ հանրային առողջապահության բնագավառում խոցելիությունը նվազեցնելու համար։ Դիմակայունության բարձրացման ծրագրերում համայնքների մասնակցությունը սահմանափակ է, դրանք բավարար առաջատար դերակատարում չեն ստանձնում, իսկ իրականացումը շարունակում է կախված մնալ պետական եւ դոնորական աջակցությունից»,- հավելեց Վահան Հարությունյանը:

Լուծումը մեկն է՝ բոլոր շահագրգիռ կողմերի՝ աղետների արձագանքման, հիդրոօդերեւութաբանական, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտների եւ հանրության կրթման, իրազեկման ու տեղեկատվության տարածման պատասխանատու գերատեսչությունների արդյունավետ համագործակցությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ սերտ կապը միջազգային կազմակերպությունների հետ, որոնք տարբեր ոլորտներում զարգացման ծրագրեր ներդնելու առումով պատրաստվածություն եւ աշխատանքային փորձ ունեն:

Ծրագրի երկրորդ փուլով նախատեսվում է եւս 17 համայնքում կլիմայական ռիսկերի գնահատում:

Որպես վերջաբան՝ նշենք, որ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է նաեւ ենթադրամաշնորհային մրցույթ՝ Տավուշի, Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի շահագրգիռ կառույցների համար՝ համայնքապետարաններ, համայնքում գործող հասարակական կազմակերպություններ, համայնքային եւ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ: Նախագծերը կարող են անդրադառնալ հետեւյալ ոլորտներին՝ գյուղատնտեսություն, հանրային առողջություն, ջրային ռեսուրսներ, էներգետիկա, զբոսաշրջություն, էկոհամակարգեր եւ այլն:

Մեկնարկը կտրվի սեպտեմբերի 15-ին։ Յուրաքանչյուր նախագծի կհատկացվի առավելագույնը 3,390,000 դրամ գումար։

Մանրամասներին կանդրադառնանք:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ