Գլխավոր Վերլուծություն Երեւանում փոխարինվել է 200 վերելակ

Երեւանում փոխարինվել է 200 վերելակ

493
Տարածել

Օրերս Երեւանի շենքերից մեկում վերելակի անսարքության պատճառով գրանցված քաղաքացու մահը կրկին ապացուցում է, որ անվտանգության ոլորտը մշտական վերահսկողություն եւ զգոնություն է պահանջում:

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանի խոսքով՝ թեեւ վերելակը գրանցված է եղել Ներքին գործերի նախարարության արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում, սակայն այն 2019 թվականից փորձաքննության չի ենթարկվել: Այնինչ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՝ արտադրական վտանգավոր օբյեկտը պետք է պարտադիր փորձաքննություն անցնի տարին առնվազն մեկ անգամ:

Համատիրությունը համարվում է տվյալ տարածքի վերելակների շահառուն եւ պարտավորվում է պարբերաբար վերացնել թերություններն իր միջոցներով: Լաբորատորիայի պետը հորդորեց պատասխանատուներին պատշաճ կերպով օբյեկտը ներկայացնել տեխնիկական անվտանգության փորձաքննության, ինչպես նաեւ սահմանել մշտական սպասարկում` որակավորում ունեցող մասնագետի օգնությամբ:

Ամփոփելով տարեսկզբից փորձագիտական լաբորատորիայի կատարած աշխատանքը՝ Մարտին Ասլանյանը նշեց, որ օգոստոսի 11-ի դրությամբ՝ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում գրանցված է 8308 շահագործվող վերելակ, որոնցից 3176-ն անցել է փորձաքննություն եւ ստացել դրական եզրակացություն: 27 վերելակի շահագործման համար տրվել է բացասական եզրակացություն: Շահառու կողմերին ներկայացվել է վերջնաժամկետ՝ մինչեւ կրկնակի փորձաքննությունը թերությունները վերացնելու համար:

2019 թվականից Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիր։ Մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանց պիտանելիությունն առավելագույնը 25 տարի է։ Մարտին Ասլանյանի խոսքով՝ ստացվել է վերելակի փոխարինման 500 հայտ, 200-ն օգոստոսի 14-ի դրությամբ արդեն վերազինվել է եւ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից ստացել շահագործման թույլտվություն: Գործընթացը շարունակական է, ինչը կբարելավվի բազմաբնակարան շենքերում անվտանգ տեղաշարժը:

Վերջում մասնագետը կրկին հիշեցրեց ամենաշատ հանդիպող խախտումների մասին, որոնք կարող են խափանել վերելակի աշխատանքը՝ հորանը կեղտաջուր լցնելը, վերելակում թռչկոտելը, առանց մասնագիտական օգնության՝ խափանված վերելակը սարքելը եւ այլն. «Բոլոր կանխարգելիչ միջոցառումները միտված են նրան, որ վերելակի փորձաքննությունը դառնա մեքենայի տեխզննման պես գործընթաց, եւ ամեն քաղաքացի իրեն պատասխանատու զգա շրջապատն անվտանգ դարձնելու հարցում»:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ